Երբ մի վայրում են հավաքվում ԵՄ դեսպանը, Վիլյամ Շեքսպիրը, «Մանանա» կենտրոնը և ուրիշներ…

Մայիսի 9-ը ամեն տարի նշվում է որպես Եվրամիության օր, որով և սկսվում է Եվրոպային նվիրված միջոցառումների շարքը, որը Հայաստանում այս տարի տևեց մինչև հունիսի 5-ը: Հենց այդ օրն էլ Հայաստանում մեծ շուքով նշվեց Եվրոպայի օրը: Միջոցառումները բացվեցին ԵՄ դեսպանի ելույթով, որից հետո դեսպանը շրջեց տաղավարներով և հայտարարեց ցերեկույթի մեկնարկը:

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Ողջ Հյուսիսային պողոտան վերածվել էր փոքրիկ Եվրոպայի, այստեղ առանձին տաղավարներով ներկայացված էին եվրոպական երկրների մշակութային առանձնահատկությունները, նրանցում հայ երիտասարդների համար առավել հետաքրքիր ծրագրերն ու կրթական կենտրոնները, նրանց գործունեությունն ու առավելությունները: Ներկայացված էին նաև Եվրամիության կողմից հովանավորվող կազմակերպությունները, այդ թվում նաև` 17.am կայքի և Պատանի թղթակիցների ցանցի հիմնադիր «Մանանա» կենտրոնը:

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Օրն ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպությունները նախաձեռնել էին մրցույթ-վիկտորինաներ, որոնցից յուրաքանչյուրը վերաբերվում էր որևէ կոնկրետ թեմայի: Օրինակ՝ Միացյալ Թագավորության տաղավարում Շեքսպիրը, ով դարձել էր օրվա ուրախությունը,  հարցնում էր հեղինակի ստեղծագործությունների և Մեծ Բրիտանիայի մասին, իսկ մրցանակները բրիտանական հուշանվերներ էին: Dasaran.am-ն անցկացնում էր «Բացահայտիր Եվրոպան» խաղի օֆ-լայն տարբերակը, և այսպես շարունակ: Միաժամանակ, օտարերկրացի կամավորները ներկաներին սովորեցնում էին իրենց ազգային պարերը, ծանոթացնում երկրի մշակույթին: Նրանցից մեկի հետ էլ ես  և 17-ի մի քանի թղթակիցներ սովորեցինք հունգարական գեղեցիկ մի պար:

Մասնակից յուրաքանչյուր կազմակերպություն իր առջև նպատակ ուներ հայ երիտասարդների համար հասանելի դարձնել եվրոպական ծրագրերն ու միաժամանակ, ժողովրդին ներկայացնել տվյալ կազմակերպությունը:

Անի Ավետիսյան, Արագածոտնի մարզ, գ. Ոսկեհատ