Երբ մահդ կտեսնիս…

Դավիթը Արցախյան պատերազմի հերոսներից է, ծնվել ու մեծացել է Գյումրիում, ծառայել Արցախում և մարտի ամենաթեժ կետերից մեկում է եղել հենց սկզբից: Ծառայության է անցել 1.5 տարի առաջ, 20 տարեկան է՝ հրետանավոր: Ասում է` պատերազմի սկսվելուց անմիջապես անցել է գործի, սակայն, երբ զենքի հետ անսարքություն է եղել, սկսել է բարձրացնել ընկերների մարտական ոգին՝ որպես հին ծառայող: Բարձրացրեց, ու այդպես ուժեղ ոգով էլ սկսեցին կանոնավոր մարտ վարել:

Դավիթը մինչ այդ շատ անգամներ է հերթապահել դիրքերում, ասում է, մտածել է իր ապագայի, մասնագիտության մասին, ծառայության վերաբերյալ պատկերացումների և իրականության մասին, սակայն պատերազմի ժամանակ արդեն մտքին միայն հստակ քայլերով դեպի հաղթանակ գնալն էր, և առանձնապես ոչ մի բան էլ չէր զգում, այլ սպասում էր հրամաններին ու հաջողությամբ կատարում դրանք:

Չնայած բարձր մարտական ոգուն ու լավ տրամադրվածությանը, մեր հերոսը Հադրութում՝ պատերազմի 10-րդ օրը՝ մարտական հանձնարարությունը կատարելիս, բեկորային վնասվածք ստացավ, որից հետո նրան տեղափոխեցին Գորիս, վիրահատեցին, ապա տեղափոխեցին Երևան: Հենց այս ժամանակ համացանցում լայն տարածում գտավ մի տեսահոլովակ, որտեղ հենց Դավիթը շտապ օգնության մեքենայի մեջ պառկած երգում էր «Գետաշեն» հայրենասիրական երգը: Դե իհարկե, չկարողացա չհարցնել, թե ինչու էր երգում, սակայն այսպիսի պատասխան ակնկալել չէի կարող:

-Ճիշտն ասած, ես չեմ զգացել, թե ինչ է կատարվել ինձ հետ: Ինձ հետո են պատմել, թե ինչպես է եղել, որ երգել եմ: Ես, Գորիսի վիրահատությունից հետո, գրեթե անգիտակից վիճակում եմ եղել: Բժիշկն ասում է, որ Երևան տեղափոխվելու ժամանակ ամեն ինչ արել են, որ գիտակցությունս չկորցնեմ, սկսել է երգել Գետաշենը, հետո, երբ վերջացրել է երգը, ես եմ սկսել երգել. չգիտեմ՝ ինչու կամ ինչպես:

Հիմա հերոսն ապաքինվում է, մտածում ապագայի մասին: Հայրենիք բառի նշանակությունը մանկուց է դրվել նրա մեջ, իսկ պատերազմը միայն բազմապատկել է պարտավորվածությունը վերջինիս հանդեպ: Կյանքի փոփոխության մասին էլ կարճ է կապում.

-Երբ մահդ կտեսնիս ու ամեն վայրկյան կսպասես, որ կարող է վերջինը լինել, կյանքի հանդեպ վերաբերմունքին չի կարող փոփոխություն չտա…

Ցավը բոլորինս է, սակայն պետք է նայել առաջ: Դավիթն արդեն սկսել է: Ասում է, ամեն հարցի հիմա ավելի լուրջ է մոտենում, բացի այդ, մտածում է մասնագիտության փոփոխության մասին: Եթե առաջ ցանկանում էր քաղաքից հեռու մի վայրում դպրոց բացել և ժողովրդական պարեր դասավանդել, կամ էլ դառնալ ֆուտբոլիստ, այժմ սկսել է ուսումնասիրել ՏՏ ոլորտը: Հենց դա էլ համարում է գլխավոր փոփոխությունը, որ մինչ այս երբևէ չէր մտածել:

Որպես ուղերձ՝ Դավիթը բարեհամբույր ավելացնում է.

-Իրավիճակից դուրս գալու համար մի բան է պետք՝ համախմբվել, թե չէ` մեր երկրից պոկվող տարածքներից բացի, մարդկանց արտագաղթն էլ կշատանա, ու մեր կռվածը իմաստ էլ չի ունենա: Ամեն մարդ, եթե զբաղվի իր գործով, բոլոր ոլորտներում միայն զարգացում կլինի… Իսկ սխալներ բոլորն են անում: Աշխատենք ուղղակի դասեր քաղել:

Դավիթը հերոս է, դա բոլորը գիտեն, իսկ ինձ չի մնում այլ բան, քան հպարտանալ, որ այսպիսի հերոս ընկերներ ունեմ և շնորհակալություն հայտնել նրանց՝ անշահախնդիր ու անվերապահ նվիրվածության համար: Չէ՞ որ հայրենիքը սկսել և սկսվում է սահմանից ու մեր գործերից: