Երեք շրջանավարտ

Չեմ ասում ընդհանրապես, բայց էս վերջերս շատ չէի գրում: Դե, բնականաբար «Վերջին զանգ», փորձ, երգ, պար, բարձրախոս, ու շնորհավորանք, դրանց գումարած հյուրերի մեծածավալ դիմավորում: Այս պահին որոշ չափով թեթևացել եմ գործերից, եթե թեթևացել եմ գործերից, ապա պետք է նյութ գրեմ, հնարավոր չի չգրել: Նյութս սկսեմ դեռ ահը սրտումս, որ մնացել է մեր «Վերջին զանգից»: Ինչո՞ւ ահը սրտումս՝ կասեմ:

Վերջին զանգ, բեմ, մարդիկ, պատասխանատու պահ ու բեմի վրա կանգնած երեք աշակերտ, երեք տասներկուերորդցի: Առաջին անգամ երգեցի մի քանի տասնյակ մարդկանց առաջ, մոռացա լարվելու մասին ու իմ ուժերով, պարելով, բեմի վրա քայլելով սկսեցի երգել: Բայց լսեցի իմ մտածածի հակառակը. «Վայ, ինչ լավ ես երգում» և «Ապրես դու» արտահայտությունները: Հա, մոռացա նաև ասել, որ երբ ինձ համար հանգիստ երգում էի բեմի վրա, այդ ժամանակ լրագրողներն ինձ նկարահանում էին, լուսանկարում: Մեր վերջին զանգը շատերին էր հետաքրքրել, քանի որ Բաղանիս գյուղը սահմանին է, իսկ ավարտականները՝ ընդամենը երեք երեխա, ընտիր թեմա է:

Երգելուց հետո ես գտնվում էի սցենարի 13-րդ կետում: Ուզում էի ամեն ինչ անել, որ հասնեմ հրաժեշտի խոսքի հատվածին՝ կետ 65-ին: Մի կողմից, երբ հիշում էի «Հրաժեշտի խոսք» ենթավերնագիրը, ուզում էի նորից սկսել:

Դե լավ, հիմա ավարտվել են հանդիսությունները, բայց մի րոպե, մինչ մեր դպրոցն ավարտելը կա ևս մեկ դպրոց: Չէ, չէ, սխալ մի հասկացեք. ես երկու դպրոց չեմ գնացել, խոսքը կողքի գյուղի՝ Ոսկեվանի մասին է: Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ կա այդ ավանդույթը. շնորհավորելու են գալիս կողքի գյուղացիները, ու այնպես դասավորում օրերը, որպեսզի չհամընկնեն միջոցառման օրերը: Մեր վերջին զանգին եկան մեր կողքի գյուղի ընկերները, հաջորդ օրն էլ ոսկեվանցիների վերջին զանգն էր, և մենք պիտի ներկա գտնվեինք այնտեղ: Ճիշտն ասած, ուզում էի նյութս հենց մեր վերջին զանգի օրը ուղարկեմ, բայց սպասեցի՝ գնանք Ոսկեվանի շրջանավարտներին շնորհավորելու: Գնացինք, հասանք, բայց մի տեսակ ոնց որ չերևաս, 18 շրջանավարտների գնացել են շնորհավորելու երեքը: Դե հաստատ դատարկ ձեռքով չէինք գնացել, երբ նվերները հանձնում էինք, նրանք կատակով ասում էին՝ ինչքան վարկ եք վերցրել, որ նվերներ եք գնել: Բայց չպետք է անտեսել կամ ավանդույթը խախտել:

Ահա այսպես են սահմանամերձ գյուղերում նշում վերջին զանգը: Բաղանիսում երեք հոգի էինք այս տարի, սակայն շատ եմ ուզում հավատալ, որ մեր դասարանը հետագա բոլոր տարիների շրջանավարտների մեջ ամենափոքրաթիվն է լինելու: