Երկնքի առաջ

Լուսանկարը` Շուշան Դաբաղյանի

Լուսանկարը` Շուշան Դաբաղյանի

Մանկուց, երբ ցանկացել ենք նկարել երկինք, ամպեր, միշտ շտապել ենք վերցնել կապույտ մատիտը։ Բայց ժամանակի հետ հասկացել եմ, որ կապույտով կարելի է նկարել ծովեր, ջրեր, ծաղիկներ, բայց ոչ երկինք։ Հասկացել եմ, որ սպիտակի վրա արված անհամաչափ գծիկները երկինք չեն։ Այն ավելի խորհրդավոր է ու շքեղ, քան մեր պատկերացումները։ Օրվա մեջ տարբեր ժամերի երկնքին նայելիս՝ հաշվում եմ անթիվ գույներ, տարբեր պատկերներ եմ տեսնում… Միգուցե ե՞ս եմ իմ մեջ կենդանացրել երկինքը։

Լուսանկարը` Շուշան Դաբաղյանի

Լուսանկարը` Շուշան Դաբաղյանի

Գեղեցիկ ու գունավոր է երկինքը մայրամուտի ժամանակ. անթարթ աչքերով երկնքին նայելիս արժե հիանալ։ Ամեն անգամ այնքան յուրովի է երկինքը մայրամուտին ներկվում, կարծես այլևս մայրամուտներ չեն լինի։ Ամեն մայրամուտ մի նոր արևածագի սկիզբ է, և ամեն մի արևածագ նոր երկինք է բերում։ Ինչե՜ր է տեսել երկինքը ջինջ, ինչե՜ր կպատմի, եթե հարցնես։ Ինչպիսի՜ ճակատագրեր է կրել և ինչպիսի սերերի վերջ դրել կամ նոր սկիզբ ներարկել։

Երբ մնում ես մենակ կանգնած երկնքի առաջ, երբ ուղղակի չես կարող որևէ ձևով արտահայտել ցավդ, ուրախությունդ կամ սերդ, կանգնիր, գոռա, լացիր կամ ցնծա երկնքի առաջ։ Մի խոսուն լռություն կտա նա քեզ, և չես էլ զգա՝ ինչպես ես փոխվում ինքդ քո առաջ։