…Երբ սովորում ենք ստեղծել դեռ փոքր հասակից

-Ակվարիումնե՛ր գնեք, հաջողություն բերող ակվարիումներ…

-Չե՞ք ուզում մեր գրչատուփերից գնել: Հայկական մոտիվներով գրչատուփեր…

-Լա՛վ էլի, գոնե մեկը գնեք. զեղչեր կանենք…

-Անտարբեր մի՛ անցեք, համեցե՛ք գնումների: Մեր գործարար ընկերությունը ձեզ է առաջարկում աշխարհի ամենաուրախ շապիկները…

-Մենք էլ դեղաբույսեր ու թուրմեր ենք վաճառում: Ամբողջը մենք ենք հավաքել, փաթեթավորել: Թուրմերն էլ ենք մենք սարքել: Շատ առողջարար են: Չե՞ք ուզի եղինջ կամ ասենք մասուր գնել…

Լուսանկարը՝ հեղինակի

Արդեն 15 տարի է, ինչ Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի  հետ համատեղ  իրականացնում է «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրը, որի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում ապրող մի շարք երիտասարդներ ստանում են տնտեսագիտական գիտելիքներ, ծանոթանում բիզնես հմտություններին, դաստիարակվում, որպես հասարակության նկատմամբ պատասխանատվություն ունեցող քաղաքացիներ:

Օրեր առաջ առիթ ունեցա մասնակցելու ՀՊՆ-ի կողմից կազմակերպված տոնավաճառին: Հայաստանի տարբեր անկյուններից  եկած երիտասարդները ներկայացրել էին իրենց աշակերտական գործարար ընկերության կողմից թողարկած արտադրանքը: Ծրագրի պատասխանատուները՝ Արմինե Հովհաննիսյանի գլխավորությամբ, հերթով մոտենում էին երիտասարդներին, հարցուփորձ անում, խորհուրդներ տալիս, լսում նրանց հարցերը և հաճախ ինչ-որ բան գնում նրանցից: Անտարբեր չէր նաև հասարակությունը: Անցորդներից շատերը կանգ էին առնում աշակերտական ընկերության այս կամ այն տաղավարի մոտ, զննում առաջարկվող արտադրանքը, իրենց գոհունակությունը հայտնում նախաձեռնությունից, իսկ վերջում մի բան գնում և գոհ ժպիտներով հեռանում: Ես էլ մի քանի բան գնեցի, և՛ նրա համար, որ ուզում էի աջակցել երիտասարդներին, և՝ որ իսկապես լավն էին:

Լուսանկարը՝ հեղինակի

Ամեն կողմից անցորդներին առաջարկվում էին «կախարդական շարֆեր», «հայկական տիկնիկներ», «անմահական թուրմեր», «հրաշահամ փոխինձ», «երջանկություն բերող թևնոցներ» և այն ամենը, ինչ կարող է նույնիսկ մարդու երևակայությունից դուրս լինել: Հիշեցի, թե ինչպես ուղիղ մեկ տարի առաջ մեր գործարար ընկերությունն էլ գնորդներին առաջարկում էր «աշխարհի ամենագունավոր, ուրախ և հաջողակ դարձնող շարֆերը», ինչպես ամեն ինչ սկսեցինք համարյա ոչինչ չունենալով, ինչպես առաջին անգամ ձախողվեցինք ու հաղթանակ ունեցանք, ինչպես սովորեցինք ինքնուրույն ինչ-որ բան ստեղծել  ու, թե ինչքա՜ն դժվար էր մեր առաջին արտադրանքը վաճառելը, որովհետև դրա հետ կապել էինք մեր ժամանակը, ջանքերը, ցանկություններն ու նպատակները: Ինչքա՜ն շատ էինք չարչարվել, և ինչքա՜ն վաստակած էր մեր առաջին շահույթը: Ժամանակը հետ տալով հիշեցի, թե ի՜նչ մեծ ոգևորությամբ հիմնեցինք մեր հասարակական կազմակերպությունը: Չնայած այնքան էլ մեծ շահույթ չունեինք, բայց պատասխանատու գտնվեցինք այն հասարակության նկատմամբ, որտեղ իրականացրել էինք մեր արտադրանքի վաճառքը և շահույթի մի մասով իրականացրեցինք կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն:

Լուսանկարը՝ հեղինակի

Մեզ համար ծրագրի ավարտը եղավ ՀՊՆ-ի կողմից կազմակերպված ամառային ճամբարը, որի ընթացքում մեր ստացած հիմնավոր գիտելիքներն ու փորձը ամբողջացան  բիզնես ոլորտում արդեն հայտնի և հաջողակ գորածարարների անցկացրած սեմինարներով և խորհուրդներով:

Այդ օրը՝ տոնավաճառի ժամանակ, ես կարծես նույն զգացողություններն ու հուզումը, նույն ճանապարհը տեսա երիտասարդների աչքերում: Եվ այսպես, արդեն 15 տարի և 15 սերունդ…

Լուսանկարը՝ հեղինակի

Բնականաբար, մեզանից ոչ բոլորը կընտրեն ապագա տնտեսագետի մասնագիտությունը, բայց ջունիորցիներից շատերը արդեն ընտրել և դեռ ընտրելու են այդ ուղին: Հնարավոր է նաև, որ մեր կյանքում մենք կունենանք ավելի լավ նմանատիպ ծրագրեր և կրթական հնարավորություններ, բայց իր տեսակի մեջ ՀՊՆ-ը կմնա եզակի, որովհետև առաջին անգամ մեզանից շատերը հենց այստեղ սովորեցին հանդգնել լինել ստեղծագործական և ունեցան իրենց առաջին նվաճումը՝ պատանեկան նվաճումը Պատանեկան նվաճումների հետ: