Ani Evinyan

Երկարատև հրաժեշտ

 Մի օր, երբ սովորականի պես հավաքվեցինք մեր բակում (այն բակում, որի մասին Սերինեն, ով նույնպես Կոթիի մեր թղթակիցներից է, գրել էր: Մի խոսքով, խոսքը «Սայադիկանց քուչի» մասին է), ընկերուհիս ասաց.

- Ան,  կարող ա գնամ սարը, ասի` գամ ձեզ հաջող անեմ: Համ էլ` մի լավ խաղ անենք:

- Գնո՞ւմ ես: Այդպես զրույցը շարունակվեց: Մի լավ խաղացինք բակի երեխաներով: Արդեն հրաժեշտի պահն էր, ի դեպ ընկերուհուս հետ գնալու էր նաև իրենից մի քանի տարի փոքր եղբայրը: Հրաժեշտ տվեցինք, գնացինք տուն:

Մյուս օրը զանգեցի.

- Մայ, գեղըմն ե՞ս:

-Հա:

-Հու… Լավ ա: Վաքվըմ չե՞ք:

-Եսիմ…

-Խու քնա՞ծ չէիր: Ձենդ մի տեսակ ա:

-Չէ:

Հա, մոռացա ասել, ես ընկերուհուս զանգել էի վաղ առավոտյան: Նորից հավաքվեցինք: Նորից խաղացինք, նորից հրաժեշտ տվեցինք, սակայն մյուս օրը նույնպես եկավ բակ: Եվ երբ իրոք հրաժեշտի պահն էր եկել, ոչ մեկս չէինք հավատում, քանի որ ամեն օր հրաժեշտ էինք տալիս, մյուս օրը տեսնվում էինք:

-Հաջող ձեզ, գնացի: Կարող ա` սօր րիգու գնամ սարը:

-Մեկ ա` վաղը գալու ես:

Գնացինք տուն: Երեկոյան զանգ ստացա:

-Ան, գնում եմ: Զանգել եմ հաջող անեմ:

-Հաջող: Կկարոտեմ: Ուզեցի երկար զրուցել վերջին անգամ, այն էլ.

-Ան… Գնում եմ, ժամանակ չկա:

-Չմոռանաս ինձ: Կզանգես: Հա, ու մեկ էլ, սարածաղիկս չմոռանաս…

-Հա, հա:

Մի քիչ ինձ վրա բարկացած էի, քանի որ մի լավ չզրուցեցի: Բայց հաջորդ օրը զանգեց, հարցուփորձ արեց, տեղեկացրեց այնտեղի իրադարձությունները:

-Բա մեր դասարանիցն էլ րեխերք կան:

-Հա~, դե լավ ա: Ձեր հմար էլ հավես կըլի…

Ամեն օր հեռախոսով զրուցում ենք: Ճիշտ է, այնտեղ շատ հաճելի միջավայր է, բնությունը նույնպես, բայց ես ցանկանում եմ, որ մեկս լինենք մյուսիս հետ: Իրարից անբաժան: