Լուսանկարը՝ Լուսի Պետրոսյանի

Երբ ճանաչեմ հոգիդ, կնկարեմ աչքերդ

Գիտությունն անդադար թակում է մեր դուռը, և այո՛, նրա ճշմարտության ապտակներից մեզ էլի ու էլի խույս տալ չի հաջողվի: Այսօր ես դրանք ավելի հանգիստ եմ ընդունում, դրանց անսպասելիությունն ու ուժգնությունն էլ չեն վախեցնում. արդեն ճանաչում ենք իրար վաղուց:

Իսկ ինչպե՞ս ենք մենք ճանաչում մարդկանց: Հանդիպման առաջին հինգ վայրկյանները սովորաբար նրանց դեմքին ենք նայում։ Անկարելի է չնկատել դեմքի վրա գտնվող այն երկու շարժուն շրջանները, որոնց մասին պատմվում են բազմաթիվ լեգենդներ, գրվում անհաշվելի թվով երգեր ու բանաստեղծություններ: Սա, իհարկե, գեղեցիկ է, բայց և այնպես Պ. Սևակը ճշմարտացի էր՝ ասելով, որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը։

Ա՜խ, գրողը տանի, այդ շրջաններն անգամ կարող են տեղավորվել քառակուսու մեջ, պատկերացնո՞ւմ եք: Իհարկե բոլորը չէ… բացառություններ միշտ էլ կան: Երբ, օրինակ, տալիս ենք այդ շրջանների գեղեցկության սահմանները, ակամա շատ ու շատ շրջաններ ստիպված են լինում թրջվել, քանի որ քառակուսու մեջ տեղավորվելու համար նրանց ինչ-որ բան խանգարում է միշտ:

Քառակուսու մեջ տեղավորվելու հիմնական պայմանը մեկն է, և դա գույնն է։ Որքան բաց, այնքան լավ, որքան խառներանգ, այնքան յուրօրինակ: Բախտի բերմամբ թե պատահմամբ գեղեցիկների այդ քառակուսու մեջ ես չկամ:

Գիտեմ, որ նորություն չի լինի, եթե ասեմ, որ աչքի գույնը կախված է ակնածիածանի մեջ մելանին գունանյութի պարունակությունից: Որքան շատ է մելանինի պարունակությունը, այնքան աչքերն ունեն մուգ երանգավորում, որքան քիչ՝ այնքան բաց: Սա ժառանգականության արդյունք է, և մենք այն ընտրել պարզապես չենք կարող:

Ցավալի է շատ, բայց այսօր մենք մեզ իրավունք ենք վերապահում բոլորին փորձել տեղավորել գեղեցկության մեր իսկ քառակուսու մեջ: Դեռ ավելին, սոցցանցային լրահոսը ողողում ենք այդ գրողի տարած քառակուսիներով, որտեղ որ նշված բաց գույնի շրջանների տերերն իրենց երջանիկ են զգում, որովհետև նրանք բնորոշվում են որպես յուօրինակ, նուրբ, հետաքրքիր ու եզակի, իսկ մուգ գույնի շրջաններների տերե՞րը․․․ այդ մասին լավ է լռել:

Կներեք, բայց չեմ ուզում տրվել ինձ հրամցվող այս քառակուսաձև իրականությանը, որի պատճառով իմ երջանիկ մուգ ու միագույն շրջանները պիտի թացվեն ու դասվեն հասարակների շարքին, դա բնավ հաճելի չէ այնպես, ինչպես օրինակ՝ եթե ես համոզեմ քեզ, որ աշխարհի ամենալավ գույնը կապույտն է այն դեպքում, երբ դու կարմիրն ես սիրում:

Քեզ ճանաչելու համար, բարեկամս, միայն կասեմ հետևյալը՝ երբ ճանաչեմ հոգիդ, այդժամ կնկարեմ աչքերդ, աչքերիդ գույնը ինձ համար կարևոր չէ։

Լուսանկարը՝ Լուսի Պետրոսյանի