nelli khachatryan

Երկու աչք, մի բերան, մի քիթ ու հիմնականում երկու քթածակ

Մենք նման ենք իրար, որովհետև դու ինձ դուր ես գալիս, կամ հակառակը, կամ` երկուսն էլ:

Մեկ-մեկ զարմանում եմ` մարդիկ ոնց են իրար տարբերում: Ախր, ես էլ, դու էլ ունենք երկու աչք, երկու ունք (հիմնականում), մի քիթ, երկու քթածակ (էս էլ հիմնականում), մի բերան: Որ մի այլմոլորակային գա, հաստատ ոչ մեկիս չի տարբերի իրարից, դա երևի նույնն է, որ ես մեր տան երկու սարդերին դիմագծերով տարբերեմ: Բայց փաստը մնում է փաստ, որ բոլորս իրարից տարբեր ենք, ամեն դեպքում՝ մենք նախընտրում ենք էդպես մտածել: Ինչքան էլ իրարից տարբեր լինենք, մենք մեզ փորձում ենք մեզ նման մարդկանցով շրջապատել… Զուտ հարմարության համար:

Բայց մի րոպե, որ մտածում էի՝ նյութս մի քիչ ուրիշ ձև էր հնչում: Ուզում էի ասել, որ հաճախ մենք ենք ուրիշներին նմանակում: Այ հիմա էլ, որ մտածում եմ, նույնիսկ գրելաոճս մի քիչ մի մարդու գրելաոճին նմանացրի, ում գրածները շատ եմ հավանում: Ու դու էլ, եթե դուրս գալիս ես, քեզնից մի բան իմ մեջ հաստատ կա: Մի բառ, մի շարժում կամ մի ժեստ: Բա տեսնես ինձնից ո՞վ է ինչ-որ բան նմանակում, միգուցե էն բառը, որ ես էլ հենց նոր ուրիշից «գողացա»:

Խոսելն ու շարժումները հլը հեչ, մարդիկ, երբ ամուսնանում են, արտաքնապես են սկսում նմանվել: Լուրջ: Սկսում են միմյանց դիմախաղը նմանակել: Ու բացի ընթացքում նմանակելը, քանի որ մարդիկ ընդհանրապես ինքնասիրահարված արարածներ են, զույգ ընտրելուց էլ են իրենց նմաններին ընտրում:

Բոլորս ուզում ենք տարբեր լինել, բայց վազում ենք նմանի հետևի՞ց: Չնայած, որ մտածում եմ, մեկ է՝ էդ երկու սարդերը էն անկյունում նեղացած ինձնից են խոսում, որ ասել եմ` իրար են նման, ոնց որ մարդիկ: Դե, հիմա բարձրացիր, մի քիչ արագ, մի 12կմ/վ արագությամբ, որ հաղթահարես ձգողականության ուժը ու նայես Երկիր մոլորակին վերևից…

Բոլորս նման ենք, չէ՞՝ երկու աչք, մի բերան, մի քիթ ու հիմնականում երկու քթածակ: