karine nahapetyan

Երբ համարյա 19 տարեկան ես, բայց ոչ մի բանի հավես չունես

Վահեի համանուն նյութից ոգեշնչված

Առավոտ՝ 09:22 րոպե, քոլեջ,  մեր օրեր:
Մտնում եմ լսարան և եթե կանգնեմ դռան հետևում, ապա դասախոսիս. «Ու՞ր է Կարինեն» հարցին, կլսեմ կուրսեցիներիս. «Հեսա ներս կմտնի»,- պատասխանը: Բոլորը քաջատեղյակ են, թե կոնկրետ երբ եմ «ժամանում» քոլեջ:
Մտնում եմ լսարան, դասախոսս հարցնում է.
-Ինչո՞ւ ես ուշանում:
Ես էլ ամեն անգամ (արդեն ամաչելով) ասում եմ, որ տրանսպորտ չկար, անկախ նրանից, որ տրանսպորտի խնդիր վերջերս կարծես թե չկա: Հո չե՞մ ասելու, որ Մորփեոսը խայտառակ ձևով ծաղրում է ինձ:
Նստում եմ տեղս, Երվանդի հետ քննարկում Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը». ամեն օր անդրադառնում ենք մի կերպարին:  Դասամիջոցներին կուրսեցիներիս խորհուրդ ենք տալիս, որ անպայման կարդան դա և նայեն «Շերլոկ» սերիալը: Իրականում ոչ ես, ոչ էլ Երվանդը երբևէ չենք դիտել այդ սերիալը: Դե, ասում են, որ լավն է: Հավանաբար, լավը կլինի, էլի:

Եթե պատմության դասաժամն է լինում, Երվանդին «կրիկի» մեջ եմ գցում՝ ասելով, թե բա՝ հնարավոր է, որ Երվանդունիների տոհմից լինես…

Գալիս է վերջին, կամ ինչպես ես եմ ասում՝ քնելու դասաժամը:
Մորփեոսը կրկին գողանում է ինձ իրականությունից: Քնում եմ, բայց ենթագիտակցությանս  20%-ը  արթուն է մնում. լսում եմ. «Երվանդ, արթնացրու Կարինեին»:  Երվանդն էլ, չուզելով, թեթևակի հրում է ինձ ու ասում՝ հել, Կար:  Ախր, ինքն էլ գիտի, որ երազումս, հավանաբար, «Deep Purple»-ի  համերգին եմ կամ էլ, ասենք, բարձրագույն մաթեմատիկայի ողջ դասընթացը սերտել-վերջացրել եմ, որովհետև ինձ մոտ միայն «Deep Purple»-վելն ու մաթեմատիկայի դասերը սերտելն է լավ ստացվում:
Արթնանում եմ: Արդեն գնալուս ժամանակն է:
Հասնում եմ տուն ու զբաղեցնում թագավորական գահս: Մարդիկ, հավանաբար, այդ գահը պատկերացնում են որպես ոսկեզօծ աթոռ՝ թանկագին քարերով զարդարված: Իրականում՝ սովորական կենցաղային աթոռ է, թագավորությունս՝ համակարգիչը, ենթաթագավորությունս՝ ֆեյսբուքը:
Սկսում եմ X-երորդ անգամ նայել «Разрущение» ֆիլմի այն հատվածը, որտեղ հնչում է Ազնավուրի «La Boheme», ժամանակակից իրանական գրականության նոր թարգմանություններն եմ անցկացնում աչքիս տակով, բնականաբար, մաթեմի դասն եմ սովորում, լսում «Soldier of fortune» երգը 2:47-ից սկսած:

Առավոտ՝ կրկին 09:22 րոպե, քոլեջ, կանգնած եմ լսարանի դռան հետևում:
Չէ, հաստատ ասելու եմ, որ տրանսպորտը նորմալ ա աշխատում, հաստատ ասելու եմ, հաստատ: