anush davtyan

Երբ ժպիտը դիպչում է շուրթերիդ

Վերջերս անընդհատ մտքումս «губы тронула улыбка» արտահայտությունն է պտտվում։ Ինչ հետաքրքիր բառախաղ է ստացվում։ Ժպիտը դիպավ շուրթերին։ Դե, բոլորն էլ հասկանում են, որ ժպիտը դիպչելու համար ոչ մի հարմար վերջույթ չունի, բայց երևի բոլորին էլ ծանոթ զգացում է։ Գիտե՞ք՝ ոնց է լինում։ Էն որ մեքենայի մեջ գիշերով գնում ես, պատուհանից դուրս ես նայում, ու քեզ թվում է, որ գովազդի միջի «Coca-Cola»-ի մեքենաներն ես տեսնում։ Էն որ ձմռանը միշտ ցույց են տալիս, Ձմեռ պապի նկարով երկար մեքենաներ են, է՞։ Հետո մոտենում եք կամաց-կամաց, ու պարզվում է, որ բենզին տեղափոխող բեռնատարներ են, ուղղակի կարմիր լույս էին կպցրել հետևից։ Էդ պահին աչքիդ առաջ են գալիս կոլայի մեքենաներն ու սկսում ես երգել. «Տոներն են մոտենում, տոներն են մոտենում…»։ Հետո էլ շատ զգույշ, որ հանկարծ կողքիդ նստածը չզգա, ինքդ քեզ համար ժպտում ես, ու ոնց որ դու էլ զգաս, թե ոնց ինչ-որ մեկը նուրբ ձգեց բերանդ մի կողմից, երկու վայրկյան պահեց, հետո էլ միանգամից թողեց։ Այ, էդպես է ժպիտը դիպչում շուրթերիդ։

Կամ էլ պատկերացրու, որ քո քեռու տղայի քեռու տղան, այսինքն՝ բավականին հեռու մեկը, մոտ տասը տարեկան երեխա է, ու ինքը քեզ տեսնելիս ամեն անգամ էն չափով է ուրախանում, ինչքան իր հարազատին տեսնելիս։ Հետո դու նստում ես ծառերի տակ՝ մի առանձին տեղում, ու հիշում, թե ոնց էր սեղանի մոտ հաց ուտելիս նա փաթաթվում քո ձեռքին։ Ու կապ չունի, որ դու աջլիկ ես, իսկ նա հենց էդ ձեռքդ էր բռնել։ Ու կապ չունի, որ էնպես էր գրկել, որ անգամ ձախով էլ չէիր կարողանում բան վերցնել։ Հիշում ես էդ պահը, ու շուրթերիդ ժպիտ է դիպչում։

Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես պարբերաբար ուզում եմ էդ անկնթարթային ժպիտը հետ բերեմ։ Մի օր կարող է դու էլ ձեռքդ տանես շուրթերիդ, կամաց կպչես ու զգաս էն տեղերը, որտեղ ժպիտն էր եղել։ Հետո փորձես ժպտալ դիպածդ տեղում, բայց զգաս, որ մի քիչ կեղծ է ստացվում։ Ուղղակի դու ես քեզ դիպչում։ Դու, ոչ թե ժպիտը։ Էսքանը կարդալուց հետո երևի դու էլ մի օր մի տեղ նստած լինես, հիշես կամ տեսնես մի բան, ու ժպիտը գա, դիպչի շուրթերիդ։ Ու էդ պահին միգուցե հիշես կարդացածդ տողերը։ Հետո դանդաղ ձեռքդ տանես շուրթերիդ, որ հետ բերես էդ պահը: