arxiv

Երբ ես փոքր էի

Պլաստիկ վիրահատություն

-Մա՛ն, կուզե՞ս քիթդ փոքրացնեմ, սիրուն քիթիկ ունենաս,- հարցրեց քույրս ինձ, երբ ես վեց տարեկան էի:

-Հա՛, հա՛, փոքրացրո՛ւ, խնդրում եմ, փոքրացրո՛ւ,- միամտորեն համաձայնեցի ես:

-Մի քիչ կարող ա ցավա, ոչի՞նչ,- զգուշացրեց քույրս:

-Հա՛, հա՛, ոչինչ, վիրահատություն ես անելո՞ւ,- փայլփլող աչքերով հարցրի ես:

-Վիրահատելու եմ, ճիշտ ես: Մի րոպե, սարքերը բերեմ:

Քույս բերեց հղկաթուղթը և սկսեց աշխատել:

Հաջորդ օրը մանկապարտեզի դայակս, ինձ տեսնելով, սարսափահար հարցրեց.

-Մանե՛, այս ի՞նչ է եղել քիթդ: Վառե՞լ ես, ընկե՞լ ես…

-Չէ՛, չէ՛, մի՛ անհանգստացեք, ընկե՛ր Գոհար, ուղղակի քթի պլաստիկ վիրահատություն եմ արել, վաղը կանցնի:

Համենայնդեպս, քույրս ինձ այդպես էր ասել:

Մանե Ենգիբարյան, 14 տարեկան, 2010

***

Փաստորեն, խառնակիչ եմ եղել

Մի անգամ ընտանիքով գնացել էինք մեր ծանոթի տուն: Նա նոր էր ամուսնացել և ծանոթացրեց իր կնոջ հետ: Բոլորը սկսեցին գովել այդ աղջկան, անիմաստ շողոքորթում էին: Մեկ էլ այդ տղան՝ Արամը, հարցրեց ինձ.

-Հը՞, ճաշակս լավն ա, չէ՞:

-Հա՛, լավն ա, բայց սկզբից մտածեցի, որ մամադ ա,- հանգիստ ձայնով պատասխանեցի ես:

Արամի կինը զայրույթից կարմրել էր: Անհարմար վիճակից դուրս գալու համար՝ քույրս ասաց.

-Վե՛ն, բայց ինչքան շատ ես տափակ հումորներ անում:

-Ես հումոր չեմ անում, ոնց որ մեծ կին լինի, համ էլ դու չես տեսնո՞ւմ,- վիճակն ավելի բարդացնելով և կատակի ոչ մի նշույլ չթողնելով՝ պատասխանեցի ես:

Խեղճ աղջիկը լացակումած գնաց իր սենյակ:

Հիմա, երբ տեսնում եմ նրան փողոցում, անմիջապես ճանապարհս փոխում եմ ամոթից:

Վեներա Գրիշյան, 14 տարեկան, 2010

***

Չկայացած ընկերություն

Երբ մենք նոր տուն էինք տեղափոխվել, ես վազեցի բակ՝ նոր ընկերներ ձեռք բերելու: Տեսա մի փոքրիկ աղջկա՝ միայնակ նստած: Սկզբից ամաչեցի մոտենալ, բայց մտածելով, որ եթե հիմա ինչ-որ մեկի հետ չընկերանամ, հետո կարող է ուշ լինել, ինքս իմ մեջ ուժ գտա և քայլերս ուղղեցի առաջ: Քայլեցի, քայլեցի և նորից կանգնեցի, պտտվեցի և փորձեցի ևս մի րոպե մտածել՝ որոշում կայացնելու համար: Երկու րոպե մտածելուց հետո քայլեցի աղջկա մոտ: Բայց դեռ նրան չհասած՝ չդիմացա, նորից կանգնեցի: Որոշեցի մի անգամ ևս մտածել, վերջին անգամ, ևս մեկ անգամ, որ հետո չփոշմանեմ իմ կայացրած որոշման համար: Եվս մեկ րոպե մտածելուց հետո ես ոչ թե քայլեցի, այլ վազեցի, որ ճանապարհին նորից միտքս չփոխեմ: Վազեցի առաջ, բայց դեռ տեղ չհասած՝ նորից կանգնեցի՝ այս անգամ ոչ թե մտածելու, այլ հիասթափություն ապրելու. աղջիկը հեռացել էր…

Սիրան Մանուկյան, 13 տարեկան, 2010

***

Դավադիրը

-Նարեն շատ լավ, խելոք երեխա էր, այնքան քիչ էր լացում,- ասում է միշտ մայրս քրոջս մասին:

-Իսկ ե՞ս: Ես ինչպիսի՞ն էի,- հարցրի մայրիկիս, երբ հերթական անգամ նա սկսեց Նարեի գովքը:

-Վա՜յ, Մանե՛, դու ահավոր էիր՝ լացկան ու կամակոր: Ամբողջ օրն ինձնից կպած էիր: Երբ ես մեկի հետ զրուցում էի, երեսս թեքում էիր դեպի քեզ և չէիր թողնում ոչ ոքի հետ խոսել,- հիշեց մայրս:

-Երևի դեռ այն ժամանակ էլ խանդոտ էի,- նկատեցի ես:

Այդ պահին Նարեն՝ քույրս, հիշեց.

-Մանե՛, իսկ մի անգամ դու ինձ համոզում էիր. «Նարե՛, արի՛ ինձ խփիր, խնդրում եմ»: Ես զարմացած պատասխանեցի. «Չէ՛, Մա՛ն ջան, ինչի՞ խփեմ, պետք չի»: Բայց դու համառորեն պնդեցիր. «Չէ՛, չէ՛, լավ էլի, խնդրում եմ, արի՛ խփիր»: Շատ համոզելուց հետո ես եկա ու խփեցի: «Չէ՛, Նարե՛, մի քիչ ավելի ուժեղ խփի՛ր»,- խնդրեցիր դու: «Է՜, պետք չի, ինչի՞ համար ուժեղ խփեմ»,- ասացի ես, բայց, դու շատ համառեցիր, և ես խփեցի: Դու էլ սկսեցիր լացելով գոռալ. «Մա՜մ, էս Նարեն եկավ, ինձ անտեղի խփեց»: Ուզում էիր, որ մաման պատժի ինձ:

-Երևում է՝ դեռ մանկուց դավադիր դեմք էի,- ինձնից գոհ ու ծիծաղելով ասացի ես:

Մանե Արշակյան, 14 տարեկան, 2010

***

Ուշացած մանկություն

Մի օր, երբ ես ութ տարեկան էի, իմ ծնողները հասկացան, որ ես ոչ մի անգամ կարուսել չեմ նստել, և ինձ տարան առաջին պատահած զբոսայգին: Ես նստեցի առաջին պատահած կարուսելը: Այն մի սարսափելի բան չէր, բայց ես շատ էի վախեցել, քրտնել էի, կարմրել: Մայրիկս և հայրիկս ստիպված եղան ինձ կեսից իջեցնել: Իմ գլուխը պտտվում էր, սիրտս խառնում: Ինձ տուն տարան և իմ սիրած կերակուրները գնեցին, որպեսզի ես չտխրեմ: Հաջորդ օրն էլ դասի չգնացի:

Հովնան Բաղդասարյան, 15 տարեկան, 2010

***

Մանկությունից չես փախչի

-Հիշո՞ւմ ես, թե փոքր ժամանակ ինչպես էիր ուշանում մանկապարտեզից,- հարցրեց մայրիկս:

-Մա՛մ, ժամանակ գտա՞ր հիշելու,- բարկացա ես,- հա՛, հիշում եմ… Երբ ուշացած մտնում էի սենյակ, դաստիարակչուհին ինձ «քնած գեղեցկուհի» էր անվանում:

-Ճիշտ է,- հիշեց մայրիկս:

-Հիշո՞ւմ ես, թե փոքր ժամանակ ինչքան էիր «էծիկե» բառն ասում:

-Այո՛,- նորից զզվանքով պատասխանեցի,- բայց էդքան «էծիկե» ասելուց հետո էլ էթիկետի կանոնները չէի սովորում:

Որպեսզի չպատասխանեմ մայրիկի հաջորդ հարցերին, մի բան հիշեցի.

-Մա՛մ, շուտով քո սիրած հաղորդումն է սկսվելու:

-Վա՜յ, լավ հիշեցրիր: Ոչինչ, հարցերիս հետո կպատասխանես:

Խորամանկությունս չստացվեց:

Շանթ Հակոբյան, 14 տարեկան, 2010

***

Կամակորը

Ինձ բոլորն ասում են, որ մինչև երկու տարեկանը շատ խելոք երեխա եմ եղել, միայն ուտում էի, քնում և լացում, երբ սոված էի, իսկ դա շատ հաճախ էր լինում, համարյա անընդհատ: Իսկ հետո ես դարձա ավելի կամակոր և չսլող: Եթե ես չէի ուզում որևէ բան անել, ինձ ո՛չ համոզել, ո՛չ էլ ստիպել էր լինում: Իսկ եթե մայրիկս բարկանում էր վրաս, ես նրա վրա էի շպրտում իմ խաղալիքները, իսկ հետո խիղճս տանջում էր, ու սկսում էի լացել, բայց մայրիկիս հետ երկար չէի հաշտվում: Երբ ես նեղանում էի, միշտ պառկում էի և քնում: Քնում էի որտեղ պատահի՝ գետնին, աթոռի վրա… Մի անգամ էլ նեղացած մտել էի մահճակալի տակ և քնել: Հետո ստիպված էին եղել մահճակալը բարձրացնել և տեղափոխել, որ կարողանան ինձ տակից հանել:

Դավիթ Սողոյան, 11 տարեկան, 2010

***

Հուշ

Մայրիկս և հայրիկս պատմում են, որ փոքր ժամանակ ես շատ ակտիվ էի և անընդհատ բանաստեղծություններ էի արտասանում: Երբ մայրիկս ինձ համար «Չարի վերջն» էր կարդում ու ասում. «…բնի մեջ երեք ձագ ու վրան՝ կկու», ես չէի հասկանում, որ կկուն թռչուն է, ու ինձ թվում էր, թե դա նշանակում է «կծու»: Հետո, երբ ինքս էի արտասանում «Չարի վերջը», ասում էի. «…բնի մեջ երեք ձագ ու վրան՝ բիբար»:

Նաև շատ էի սիրում խոսել և անընդհատ ինչ-որ բանից բողոքում էի: Օրինակ, ինձ պատմում են, որ երբ ես և եղբայրս՝ Դավիթը, առաջին անգամ էինք գնացել Սևան, Դավիթն ընդամենը մեկ տարեկան էր, իսկ ես՝ երկու: Դավիթն անընդհատ մտնում էր ջուրը, իսկ ես մայրիկին բողոքում էի, որ ջուրը թաց է, հողը՝ չոր, իսկ քարերը ծակում են:

Լիլիթ Սողոյան, 12 տարեկան, 2010