milena barseghyan

Երեք կանգառ

Մի ամիս է` ուզում եմ այս դեպքի մասին գրել, պատմել, չի ստացվում։ Կարդա ու հետո ինձ բացատրիր՝ ինչո՞ւ չէի կարողանում գրել։

Ինձ տուն բերող ու տնից էլ կենտրոն հասցնող ավտոբուսը մեկն է: Անգիր գիտեմ բոլոր վարորդներին ու իրենց վարելու ձևը, գիտեմ՝ որ վարորդի դեպքում քանի րոպե կուշանամ, որ վարորդն է պարտադիր ռադիո լսում, որ վարորդն է առհասարակ վատ լսում ու կանգառներում չի կանգնում, ու վերջապես՝ որ վարորդն է իմ ամենասիրելին, ում ավտոբուսում միշտ հետաքրքիր դեպք է լինում՝ պատմելու, գրելու աստիճան հետաքրքիր։

-Ծերանոցի մոտ կկանգնեք, վարորդ ջան,- բարձր, ամբողջ ավոտոբուսով մեկ լսելի ասաց սպիտակահեր պապիկը։

-Երեք կանգառ կա դեռ, պապի, համ էլ ո՞նց, իջնո՞ւմ ես, երեկ ասեցիր՝ վաղը հետդ կպտտվեմ։

Մտածեցի․ «Պապիկի հետ ծանոթ են փաստորեն, կամ էլ նույնիսկ մտերիմ են»։

-Չեմ մոռացել ասածս, բայց երեք կանգառ հետդ գամ՝ հերի՞ք չի։ Հետդ պտտվեմ որ ի՞նչ, մեկ ա՝ Երևանից էն կողմ չես գնում, սկի Շուշի չես հասնում։

Վարորդը դիմապակու հայելուց ժպտաց պապիկին։ Ինձ թվաց՝ ամբողջ ավտոբուսը ժպտաց, ավտոբուս չնստած մարդիկ էլ ժպտացին։

Էն ասված երեք կանգառից առաջինին հասանք։

-Ըհը, հիվանդանոցի կանգառն ա, ժողովուրդ ջան, իջնող չկա՞։

Լսվեցին՝ չկա, չկա։

-Երեք «վարիանտ» կա․ կամ հիվանդ չեք, կամ հիվանդ բարեկամ չունեք, կամ էլ՝ հիվանդատես գնալու «զահլա» չունեք,- էլի շատ բարձր ասաց պապիկը։

Ժպտացի, բայց կիսաթախծոտ մի բան զգացի։

Երկրորդին հասանք։

-Ըհը, էս էլ եկեղեցու կանգառը․ իջնող կա՞։

-Այո, կանգնեք,- ասաց մի կին։

Կնոջ իջնելուց հետո պապիկն ասաց․

-Մի վարիանտ․ ընդամենը մի աղոթող կա։

Երկար լռություն էր մինչև հասանք երրորդ կանգառին։

-Այ, էս իմ կանգառն ա,- դառնալով ժողովրդին՝ ավելացրեց,- չեմ հարցնում, միակ իջնողը ես եմ,- դառնալով վարորդին,- էս կոնֆետները ստացի, ես իջա, վաղը կհանդիպենք։

-Շատ ես տվել, պապի,- ասաց վարորդը լրիվ լուրջ։

-Հա՞, դե լավ, երկու հոգու ստացի, մեկն էլ Սերժ Սարգսյանի տեղը, վերջում կիջնի։

Բոլորը ծիծաղեցին, բայց ես՝ չգիտեմ։ Զգում էի, որ հենց մի հատ թարթիչներս իրար անեմ, լացս կգա էս երեք կանգառների ու չիջնելու «վարիանտների» համար։