elen mangasaryan

Երբ կասկածներն են ձեր դուռը թակում

Գարունը վերջապես եկավ: Եվ իմ տրամադրությունը փոխվում է այնքան հաճախ, ինչքան եղանակը՝ գարնանը: Այն կարող է լինել և՛ արևային, և՛ անձրևային միաժամանակ: Այդ պահին հոգնածությունս և հուսահատությունս փորձում եմ ծածկել վերմակով, և հանկարծ կասկածներս թակում են սենյակիս դուռը, առանց հրավերի սպասելու` միանգամից բացում այն, մտնում ներս և տեղավորվում կողքիս:

Սկսում եմ մտածել ամեն հնարավոր և անհնարին բաների մասին, որոնք, միգուցե, կլինեն ապագայում: Անընդհատ մտահոգություններ ու վախեր են առաջանում ընտրածս մասնագիտության, իմ կարողությունների և ապագայի վերաբերյալ: Սարսափելի են նաև այն մտքերը, որոնք դրդում են մտածել, որ ինձ շրջապատող բոլոր մարդիկ կեղծ են և ժամանակավոր: Սակայն այդ պահին գորշ ներկված ամպերի տակից արևն իր լուսավոր շողերն է անցկացնում պատուհանիս միջով և գցում աչքերիս վրա՝ ծակծկելով դրանք։ Եվ այդ անսպասելի ծակծկոցները կարծես ուզում են հիշեցնել, որ դրսում գարուն է, կյանքը վերակենդանացնող և հուսադրող գարուն:

Կարծես պատահաբար հիշում եմ այն վաղուց հետին պլան մղված փաստը, որ ես ընդամենը 16 տարեկան եմ, և սա ինքն իրեն փնտրելու, փոխելու և ուղղակի ապրելու տարիքն է: Գնում եմ դռան մոտ, բացում այն և սաստող հայացքով նայում իրենց ինչպես տանը զգացող կասկածներիս և դուրս հրավիրում նրանց: Դե, ուրիշ անելու բան չունեն, գլխիկոր հեռանում են: Մոտենում եմ պատուհանին և շնորհակալություն հայտնում ծաղկող գարնանն ու ջերմացնող արևին ինձ հիշեցնելու համար, որ անմիտ ու տանջող կասկածների դիմաց դուռն ամենաուժեղը պետք է «շրխկացնել» և այդ պահին չմտածել քաղաքավարության կանոնների մասին։