mariam tonoyan

Երիտասարդ քրիստոնյայի աչքերով (մաս 1)

-Այն ժամանակ էլ սիրում էի եկեղեցու պատերի ներսում սառած անուշ խնկաբույրը, երբ մայրս ինձ իր հետ եկեղեցի էր տանում,- պատմում է Սմբատը,- նայում էի եկեղեցու վեհ պատերին, սևազգեստ պարոններին ու նրանց երգի ներքո փորձում էի բառեր մրմնջալ՝ իբր ես էլ եմ երգում: Դեռևս փոքր հասակից սիրել եմ այդ վայրը՝ եկեղեցին, այնտեղ հնչող այդ տարբերվող երգերը, մորուքավոր, բարի մարդկանց, որ այդտեղ էին աշխատում: Մայրիկին անընդհատ հարցեր էի տալիս, իսկ պատասխանները լսելիս՝ զարմացած կրկնում էի, որ հանկարծ չմոռանամ: Ապա, երբ մեծացա և սկսեցի իրարից զատել չարն ու բարին, լավն ու վատը, ուզեցի ընկերոջս՝ Պարգևի նման ես էլ խորան բարձրանալ: Պարգևի հայրը՝ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը, խրախուսեց որոշումս ու ոգևորեց ինձ: Ընկերներս, հարազատներս, գրեթե բոլորը դեմ էին: Ի՞նչ արած, կարծրատիպերն ամուր արմատներ ունեն, բայց ես չհանձնվեցի ու հասա իմ նպատակին:

Հինգ տարի առաջ առաջին անգամ խորան բարձրացա: Չնայած հաճախ էի մասնակցել պատարագներին, բայց, այնուամենայնիվ, ամեն բան շատ դժվար էր, անհասկանալի, չէի հասկանում՝ ինչ էր պետք անել: Ամբողջ ընթացքում ինձ օգնեցին Տեր հայրը և Պարգևը, իսկ հիմա արդեն ես եմ իմ խորհուրդներով օգնում նորեկներին: Ամեն պատարագի ես նոր բան եմ սովորում, արդեն գիտեմ իմ անելիքը, և նախքան պատարագի սկսվելը, շտապում եմ մաքրել խորանը, վառել կանթեղները, նախապատրաստել ամեն բան պատարագի համար:

Մեր այժմյան երիտասարդությունը, հարմարվելով ժամանակակից կյանքին, աստիճանաբար հեռանում է հավատից, մոռանում քրիստոնեական մաքուր կերպարի մասին, հաճախ նույնիսկ եկեղեցում քրիստոնյային ոչ հարիր վարքագիծ դրսևորում:

Պատարագներին մասնակցելով հասկանում եմ, որ մեր եկեղեցու գլխավոր խնդիրներից մեկն է քրիստոնյա հավատացյալների սակավությունը: Ամեն անգամ եկեղեցում նոր դեմքեր նկատելով՝ անասելի ուրախանում եմ ու մտքում աղոթում, որ Աստված նրանց հավատն անսասան պահի:

Ինձ համար եկեղեցին մի աշխարհ է, որտեղ գտնում եմ իմ հարցերի պատասխանները, ամեն քարոզ օգնում է ճիշտ գործել տարբեր իրավիճակներում: Եկեղեցին հնարավորություն է տալիս մաքրագործվելու, և եթե մարդիկ ապրեն ամուր հավատով, նրանք զերծ կմնան փորձություններից ու կապրեն այնպես, ինչպես առաջին մարդիկ, այսինքն՝ դրախտում: