mariam tonoyan

Երիտասարդ բիզնեսմենը

Աշխարհում բիզնես գաղափարները միլիոնավոր են, որոնցից, սակայն, ոչ բոլորն են հաջողության հասնում և շահույթ ապահովում: Ոչնչից հաջողակ բիզնեսի հասնելը բավականին բարդ է, բայց ամեն բան կախված է նպատակասլացությունից, երևակայությունից և աշխատանքից: Ահա այս հատկանիշներն ունի 16-ամյա Սերյոժա Կոտոլկյանը, որն արդեն մեկ տարի սեփական բիզնեսն է հիմնել. կախասնկեր է աճեցնում:

kaxasunk 1

-Կախասնկեր աճեցնելու միտքն առաջացավ մի քանի տարի առաջ, երբ ուզում էի ազատ ժամանակս անցկացնելու այնպիսի զբաղմունք գտնել, որի շնորհիվ հնարավոր կլիներ նաև գումար վաստակել: Կարևոր չէր, թե ինչ բիզնես, պարզապես սկիզբ էր պետք,- ասում է նա:

Յուրաքանչյուր բիզնես էլ մինչև հաջողության հասնելը շատ խոչընդոտների է հանդիպում: Սերյոժան պատմում է, որ սկզբում ոչ ոք լուրջ չէր ընդունում իր գաղափարը, բայց Սերյոժայի խոսքը շուտով գործի է վերածվում։

-Շատերը չէին հավատում, որ կարող եմ անել դա, իսկ դժվարություններն իսկապես շատ էին. սնկերը միանգամից չաճեցին, ստիպված եղա ամեն մանրուք առանձին ուսումնասիրել, համապատասխան պայմաններ ստեղծել, մինչև արդյունքի հասա: Չնայած այդ բոլոր դժվարություններին, ինձ միշտ աջակցել են ծնողներս, ընկերներս ու հարազատներս:

Իրենց նկուղում սեփական բիզնեսը Սերյոժան հիմնել է 30.000 դրամով: Սնկեր աճեցնելու տեխնոլոգիային ծանոթացել է ինքնուրույն՝ համացանցից տեղեկություններ հավաքելով, վիդեոհոլովակներ դիտելով և համապատասխան գրականություն ընթերցելով: Բիզնես կառավարման և մարքեթինգային տարբեր հնարքների մասին երիտասարդ բիզնեսմենը սովորել է հատուկ դասընթացների ժամանակ:

kaxasunk_n

-Սկզբում կախասնկերի աճեցման համար հատկացրել էի 4 քառակուսի մետր տարածք, բայց այժմ այն 5 անգամ ընդարձակել եմ,- պատմում է Սերյոժան,- սնկերը ցանում եմ ծղոտով լցված պարկերի մեջ և ամեն օր որոշակի ժամանակ եմ տրամադրում դրանց խնամքի համար: Չնայած առաջին բերքն ամենաառատն է լինում, այնուամենայնիվ, որպեսզի սնկերը լավ աճեն, պետք է դրանց հետ շփվել, հաճախ երաժշտություն միացնել, որը նույնպես կնպաստի դրանց աճին:

Սերյոժայի նպատակներն այսպիսով չեն սահմանափակվում: Նա նախատեսել է մոտ ապագայում նաև շամպինիոն տեսակի սունկ աճեցնել, այժմյան տարածքը էլ ավելի ընդարձակել և ստացված բերքն իրացնել ոչ միայն անհատ գնորդների շրջանում, այլև սուպերմարկետներում: