Երկու հակադիր կարծիք օրվա թեմայով

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Halloween կամ՝ ես քրիստոնյա եմ

Եթե անկեղծ, ես երկար եմ սպասել այս տոնին: Սպասել եմ էն պատկերացումով, որ կլինի սարսափ ժանրի մեջ, բայց հաճելի: Երեկ, երբ դասից գնում էի տուն՝ դե հոգնած էի, շաբաթվա ամենածանրաբեռնված օրն է երեքշաբթին, հոգնած, գլուխս կախ գնացի մետրո, գլուխս կախ սպասեցի մինչև գնացքը կգա: Գնացքը եկավ, և ես գլուխս կախ, ձեռքերս գրպաններս, մտա մետրոյի վագոններից երկրորդը: Գլուխս բարձրացրեցի, ու դիմացս երկու աղջիկ՝ մեկը գիշերանոցով, իսկ մյուսը՝ արյունոտ գոգնոցով ու արյունոտ պտուտակահանով: Մի պահ վախից սպիտակեցի, մի պահ մտածեցի, որ համացանցային հիթ թաքնված տեսախցիկի համար է: Հեռախոսիս նայեցի, տեսա հոկտեմբերի 31-ն է: Ախ, Հելոուին` ոնց էի մոռացել: Դե գնամ տուն, հանգստանամ ու կորոշեմ՝ ինչ անել:

Ես ինձ չներկեցի՝ սովորաբար ես եմ նկարում բոլորի դեմքին, ու երբ վրձինը քսում եմ մեկի դեմքին, գոռում է. «Վայ~, սառն ա…» կամ՝ «Խուտուտ ա գալիս, կամաց…» արտահայտությունները: Միանգամից ասացի՝ ներկել չկա, էսպես էլ գնում եմ քաղաք: Բացեցի պահարանը՝ ի՞նչ շոր ընտրեմ, սա՞, սա՞, թե՞ սա: Չէ, ոչ սա, ոչ էլ՝ սա, այլ այն անկյունի կախված մոխրագույն ու 17-ի լոգոյով շապիկը: Արդեն հասկացաք: Հա, բեյջս էլ վերցրեցի: «Սերյոժա Առաքելյան, 17-ի թղթակից»: Շապիկը հագիս, մնում է՝ գնամ քաղաքի ակտիվ հատվածներ, կամ ավելի ճիշտ, քաղաքի ամենամարդաշատ վայր, Հյուսիսային պողոտա:

Առաջին կերպարը հանդիպեց պողոտա մտնելիս, չէ, կներեք կերպարները: Երկու տղա: Ա, դե հայերը ուրիշ են, էլի, տարբերվող: Մեկը Ջոկերի, իսկ մյուսը՝ չգիտեմ ինչ էր, առաջին անգամ տեսա այդ դեմքը: Հա, չերկարացնեմ, թե ինչու եմ ասում՝ հայերը ուրիշ են: Հելոուին է, բայց էլի «հայու խասյաթ». կերպարը ընդունել են ու թև թևի ընկած քայլում են, անգամ հագուստը չի համընկնում դեմքի հետ: Լավ, սա անցանք: Մտա պողոտա: Ցույց եմ տալիս անուն ազգանունս, ներկայացնում կայքս ու գործունեությունս:

-Բարև Ձեզ, ես Սերյոժա Առաքելյանն եմ, 17.am կայքից և հարցում եմ անց կացնում: Ձեզ դո՞ւր է գալիս Հելոուինի տոնը, թե՞ ոչ:
-
Ինչպե՞ս եք վերաբերվում շրջապատի բացասական կարծիքին:
-
Դուք նո՞ւնպես համարում եք, որ քրիստոնյան չպիտի տոնի այս տոնը:
-
Ի՞նչ պայմաններում կցանկանայիք Հելոուինը նշել, որպեսզի ոչ մարդկանց չխանգարեք, ովքեր վատ են վերաբերվում, երբ կատակով վախեցնում եք, իսկ մանուկները վախից լաց են լինում:

Սրանք իմ հիմնական հարցերն են եղել: Չկարողացա բոլորի անուն ազգանուններն իմանալ, ուստի ներկայացնում եմ ամենատարբերվողները:

- Տոնը իր մեջ ադրենալին է պարունակում՝ հաճելի ժամանց է որպես: Եթե շրջապատին դուր չի գալիս, թող չմասնակցեն, իսկ մասնակցողների հետևից էլ մեկնաբանություններ չանեն, որովհետև տոնի իմաստն է անսովոր հագուստ կրել և սարսափելի դիմահարդարումը: Ինչը վերաբերվում է՝ «Քրիստոյան չպիտի նշի» վերաբերմունքին, հենց այդ քրիստոնյաները, որոնք դեմ են, հաստատ լիարժեք չեն կատարում բոլոր քրիստոնեական օրենքները, որոնք պարտավոր են: Կզարգանա տոնը թե չէ, ըստ մասնակիցների, անցած տարի ավելի շատ են եղել մասնակիցները: Երևի այս տարի եղանակային պայմանների պատճառով քիչ մարդ դուրս եկավ քաղաք, բայց հուսով եմ, որ մյուս տարի ավելի շատ մարդ կնշի, եղանակն էլ լավ կլինի: Ինչ վերաբերվում է, թե ինչ պայմաններ են պետք նշելու համար, ասեմ, որ բոլորը ցանկանում են ունենալ ժամ և վայր, որտեղ կհավաքվեն տոնի սիրահարները և հանդիմանություններ չեն ստանա, իսկ փոքրերն էլ չեն վախենա կերպարներից:

Զրույցի ժամանակ մի պապիկ մոտեցավ և ասաց.

- Նշեք տոնը, ուրախացեք, երեխեք ջան: Նորություն մտցրեք, կողքի կարծիքները մի լսեք: Մեկ օրը երկիրը ոչ կքանդի, ոչ էլ կզարգացնի, ուրախացեք:

Այս ամենն ասաց ու դանդաղ հեռացավ: Մոտ յոթ հոգի էինք: Յոթս էլ լուռ կանգնած մնացինք, որովհետև իր մոտենալու պահին ուրիշ բան էինք սպասում. էլի նույն թեման ու նույն դիտողությունները:

Երևի երեսուն մասնակցի հետ հարցում արեցի: Անընդհատ ոտքի վրա էի, անձրևը թրջել էր նստարանը, բայց անկյունի մի չոր հատվածում նստեցի: Մի երեխա էր վազում: Սպիտակ ներկով ներկած դեմքով ու դեմքին, իբր թե, մեծ վերք: Դե, երեխա է, էլի: Գոռում էր բարակ ձայնով, որից պետք է մարդիկ վախենային: Մոտեցավ մի տղամարդ ու գոռաց երեխայի վրա այնպես, որ երեխան երևի փոշմանեց այս օրվան սպասելու համար:

-Այ տղա, հլը հանգստացի: Էս ի՞նչ ա վիճակդ: Դու հեր-մեր ունես՞:

Երեխան լուռ նայեց ու գլուխը կախ հեռացավ: Դե, արդեն երևի պարզ է, թե ինչու են այսօրվա երիտասարդներն ուզում առանձին այս տոնը նշել, առանձին, որպեսզի մնացածին չխանգարեն: Բայց եթե անկեղծ, չեն էլ խանգարում: Եթե նայեն ու լուռ անցնեն, ավելի ճիշտ կլինի: Դրա փոխարեն՝ երկար նայում են, հետո էլ հետևից խոսում ու հատուկ բարձր ծիծաղում, որ վատ զգան: Արդեն իջնում էի Հյուսիսայինից, որոշեցի Հրապարակով քայլելով գնալ ու մետրո նստել: Արդեն դուրս էի գալիս, մի աղջիկ էր բարձրանում: Մոտեցա, ներկայացա: Անունն Անի էր: Ասաց, որ իր հետ էլ է այդպիսի իրավիճակ եղել: Երբ ոչ միայն նայում են, ու հետո հետևից խոսում: Երբ հարցրեցի անցած տարվա ու այս տարվա տարբերության մասին, պատասխանեց.

-Ես առաջին անգամ եմ մասնակցում: Երևանից չեմ, մարզից եմ:
Եթե անկեղծ, Անիի կերպարն ինձ ամենաշատը դուր եկավ. սանրվածքը, դիմահարդարումը ու հագուստը, ամեն բան համապատասխանում էր տոնի խորհրդին:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Հա, վայ, մոռացա մի բան էլ ավելացնել: Հաճելի է նաև, երբ մոտենում ես, ներկայանում ու դեռ խոսքդ կիսատ, ժպտալով ասում են՝ մենք հետևում ենք ձեր կայքին: Եվ ավելի հաճելի է, երբ արդեն դեմքով ճանաչում են քեզ առանց ներկայանալու:

Սերյոժա Առաքելյան

***

Մեր բակի Հելոուինը

Գիտե՞ք՝ որն է իմ պատկերացրած տոնը: Հիմա ասեմ: Այն, երբ առավոտյան արթնանում ես ու զգում, որ այսօր սովորական օր չէ, այն, որ այդ օրվա խորհուրդը տարբերվում է նախորդ և հաջորդ օրերի խորհուրդներից, այն, որ այդ օրը քո տրամադրությունն այլ է, այլ է նաև մյուսներինը, այ դա է տոնը: Տոնն ինձ համար այն չէ, երբ առավոտյան արթնանում ես ու ուրախանում նրա համար, որ պիտի գնաս ուտել-խմելու: Դա տոն չէ, դա պարզապես սեփական ստամոքսի պահանջները միջինից մի փոքր բարձր ձևով բարելավելու մեթոդ է: Կուշտ փորով ուտելուց հետո տեսնում ես, որ դու մի գրամ անգամ չես փոխվել, տրամադրությունը նույնն է, օրը՝ արդեն սովորական:

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Եվ ամենայուրահատուկ ու հետաքրքիր տոներից մեկն էլ հենց Հելոուինն է: Հայերիս մեջ այն, թերևս, այնքան էլ տարածված չէ: Կապանում մի քանի տարի է, ինչ սկսել են տոնել Հելոուինը, Կապանի ամերիկյան անկյունն էլ իր հերթին նպաստում է, որ երիտասարդությունը հետաքրքրվի այդ տոնով: Իսկ մեր բակում Հելոուինն առաջին անգամ էր այսպիսի «մեծ ուշադրության արժանանում»: Առավոտյան, երբ արթնացա, նախաճաշեցի ու բացեցի երկրաչափությանս գիրքն ու տետրը, նստեցի, որ սկսեմ տնայիններս, քույրիկս ձայն տվեց.

-Հլը արի, տես՝ ինչ հավես ա…

Բակի երեխաներն էին: Ամեն մեկը ներկվել, հրեշների տեսք էին ընդունել ու այդ կերպարանքով շրջում էին ամբողջ շենքով՝ թակելով բոլորի դռներն ու բոլորից քաղցրավենիք խնդրելով: Չգիտեմ, եթե անգամ չսիրեք էլ այս տոնը, միայն քաղցրավենիքի համար արժե սպասել դրան: Երբ պարապմունքից տուն էի վերադառնում, բակում մի տոնախմբություն, մի քեֆ, մի ուրախություն…Չգիտեմ՝ արդյո՞ք Հելոուինի ավանդույթներից էր երեկոյան ժամը 8-ին, անձրևի տակ բակում գունավոր լույսեր միացնելն ու երգելը: Ինձ համար տոնը ավելի գունավոր դարձավ, երբ զանգահարեցի այժմ ՖԼԵՔՍ փոխանակման ծրագրով ԱՄՆ-ում գտնվող ընկերուհուս՝ Հռիփսիմեին, ու տեսազանգով սկսեցի կիսել բարձր երաժշտությունից ստացած դրական էներգիան:

Մի խոսքով, «հրեշալի ժպիտներով» ու հրաշալի հիշողություններով Հելոուին արեցինք:

Անահիտ Բադալյան

 *** 

 Ինձ համար մեկ է

Բայց զգացել եք, չէ՞, որ մենք՝ հայերս, անընդհատ քայլողի դերում ենք. դրսի սովորույթները մեր երկիր բերել-հասցնելու ու դրանցով հիանալու համար մի հատ ենք:
Լավ, ինչ ուզում են՝ թող անեն, ինձ համար, անկեղծ ասած, մեկ է, մինչև այն պահը, երբ արդեն մարդիկ սկսում են վիրավորել ինձ ու իմ հավատը:

Ես հասկանում եմ, որ մարդիկ «զարգացել են», Հելոուին են նշում, բայց, ափսոս, միայն անդրօվկիանոսյան տոներ նշելով չեն զարգանում: Եթե իրենք վիրավորվում են, երբ փողոցով «զուգված-զարդարված» քայլելիս իրենց դիտողություն են անում, անցնում-գնում, ապա մի՞թե մենք չենք վիրավորվում, երբ իրենց տոնը թողած, սոցիալական ցանցերը հեղեղում են արհամարհական, վիրավորական, ձեռ առնող ստատուսներով ու ժամեր շարունակ առավել « առաջավորները» քննարկում, մեկնաբանություններ են գրում «հետամնաց ու խավարամիտ քրիստոնյաների հասցեին»: Կասեք՝ ինչո՞ւ ես կարդում: Ցավոք, իմ կամքից անկախ է, որովհետև ընկերներիս մեջ էլ կան այսպիսի տհաճ խոսակցություններ վարողներ:

Դուք պայքարում եք ձեր ազատ ինքնաարտահայտման համար, լավ եք անում, բայց երբեք մի մոռացեք, որ ձեր ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսում է իմ ազատությունը: Մի՞թե այդ օտարամուտ արժեքների մեջ չեք հանդիպել՝ հարգել ուրիշների խղճի ազատությունը, դավանանքը, կրոնը: Ձերը պարզապես խաղ է, զվարճանք, իսկ իմն ու իմ նմաններինը՝ հավատք: Նախ, դա գիտակցեք, ու քրիստոնյաներին վիրավորող ու ծաղրող մեկնաբանություններ գրելուց առաջ մեկ անգամ էլ հիշեք. երբ ծաղրում եք մարդու սրբազան զգացումները, շատ ավելի հեռու եք գնում զարգացած մարդ լինելու ձեր մղումից:

Մի արեք նման բան: Նշեք՝ ինչ ուզում եք, բայց մի ծաղրեք: Հա, ի դեպ, տոնը բերել եք, դուք չեք ստեղծել: Այդքան լայնախոհ եք, դուք մի նոր բան մտածեք, ոչ թե կուրորեն հետևեք ու կրկնօրինակեք ուրիշներին: Համարյա համոզված եմ, որ այնտեղ վաղուց դա ուղղակի դիմակահանդես է, մինչդեռ դուք…

Լավ, չեմ ուզում բանավիճել, ասացի այն, ինչ հուզում էր: Հարգենք միմյանց նվիրական զգացումները:

Կարինե Նահապետյան