aneta baghdasaryan

Երկու բարդի

-Տատ, էս ի՞նչ ձայներ են գալիս բակից։

-Երևի էլի աղբն են տանում։

-Չէ, աղբը գիշերը կտանեին։ Առավոտից այս ձայներն են։ Ոնց որ ինչ-որ բան քանդեն։

-Հա, քանդում են, որ նորը սարքեն։ Էնքան տանից դուրս չես եկել, տեղյակ չես ոչ մի բանից։

Տատիկս ճիշտ էր․ արդեն մեկ ամիս ու երկու օր է, ինչ տանից դուրս չեմ գալիս ու, բնականաբար, ոչ մի բանից տեղյակ չեմ։ Բայց լավ, հիմա դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել։

Այդ անտանելի աղմուկն իսկապես գալիս էր մեր բակից՝ դիմացի գործարանից։ Տասնյակ շինարարական մեքենաներ էին գալիս ու գնում՝ իրենց հետևից թողնելով շինանյութի սարեր ու փոշու խիտ ամպեր։ Փաստորեն մեր մոտ էլի շենք են պլանավորում կառուցել։ Իսկ թե ինչու՝ էլի պատմեմ ամենասկզբից։

Սովետի, կամ ինչպես տատիկս է ասում, կոմունիստների ժամանակ, մեր շենքի դիմաց լուսատեխնիկական գործարանն էր։ Տատիկս պատմում էր, որ այնտեղ ջահեր և լամպեր էին պատրաստում։

-Տատ, բայց լամպերի գործարանը․․․

-Անետա, մի վիճիր հետս, սա ուրիշ ա, լամպերինը չի։ Լամպերում ես աշխատել եմ, գիտեմ՝ որն ա։

Երբ տատիկս ինձ հենց իմ անունով է դիմում, այդ պահից կարող եք ինձ շնորհավորել՝ համը հանել եմ։ Մի խոսքով, Սովետական միության ժամանակ սա սովորական պետական գործարան էր, որը միության փլուզումից հետո փակվեց մի շարք այլ գործարանների նման։

Հետո մի մարդ գնեց այս տարածքն ու սկսեց ուղղակի վարձով հանձնել մի շարք բիզնեսների։ Այստեղ էր տաքսիների կայանատեղին, կար եվրոպատուհանների արտադրամաս, տարբեր պահեստներ և այլն։ Այս ամենը շրջապատում էին կիսաքանդ քարե պատերն ու մետաղյա կոնստրուկցիաները։ Այդքան էլ գեղեցիկ տեսարան չէր՝ ճիշտն ասած։

Հա, ի դեպ, տեսարաններից խոսք գնաց․ մի լեգենդ կա, որ ժամանակին մեր պատուհանից կարելի էր Մասիսը տեսնել։ Չեմ կարող ասել՝ որքանով է դա ճիշտ, բայց հիմա ենթադրյալ Մասիսի տեղը միայն մի կիսադատարկ նորակառույց է երևում։ Համարյա բնակիչ չունի այդ շենքը, մի քանի պատուհանի լույս է երևում երեկոյան։ Ինձ համար անհասկանալի պատճառներով այդ տներն այդպես էլ սեփականատեր չգտան։ Վերադառնանք նախկին լուսատեխնիկական գործարանի տարածքին։ Ինչ վեճեր ասես չեն եղել շենքի բնակիչների և տարածքի սեփականատրոջ միջև․ մեր ունեցած միակ երկու բարդին էին ուզում կտրել, շատ անգամ նույնիսկ ինչ-որ քիմիական նյութ են լցրել արմատներին։ Բարեբախտաբար բարդիները դեռ տեղում են և հույս ունենք՝ դեռ երկար կմնան այնտեղ։

Ինչի եմ ես այս ամենը ձեզ պատմում։ Բանն այն է, որ հիմա տարածքն ունի նոր սեփականատեր, ով այնտեղ պլանավորում է կառուցել երեք շենքից բաղկացած բնակելի թաղամաս։ Միանգամից երեք բարձրահարկ նորակառույց կհայտնվեն այդ տարածքում։ Իրականում, այդքան էլ կողմ չեմ այդ մտքին, շենքին այդքան մոտ միանգամից երեք նոր բարձրահարկ է հայտնվելու։ Հազիվ էինք սովորել Մասիսը փակողին, երբ պարզվեց, որ իրեն էլ շուտով նորակառույցներն են ծածկելու։ Երեկոյան գոնե հաշվում էի դրա՝ լույսերը վառած տների քանակը, կանխատեսումներ անում հաջորդ օրվա համար։ Ու հիմա, ինչպես ժամանակին մեր շենքն էր խանգարում դիմացի հինգհարկանու բնակիչներին՝ արտացոլելով արևի ճառագայթներն ու տաքացնելով շենքը, այնպես էլ միգուցե այս երեք նորակառույցների դեպքում ամռան տապին չդիմամանք և մենք։ Տատին հումորով ասում է, որ սա մեր կարման է։ Միգուցե և այդպես է, ո՞վ գիտի։

Ասում են՝ երեք տարուց շինարարությունը կավարտեն։ Կարող է այս ամենն իր լավ կողմերն էլ ունի, օրինակ, երեք տարուց կունենանք ընդհանուր բակ, կտնկվեն փոքր թփեր ու ծառեր։ Մի բան հաստատ է՝ պատուհանից էլ չեմ տեսնի այդ ժանգոտած մետաղյա սյուներն ու կոնստրուկցիաները, չեմ տեսնի նաև կիսադատարկ շենքի իմ՝ արդեն այդքան սիրված պատուհանները, բարդիների բախտի մասին դեռ ոչինչ պարզ չէ, չգիտենք՝ կկտրեն դրանք, թե ոչ, և ընդհանրապես, կհաջողվի արդյոք վերջացնել այս շենքերի կառուցումը, թե մի շարք շինարարությունների նման սա էլ կմնա անավարտ։