Երբ նորից երեխա դառնամ․ Պղպջակներ

Երբևէ, եթե ստացվեր այնպես, որ կյանքի շրջանները հնարավոր լիներ գնահատել քաղցրությամբ, ապա մանկությունը կլիներ բացարձակ առաջատարը, քանի որ այն համեմված է ամենավառ գույներով, երևակայության ամենատարբեր ու ամենախենթ լուծումներով, և իհարկե, ամենահամով չարաճճիություններով:

Ես, օրինակ, փոքր ժամանակ շատ էի սիրում պղպջակներ պատրաստել: Առաջին հայացքից հեշտ թվացող այս զբաղմունքն իրականում լավ էլ բարդ տեխնիկա և նույնիսկ որոշակի փորձարարական գիտելիքներ է պահանջում:

Մեր ժամանակ պղպջակների պատրաստի սրվակներ խանութներում գտնելն այնքան էլ հեշտ չէր, բացի դրանից՝ դրանց պարունակությունն այնքան շուտ էր վերջանում, որ հարյուր հազարավոր պղպջակներ երկինք ուղարկելու իմ երազանքը մնում էր անկատար, ուստի ես ու եղբայրս պղպջակի սրվակները պատրաստում էինք տանը: Հիմնականում անհրաժեշտ էր երկու կախարդական բաղադրիչ՝ օճառ և ջուր (ցանկալի էր հեղուկ օճառ՝ ավելի լավ արդյունք ստանալու համար), երբեմն նաև ավելացնում էինք լվացքի փոշի և այլ գաղտնի բաղադրիչներ՝ պղպջակի նոր, կատարելագործված տեսակներ ստեղծելու համար:

Հարյուրավոր այս գործողությունները մի ամբողջ լուրջ գիտափորձերի շարք էին մեզ թվում, և, որ ամենակարևորն է, մենք միշտ հավատում էինք, որ լավագույն պղպջակի բաղադրատոմսը հենց մենք ենք գտնելու: Լոգարանը մեր փորձարարական լաբորատորիան էր, որտեղ և անցկացնում էինք պղպջակի ստեղծման մեր աշխատանքները: Պատահում էր այնպես, որ գերազանց պղպջակ ստանալու մեր գիտափորձերը տևում էին ժամեր, իսկ արդյունքում ստանում էինք  այնպիսի լուծույթ, որից հազիվ մեկ կամ երկու պղպջակ էր դուրս գալիս: Երբեմն աշխատում էինք նաև առանձին և օրվա տարբեր ժամերի, որպեսզի կարողանայինք գտնել ամենախառներանգ ու փայլփլուն պղպջակն ստանալու եղանակը, իսկ նոր բան բացահայտելուն պես՝ արագ վազում  իրար մոտ ու կիսվում արդյունքներով:

Պղպջակները երկինք ուղարկում էինք ամենատարածված ու կիրառելի միջոցով՝ գրիչով: Սկզբում հանում էինք երկու ծայրերը, հետո՝ միջուկը և դատարկ ձողն օգտագործում: Պղպջակների քանակը, մեծությունն ու օդում մնալու վայրկյանների թիվը, շատ հաճախ, կախված էր լինում ոչ այնքան լուծույթի որակյալ լինելուց, որքան հենց փչելու տեխնիկայից՝ արագությունից և ուժգնությունից:

Այսօր հունիսի մեկն է՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, և հենց այսօր ուզում եմ նորից երեխա դառնալ ու վերագտնել պղպջակ պատրաստող այն փոքրիկ փորձարարին, ով չէր վախենում սխալվելուց ու միշտ հավատում էր, որ կհասնի իր երազանքներին, եթե միայն ամբողջ հոգով նվիրվի իր գործին:

Կարանտինի այս շրջանը շատ դժվար է երեխաների համար, քանի որ նրանք անդադար ցանկանում են խաղալ, նոր բաներ փորձել ու գտնել։ Տխրել ամենևին պետք չէ, վստահ եմ, տանը հաստատ ջուր, օճառ ու գրիչ կգտնվի: Գնացի՛նք փորձելու:

Տեսնենք ո՞վ առաջինը կգտնի լավագույն պղպջակի բաղադրատոմսը…