Երկիրը մեր ինքնության շուրջն է պտտվում

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Կարդում էի Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքը։ Մի միտք երկար մտածելու, մի փոքր էլ՝ հետազոտություն անցկացնելու առիթ տվեց: Այն մոտավորապես այսպիսինն էր․«Եթե մարդ տարված չէ որևէ լուրջ գործով, ապա նրա մտքերի մեծ մասը սեփական ես-ի մասին է»: Գրքի մեկ այլ հատվածում էլ ասվում էր, որ մարդու ականջին ամենահաճելի բառը՝ սեփական անունն է: Ճիշտ է, չէ՞: Երևի դուք հիմա փորձում եք հակառակն ապացուցող որևէ փաստարկ գտնել, բայց որքան էլ տարօրինակ կամ ցավալի լինի, դա իրոք այդպես է:

Կյանքում ամեն բան կախված է մեզնից ու կապված է մեզ հետ: Այսպես է կարծում մեզանից յուրաքանչյուրը: Միշտ, ամենուր, մեր բոլոր մտքերը, ինչ-որ չգրված օրենքով անընդհատ վերադառնում են նույն կետին. «Իսկ ինձ ի՞նչ դրանից»:

Երկրում իշխանափոխություն է, ցույց կամ մեկ այլ բան։ Առաջինը, որ մեր մտքով անցնում է, այն է, թե դրանից հետո ի՞նչն է լավ կամ վատ լինելու մեզ համար:

Որևէ երկրում երկրաշարժ է կամ ցունամի, իսկ մենք ասում ենք․«Կարևորը, որ մեզ ոչինչ չլինի»:

Կմտածեք, թե օրինակներս չափազանցված են, բայց դրանք հեշտությամբ կարող ենք փոխարինել ցանկացած օրինակով, սկսած ամենապարզ մարդկային հարաբերություններից: Երբ մեզանից որևէ մեկն ասում է․«Ես ուզում եմ..», աշխարհը նրա համար դառնում է միջոց, գործիք` ուզածին հասնելու համար: Դա կարող է լինել ցանկացած բան, նույնիսկ առաջին հայացքից աննշան թվացող: Բայց դա էական չէ: Մենք պատրաստ ենք ոչնչացնել ու տրորել այն ամենը, ինչ կհանդիպի մեր ճանապարհին, միայն թե հասնենք մեր նպատակին, անգամ, եթե դրա համար կորցնենք ունեցած-չունեցած ընկերներին ու հարազատներին: Սա է մեր կյանքի փիլիսոփայությունը: Բայց մի՞թե մարդուց գերբնական ունակություններ են պահանջվում ինչ-որ բան անելու համար։

Քարնեգին գրքում մի լավ խորհուրդ էր տալիս: Նա ասում էր, որ ձեր ցանկությունների մասին մտածելուց առաջ նախ մտածեք՝ այդ ամենը հետաքրքրո՞ւմ է դիմացինին, թե՞ ոչ: Կարևոր է նաև ընդունել, որ մարդկանց մեծամասնությանը մեր ցանկությունները, մեղմ ասած, չեն «հուզում»: Իսկ մյուսներին մեր ցանկությունները հետաքրքիր դարձնելու համար նախ պետք է կարողանանք հասականալ, թե ինչ են ցանկանում նրանք: Դա իրականում այնքան էլ բարդ չէ, ու գերմարդկային ջանքեր չի պահանջվում: Ընդամենը պիտի սովորենք ես-ից բացի մտածել նաև դու-ի ու նա-ի մասին: Իսկ դա միայն մեզանից է կախված: Եվ հետո, կարող ենք մտածել, որ այդպես մեզ համար էլ լավ կլինի:

Տեսնո՞ւմ եք՝ նույնիսկ այդ դեպքում խոսքը հանգում է մեր ես-ին ու նրա ցանկություններին:

Շարունակենք: Մի փոքր էլ իմ փոքրիկ հետազոտության մասին: Գիրքը կարդալուց հետո որոշեցի ավելի ուշադիր լինել իմ կամ մեկ ուրիշի հետ զրուցող մարդկանց խոսքերի ընդհանուր բովանդակությանը: Կարծում եմ կռահեցիք, որ նրանք ամենից առավել սիրում են խոսել իրենց մասին: Խոսքը կարող է սկսվել քաղաքականությունից, եղանակից կամ շոուբիզնեսից, բայց այն վերջ ի վերջո լցվում է «Ես» անձնական դերանվան բոլոր հոլովներով: Բոլորս ենք այդպիսին: Դա ենթագիտակցաբար է, պատահաբար, կամ պարզապես եսասիրություն է, բայց այդպես է:

Մենք ապրում ենք՝ անընդհատ պտտվելով մեր իսկ շուրջ: