heghine grigoryan

Երկու ծնունդ մեկ օրվա մեջ

Ամեն տարի պապիկիս ծննդյան օրը մտերիմներով հավաքվում ենք: Չնայած ցուրտ ձմռանը տունը լցվում է սիրով ու ջերմությամբ: Սեղանի շուրջ նստած բոլորը շնորհավորում էին պապիկիս` բաժակ բարձրացնելով ու կենաց ասելով: Պատահաբար խոսք բացվեց պապիկիս «երկրորդ ծննդյան» մասին: Ոմանք ինչպես և ես հարցական հայացքներով նայում էինք հոբելյարին: Եվ նա բոլորիս հետաքրքրասիրությունը բավարարելու համար` սկսեց պատմել իրեն հասած պատմությունը` իր իսկ ծննդյան օրվա մասին: Իր պատմությունը սկսեց նրանով, թե ինչպես ցրտաշունչ ձմռան մի օր`յայլայում ծնվել է ինքը: Ես մինչ այդ չէի լսել, որ այդ ժամանակները Մարտունու շրջանում գյուղացիներից շատերը ձմեռներն էլ սարում են անցկացրել: Ինչևէ: Սարի պայմաններում նորածին երեխային և  բուժօգնության կարիք ունեցող ծննդկանին պահել հնարավոր չէր, ուստի պետք էր նրանց անհապաղ գյուղ ուղարկել: Ձեռքի տակ եղած միակ տրանսպորտը սահնակն ու ձիերն են եղել: Մորն ու երեխային հնարավորինս տաք հագցնելով` նստեցնում են սահնակին ու գյուղ ուղարկում: Տուն հասնելուն պես սահնակից իջեցնում են մինչև ոսկորները սառած երիտասարդ մորն ու զարմանքով նկատում, որ երեխան չկա: Սառած և ուժասպառ տատիկս չէր նկատել, թե ինչպես է փոքրիկը սահնակից վար ընկել: Բոլորը խուճապի են մատնվում չիմանալով` ի՞նչ անել և ո՞նց: Վերջապես մի քանի տղամարդ հավաքվում են ու ճամփա ընկնում դեպի յայլա` նորածնին գտնելու նպատակով:

Ամբողջ ճանապարհին` աչքները չորս արած, այդ սառնամանիքին, ձյան ներքո նրանք հասնում են մինչ յայլա` այդպես էլ չգտնելով երեխային: Հուսահատ հետ են դառնում ` սրտներում երեխային գտնելու հույսի մի փոքրիկ նշույլ ունենալով: Հետդարձի ճամփին նրանցից մեկը ձյան մի թումբ է նկատում և, կարծես ներքին ուժի դրդմամբ, սառած մատներով ձյունը հետ է տանում: Եվ ի զարմանս բոլորի, ձյան մեջ  սառած ու կապտած երեխան էր ընկած `սառցակալած բարուրում: Անհանգստությունն ավելի է մեծանում, և բոլորը շտապում են կյանքի նշույլներ ցույց չտվող երեխային անհապաղ գյուղ հասցնել: Տուն հասնելով փոքրիկին սկսում են տաքացնել և, ի զարմանս շատերի, երեխան սկսում է շարժվել: Հետո աստիճանաբար կազդուրվում է:

Պապիկս մի օրում երկու անգամ է «ծնվել»: Պատմությունը լսելուց հետո բոլորը սկսեցին մեկնաբանել ու կարծիքներ ասել:

«Ինչ լավ է, պապիկ, որ քեզ գտել են: Առանց քեզ  չեմ էլ ուզում պատկերացնել այս կյանքը»,- մտածում էի ես` նայելով երջանկությամբ շրջապատված պապիկիս: