Milena movsesyan yerevan

Երթուղային-հիվանդանոց

-Ես էդքան դեղի փող որտեղի՞ց տամ: Թողեցի, եկա:

Երբ խոսում են երկրում տիրող աղքատության մակարդակի մասին, հայտնում են ինչ-որ տոկոսային թվեր, իրապես չես պատկերացնում երևույթի լրջությունն ու ցավը: Իսկ երբ սեփական աչքերով ես տեսնում, ավելի քան համոզվում ես:

Վերջերս ականատես եղա մի տարօրինակ դեպքի: Երթուղային բարձրացավ մի ծերունի: Հագին կիսաթև վերնաշապիկ էր, իսկ դրսում՝ ձմեռ: Ողջ մարմնով դողում էր: Նրան նայելով՝ ուղևորներն էլ սարսուռ զգացին: Նկատեցինք, որ կաթիլային է միացված ուռած ձեռքին: Բարեբախտաբար, բժշկությունից հասկացող մի կին կար, որն ապահովեց սարքի ճիշտ աշխատանքը: Մյուսները քաղցրավենիք և միրգ հյուրասիրեցին քաղցած հիվանդին: Չեմ մոռանա, թե ինչպիսի ագահությամբ էր ուտում: Պարզեցինք, որ հիվանդանոցից ինքնակամ դուրս է եկել՝ դեղերի գումար չունենալով: Իսկ տանը նույնիսկ խնամող չունի: Բարկացած տատիկները խորհուրդ էին տալիս միանգամից քաղաքապետարան գնալ:

Մտածում եմ՝ կգտնվի՞ որևէ մեկը, ով կհնչեցնի մեղավորների անունները, կասի պատճառների մասին ու կառաջարկի լուծումներ: