valentina chilingaryn

Երեքնուկ (չափահասության, կարմիր ծիածանների ու հողե թեստերի մասին)

Էս վերջերս ինչի մասնակցում եմ, ներկայանալիս միշտ ասում եմ՝ ես Վալենտինան եմ, 18 տարեկան եմ։ Էնպիսի տպավորություն է, որ էդ թիվը նշելիս դու ամեն ինչի բացատրությունը տալիս ես։ Բայց, ցավոք, դա միայն տպավորություն է։ Որովհետև դու քանի տարեկան էլ լինես, մեկ է, դու ունես պարտավորություններ քո ծնողների հանդեպ՝ միշտ տեղեկացնելու նրանց քո ամեն էքստրեմալ քայլի մասին։ Եթե ուզում ես մազերդ կանաչ ներկել, պետք չէ գնալ խանութից ներկ առնել, բերել ու սկսել ներկել։ Նախ պիտի սկսես մայրիկի «դեսպանատան» մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը։ Դրա համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը․

1․ 3X4 լուսանկար,

2․ Հավերժ տանը մաքրություն անելու վկայական,

3․ Մինչև մահ քիչ խոսելու անդորրագիր,

4․ Տարօրինակ բաների մասին չմտածելու վկայական,

5․ Միջին վիճակագրական տուն տանելու աղջիկ դառնալու գրավոր պայմանավորվածություն:

Լավ, շատ եղավ, էն լուսանկարը՝ մինուս։ Երբ ներկայացնես էս բոլոր փաստաթղթերը, մայրիկը վերջնական հարցազրույցի օր կնշանակի։ Էդ հարցազրույցին կարող ես տանել 7 օրվա ուտելիք, հագուստ ու համբերություն։ Եթե դու կարողացար անցնել այս բոլոր կետերը, քեզ կտրամադրվի արտոնագիրը, որը կապահովի հայրիկի դեսպանատան մուտքը։ Այս արտոնագիրը թերևս ամենաբարդն է, ու շատ դիմողներ կտրվում են հենց այս փուլից։ Այս փուլին մասնակցելու համար դու պետք է աշխատեցնես քո բոլոր սրամիտ քայլերը։ Էստեղ պետք չեն հատուկ փաստաթղթեր, պարզապես պետք է տակտիկայով առաջ շարժվես։ Օրինակ․

1․ Հասկանալ հայրիկի տրամադրությունը,

2․ Եթե գինովցած է, նենգորեն օգտվել առիթից:

Երբ ստանաս ծնողներիդ դեսպանատան վիզաները, հավատա, դրանով էլ ոչինչ չի ավարտվում։ Պիտի զգույշ ապրես, նվազեցնես նրանց բարկացնելու հավանականությունը ու ավելացնես սերն ու նվիրվածությունը՝ պայմանագրի յուրաքանչյուր կետ կատարելիս։ Մի խոսքով՝ քեզ կանաչ մազերը ձեռք չեն տալիս։ Մոռացիր, դու էսպես ավելի ապահով ես։

Դե հիմա կասեք՝ բա ո՞րն ա էդ 18-ի խերը։ Ասեմ՝ դու առավելություն ես ստանում ավելի լուրջ հարցեր տալու նրանց, օրինակ՝ կարո՞ղ եմ գնալ գրողի ծոցը, իսկ դրա՞խտ գնամ, թե՞ դժոխք։

***

-Ես իմ քննությունից առաջ 4 ժամ քնեցի։

-Ինչի՞ Մըկ, քննությունից առաջ պիտի լավ քնես։

-Դե, Վալյա ջան, էդքան էլ հեշտ չի։

-Ես էսօր գնալու եմ ու ժամը 21։00-ից պառկեմ։ Պիտի լավ քնեմ, որ առավոտը շուտ արթնանամ ու գնամ։

Ժամը 20 անց 30 էր, ես արդեն հորդորում էի սենյակի դուռը չբացել, որովհետև ուզում եմ քնել։ Փոքր եղբորս բացատրում էի, որ էսօր ինչ էլ լինի, չգա սենյակ։ Մահճակալը պատրաստեցի ու պառկեցի, բայց ընթացքում ընդունում էի ընկերներիս վերջին պաշտոնական մաղթանքները։ Մեկն ասում էր՝ չլարվես, մյուսը թե բա՝ տրամադրությունդ բարձր կպահես, էն մյուսը՝ անձնագիրդ չմոռանաս, որովհետև ինքը հավի պես առանց անձնագիր գնացել էր քննության, էն մյուսն ասում էր՝ չես էլ իմանում, ոնց ա ժամանակը սահում։ Հիմա արդեն ուզում եմ աչքերս փակեմ, հիշում եմ, որ սիրտս պոպկորն ա ուզում։ Սկսվում է մենախոսություն իմ ու իմ եսի միջև։

-Չէ, դե, հրա՛շք։ Չի կարելի 6-ից հետո նման բաներ ուտել։ Գոնե էսօր ստամոքսիդ համոզի։

-Հա, չէ, գի՞ժ ես։ Քնում եմ։

-Դե քնի։

-Ուղղակի, դու պիտի անես էն, ինչ ուզում ես։ Կյանքը մարդուն մի անգամ ա տրվում։ Բլա՜, բլա՜, բլա՜…

-Լավ, բայց շուտ կգաս։

11-ն էր, երբ արդեն կերել էի իմ պատրաստած պոպկորնը։ Պոպկորն էլ կերա, բա սպագետի՞ն։ Գիշերվա հազարին սպագետի պատրաստեցի ու դա էլ կերա։ Ամեն ինչ արել էի, բացի քնելուց։ Պառկեցի, բայց էլի մտածում էի։ Չէի կարողանում քնել, ժամերն ապարդյուն անցնում էին։ Երևի ժամը 3-ն էր՝ քնեցի, 6 անց կես առանց զարթուցիչի ձայնի արթնացա, որովհետև գիշերը էն մտքով էի քնել, որ ուշանալու եմ։ Ու ամենատարօրինակը էն էր, որ երազումս տեսնում էի, թե քննության ժամանակ, երբ հարցը կարդում էի ու պատասխանը նշում էի, պատասխանը չէր նշվում։ Վերջում բերել էր, որ ես ոչինչ չեմ նշել։ Քննությունից առաջ էլի եմ նման երազներ տեսել։ Ամենաշատ տպավորված երազս էն էր, որ քննությունը անցկացնում էին հողի տակ։ Մարդիկ մեծ փոսեր էին փորել ու համակարգիչները դրել էին հողի տակ։ Երեխաները, որոնք պետք է քննություն հանձնեին, պիտի 3 վայրկյանում այդ փոսով սահեին ներքև ու հայտնվեին համակարգիչների առաջ։ Ես անվերջ սահում էի այդ փոսի միջով, կարծես ժամեր էին անցել, բայց էդպես էլ չէի հասնում համակարգչիս։ Մի անգամ էլ տեսել էի, որ քննությունը անցկացնում են ջրի տակ, ու եթե 4-ից ավելի ժամ չես կարող մնալ ջրի տակ, ուրեմն չես էլ կարող մասնակցել։ Ես էլ փորձում էի, մի քանի անգամ խեղդվում ու մեռնում էի, նորից էի ծնվում, խեղդվում, մեռնում ու էդպես մինչև առավոտ։

Հասնելով քննական տեղամաս, դու հասկանում ես, որ չկան հողե փոսեր, ջրային թեստեր ու չնշվող տարբերակներ։ Կա ժամանակ, կա խնդիր ու կա լուծող՝ դու։

***

Միշտ բացում եմ նոթբուքը, ինքս ինձ ականջներիցս արյուն կաթալու չափ ասում եմ՝ էսօր պիտի լուրջ նյութ գրեմ՝ խորը ու փիլիսոփայական, որ մարդիկ կարդալուց ձեռքը դնեն իրենց ծնոտին ու ասեն՝ այ, այստեղ, որ գրել ա` թափանցիկ սիրամարգ, ինքը նկատի ա ունեցել, որ անմահության հասնող ճանապարհը հավերժ է, ինչպես թափանցիկ սիրամարգի փետուրները, որոնք պոկելուց հետո ես հասկանում, որ դրանք իրականում չեն էլ եղել։ Հետո մի քանի ընթերցողներ նյութիս մեկնաբանությունների դաշտում վիճեն, ասեն՝ գրողը նկատի չի ունեցել դրանց փետուրների առկայությունը նախկինում, ուղղակի կասկածի տակ է դրել թափանցիկ սիրամարգի գոյությունը։ Բայց գրելու ընթացքում ու գրելուց հետո հասկանում ես, որ դու ինչ տրամադրություն էլ ունենաս, մեկ է՝ դու մի անլուրջ բան ես գրելու։ Հիասթափվե՞լ ես, տխրե՞լ ես, նեղվե՞լ ես, ու ընդհանրապես՝ մեռե՞լ ես, հոգ չէ, գնա ու գրիր կարմիր ծիածանների մասին, վերջում քեզ ու քեզ ծիծաղիր, որ չկան նման ծիածաններ, ուղղակի դու անկապ «խորացել ես», բայց ինքդ քեզ ապացուցիր, որ նորմալ չի դրանց բացակայությունը։

Մի ժամանակ ուզում էի բարի սիրային երկխոսություն գրել, բայց գրելուց «կծում» էի հերոսներին, սարկազմով էի մոտենում իմ հորինած մարդկային լուրջ հարաբերություններին, ջնջում էի գրածս ու սկսում էի մի տափակ թեմա քննարկել՝ ծովախոզուկներիս ուսիս դրած։

Ժամանակի ընթացքում դու հասկանում ես, որ չես կարող ձգտել մի բանի, որը քոնը չէ։ Իսկ վերջում հասկանում ես, որ դու սովորական ապուշ էիր։ Երևի էլի եմ ասել։ Տեսնես միայն ի՞նձ է թվում։

-Ապուշը դու ես,- ասաց «քուչում ճշտով աբրած» Գուրգենչիկը։

-Ես ի՞նչ իմանամ, կապրենք, կտեսնենք, – ասաց լավատես Վարդուշիկը։

-Տո, բա ինչ ենք, – վերջապես համաձայնեց իմ «ես»-ը։