Susanna Grigoryan

Երկու մարդ ու մի շուն (շագանակագույն աչքերով)

Մեծ, շագանակագույն աչքերով շունը պառկել էր տաք ավազին։

Նա սովորականից ավելի ուրախ էր։ Էնպես չէ, որ առավոտվանից ինչ-որ համով բան էր կերել կամ էլ էսօր, բացառության կարգով, բակի տղաները քարով չէին խփել, ուղղակի ինչ-որ տարօրինակ զգացում ուներ, որ շուտով մի լավ բան է լինելու։

Շների շրջանում կանխազգացումները չեն ողջունվում ու առհասարակ ընդունված չէ նման անիմաստ բաներով զբաղվել։ Որոշները, իհարկե, շների դրախտին են հավատում, բայց դա էլ յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է։ Մեծ, շագանակագույն աչքերով շունն էլ էր հավատում շների դրախտին, որովհետև իր թափառական կյանքի վերջում նա արժանի էր էնպիսի մի տեղ գնալուն, որտեղ սրտիդ ուզածի չափ ոսկոր կլիներ ու ոչ մի բակի երեխա։

Շագանակագույն աչքերով շանը բախտ չէր վիճակվել սիրուն ծնվել, ու անցորդները իրենց պարտքն էին համարում ամեն անգամ հիշեցնել էդ մասին։ Նա իր երկար կյանքի ընթացքում տեսել էր իր ցեղին հատուկ բոլոր դժվարությունները, մի անգամ նույնիսկ մեքենայի տակ էր ընկել։

Մեր օրերում կենդանիները դժբախտ են, ու նա պատրաստ էր շների դրախտ գնալ, թեկուզ հենց հիմա․․․

***

Ծերունին աչքերը բացեց ու տեսավ, որ էլի նախաճաշը չեն բերել։ Ուրիշ բան չէր էլ սպասում․ երևի օրերն են հաշվում, որ իրենից ազատվեն։ Ամբողջ կյանքում աշխատեց, որ որդիները կրթություն ստանան, մարդ դառնան, որ հիմա էսպե՞ս հատուցեն։ Եթե աշխարհում արդարություն լիներ, իրեն ուրիշ զավակներ բաժին կհասնեին։

Դուռը բացվեց։ Փոքր թոռը ուտելիքով ամանը դրեց սեղանին ու փախավ դուրս։

-Ծնողներդ մեծերին բարևել չե՞ն սովորեցրել,- հետևից գոռաց ծերունին։

Հարցը հռետորական էր․ ինքը գիտեր, որ չեն սովորեցրել: Ու գիտեր, որ թոռները ամեն անգամ կռիվ-դավով են իր սենյակ մտնում, իսկ նախաճաշը միշտ խաղերում պարտվողն է բերում։ Օրը մի անգամ էլ որդին գալիս է, նստում իր մահճակալի մոտ ու իր գործերից է պատմում։ Կամ զուտ պատշաճության համար, կամ էլ էնքան հիմար է, որ մտածում է, թե իրեն հետաքրքիր է։

Արդեն 5 տարի է՝ բժիշկները որդուն խոստանում են, որ ուր որ է մահանալու է, ու արդեն 2 օր է՝ ճնշումը չի իջնում, բայց ինքը գիտի, որ դեռ երկար է ապրելու, շատ երկար․․․

***

Հանրակացարանի խոնավ սենյակում անդադար պտտվող մոծակները չէին թողնում քնել։ Ուսանողը շուռումուռ էր գալիս, բայց հարմար դիրք չէր գտնում ու հիշեց, թե ոնց էր հենց նույն կերպ քունը կորցրել 6 տարի առաջ։ 6 տարի առաջ, երբ բոլոր հեռու-մոտիկ բարեկամները մի կերպ խցկվել էին հորեղբոր որդու «նիվա»-ի մեջ՝ իրեն ճանապարհ դնելու: Հայրը արդեն 4-րդ անգամ էր գլուխ գովում, որ իրենց անտառաճանաչ գերդաստանի մեջ տղան միակն է, որ «արտասահմաններում է սովորելու», իսկ մայրը բոլորից թաքուն հաց ու պանրի վերջին բրդուճն էր ուսապարկի մեջ պահում։ Ինքն էլ հորեղբոր որդուն հաջողություն անելիս խոստացավ, որ հենց մի քիչ գործերը լավանան, փող է ուղարկելու, որ իրեն նոր մեքենա գնի, թե չէ «էս թվին նիվա քշելը արդեն ամոթ է»:

Ամեն ինչ էդքան էլ պարզ չէր, ինչքան թվում էր: Գործերը էդպես էլ չէին լավանում, ու իրենց գերդաստանի հպարտությունը «արտասահմաններում» սովորական միջակության էր վերածվում:

Հանրակացարանի խոնավ սենյակում կրծքավանդակի ծակոցներից շուռումուռ եկող ուսանողը մտածում էր, որ ամեն դեպքում նիվան էդքան էլ վատ մեքենա չի․․․

***

Մեծ, շագանակագույն աչքերով շունը ծերությունից ու շատ հաչալուց սատկել էր: Իսկ ծերունին դեռ երկար է ապրելու, շատ երկար։

Ուսանողը նոր մեքենայի գումարը էդպես էլ չուղարկեց։