nina shahmuradyan

Երբ ես թռչուն էի

Երբ դեռ շատ փոքր էի, մտածում էի, որ բոլոր մարդիկ թռչուններ են եղել, ու երբ իրենց սկսել են վատ պահել, մարդ են դարձել: Ես փորձում էի ամեն ինչ անել, որպեսզի կրկին թռչուն դառնամ, որպեսզի կարողանամ տեսնել աշխարհը վերևից: Ի՜նչ փոքր կլինեին իմ ընկերուհիները: Հետո, երբ մի քիչ էլ մեծացա, հասկացա, որ եթե մենակ ես թռչուն լինեի, անհետաքրքիր կլիներ: Ու դրա համար, հենց տեսնում էի, որ ընկերուհիներիցս մեկը իրեն վատ է պահում, ջղայնանում էի ու ասում, որ եթե ինքը չարություն անի, թռչուն չի դառնա ու ինձ հետ վերև չի գա:

Երբ ավելի մեծացա, հասկացա, որ մարդը հենց սկզբից էլ մարդ է լինում, ու հույսս փշրվեց: Պատկերացնո՞ւմ եք, ի՜նչ հետաքրքիր է թռչունների կյանքը: Նրանք ապրում են ծառերի վրա, երգում են, թռչում, ու բոլորը բարի են:

Երբ արդեն բավական մեծ էի ու արդեն գիտեի` ինչ է նշանակում գողություն, մարդասպանություն, չարություն, նախանձ ու դավաճանություն, ավելի շատ էի ուզում թռչուն լինել: Ես գիտեի, որ դա անհնար է, բայց երազներումս միշտ պատկերացնում էի ինձ՝ թռչուն, մյուս բարի թռչունների շրջապատում, միշտ անհոգ ու ազատ:

Հիմա… Հիմա ամեն ինչ փոխվել է: Հիմա արդեն էլ չեմ մտածում թռչուն լինելու մասին: Հիմա ես ուղղակի ուզում եմ, որ մարդիկ լինեն թռչունների պես բարի, անկեղծ, ազատ ու առանց չարության: Ուզում եմ, որ մարդիկ թափանցիկ լինեն, որ նրանք չունենան բազմաթիվ դիմակներ, ամեն մեկի համար պատրաստած հատուկ դեմք ու այդ մարդուն համապատասխան բնավորության գիծ:

Հետաքրքիր է, ի՞նչն է ստիպում մարդուն չարանալ: Ճի՛շտ եք՝ մարդիկ: Մարդիկ ստիպում են դիմացինին, որ նա ուզենա սպանել, ստիպում են գողություն անել, ստիպում են դավաճանել, խաբել… Ամեն ինչում մարդիկ են մեղավոր… Եթե մարդիկ հենց ամենասկզբից չփորձեին իրար գերազանցել, այսպես չէր լինի: Եթե մարդիկ բոլորի հանդեպ անտարբեր չլինեին, բոլորին չնայեին նույն աչքերով ու նույն զզվանքով, այսպես չէ՛ր լինի: Ուրեմն, ի՞նչ, արդեն ո՞ւշ է, էլ հույս չկա՞:

Իսկ եթե մենք հիմա՛ փորձենք հանել այդ նողկալի անտարբերությունը մեր միջից, ինչ-որ բան կփոխվի՞: Եթե մենք չփորձենք լինել ուրիշից լավը, այլ փորձենք գերազանցել ինքներս մեզ, փորձենք ոչ թե դառնալ ավելի լավը, քան նա, այլ ավելի լավը, քան մենք հիմա ենք: Կփոխվի՞ արդյոք ինչ որ բան, կփոխվե՞ն արդյոք մարդիկ: Հետաքրքիր է: