Inesa Zohrabyan aragacotn

Երբ փոքր էի

Մանկական մտքերիցս մի քանիսը դաջվել են հիշողությանս մեջ: Ուզում եմ դրանք պատմել:

Երբ փոքր էի, գյուղում ապրելով՝ շատ էի լսում նման գյուղերի անվանումներ՝ Մրգաշատ, Բամբակաշատ: Եվ միշտ պատկերացնում էի, որ այդ գյուղերը ուղղակի լեփ-լեցուն են մրգերով ու բամբակներով ու այն բաներով, որոնց վերջում ավելանում էր «շատը», ու եթե այդ գյուղերի անվանումները իմ սիրած որևէ բանով էր կազմված՝ ձգտում էի լինել այդ երանելի ու ճոխ վայրում: Հետո մի քիչ մեծացա ու հասկացա, որ այդպիսի «շատ»-ով վերջացող գյուղեր շատ կան ու հասկացա, որ մեր երկիրը առատության ու սիրուն, հետաքրքիր գյուղեր ունեցող երկիր է:

Երբ փոքր էի ու կռիվ կինոներ էի նայում, մտածում էի, որ կռվողները իրենց կյանքը կարող են փրկել, ապա ասեք՝ ինչպե՞ս: Դե, իհարկե, մտածում էի, որ մարտնչողը կարող է պառկել գետնին, ձևանալ մահացած ու իր կյանքը փրկել: Հետո մեծացա ու հասկացա, որ ավելի լավ է մեռներ, քան թե գետին պառկելով՝ կեղծ խաղ խաղար, չնայած՝ պառկելն իր հերթին վտանգավոր էր:

Երբ փոքր էի, շատ-շատ էի վախենում օձերից, ու միշտ ինձ թվում էր, որ նրանք դռան հետևում են, ու գրեթե ամեն անգամ, երբ մեկը ներս էր գալիս՝ դուռը ամուր, իրոք շատ ամուր փակում էի: Հետո սկսեցի հոգնել այդ իմ իսկ ստեղծած պարտականությունից, հետզհետե վախն էլ վերացավ, մեր մոտ գրեթե օձեր չկային, բայց ես չէի հավատում:

Երբ փոքր էի ու լսում էի, որ Հայաստանում աշխատանքի ընդունվելու համար աշխատանքային փորձ են պահանջում, բողոքում էի ու ասում, որ եթե առաջին անգամ չսկսեն աշխատել, որտեղի՞ց ունենան այդ խիստ կարևոր փորձը: Այդ միտքը մինչև հիմա էլ կա:

Երբ փոքր էի, քնելուց առաջ անպայման պետք է մեկ առ մեկ բոլորին բարի գիշեր մաղթեի, եթե չմաղթեի, ուղղակի նյարդայնանում էի ու ինքս ինձ նախատում:

Երբ փոքր էի, «Ֆորտ Բոյար» խաղի սիրահար էի, ինքս ինձ համար այդ խաղերին նման ինչ- որ բաներ էի ստեղծում ու միշտ ինքս ինձ պարտության էի մատնում, չգիտեմ էլ՝ ինչպես, չեմ հիշում:

Երբ տարրական դասարանում էի սովորում, հաջորդ օրվա առարկաների դասագրքերը հերթականությամբ շարում էի բարձիս տակ՝ իբր թե լավ կհիշեմ ու լավ կպատասխանեմ այդ դասերը ու քնում էի: Ճիշտ է, անհարմար էր, բայց, դե հավատում էի այդ գերբնական գաղափարին:

Գիտեք՝ ես հիմա էլ եմ մանուկ ու այդ մանկական արարքները ավելի գերզարգացած, վերափոխված կերպով կատարում եմ հիմա: