Երիտասարդները հանուն համայնքի զարգացման

Օգոստոսի 5-11-ին մասնակցեցի Օրրան ԲՀԿ-ի կազմակերպած «Երիտասարդները հանուն համայնքի զարգացման» ծրագրին, որը ֆինանսավորվում է ԱՄՆ դեսպանատան կողմից։ Ծրագրում ներգրավված են Լոռու մարզի 10 համայնքներից 30 ակտիվ, նախաձեռնող, գաղափարներով լի երիտասարդներ։ Ծրագրի առաջին փուլը 6-օրյա ամառային ճամբարն էր․ հետագայում միասին էլի շատ բաներ ունենք անելու։ Ծրագրի նպատակն է՝ երիտասարդներին տալ համապատասխան գիտելիքներ ու ցուցաբերել օժանդակություն՝ համայնքներում երիտասարդական կենտրոններ ստեղծելու, համայնքի զարգացմանն ուղղված ծրագրեր մշակելու համար։ Հաղթող ծրագրերն իրականացնելու համար հատկացվելու են դրամաշնորհներ։

Իմ ամռան ամենահետաքրքիր ու բովանդակալից օրերն էին։ Բանիմաց, փորձառու մարդիկ էին հրավիրված դասընթացները վարելու համար։ Գիտելիքներ ստացանք թիմային աշխատանքի, առաջնորդության, մեդիագրագիտության, քննադատական մտածողության, սոցիալական ձեռներեցության, ֆոնդհայթայթման, CV գրելու, աշխատանք փնտրելու, կամավորության, մարքեթինգի, նախագծի կառավարման, բանավեճի արվեստի, հաղորդակցման հմտությունների, շահերի պաշտպանության մասին։ Հյուրընկալեցինք Erasmus+ ծրագրին, որն արտասահմանում կամավորական աշխատանքի շատ մեծ հնարավորություններ է ընձեռում։ Այդ 6 օրերի ընթացքում պատրաստվեցինք ֆլեշ-մոբի ու օգոստոսի 12-ին՝ երիտասարդության միջազգային օրը, VTC-ի բակում պարեցինք։ Ի դեպ, այդ օրը մեր թիմով մասնակցեցինք նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը։ Անմոռանալի էին նաև մեր խաղերը, երեկոյան դիսկոտեկները, պարերն ու վերջին օրվա հրաժեշտի խարույկը։

Բնականաբար, չէինք ուզում բաժանվել 6 օրում շատ հարազատ դարձած մարդկանցից, բայց մյուս կողմից էլ, լցված էինք անսահման էներգիայով, եռանդով, վճռականությամբ ու անհամբերությամբ, որ գնանք մեր համայնքներ ու ինչ-որ մի բան փոխենք դեպի ավելի լավը։

Դու դառնում ես ուժեղ, երբ քեզ ասում են, որ դու կարող ես, հավատում են քեզ ու քո ուժերին։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում «մատը խառն է» այս ծրագրի մեջ։

Ի գո՛րծ, երիտասարդնե՛ր, մենք կարող ենք, մենք պետք ենք։