Երկու շաբաթ է, ինչ Երևանում եմ

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Արդեն երկու շաբաթ է, ինչ Երևանում եմ: Կարծես թե ամեն բան նորմալ է և ընթանում է իր բնական հունով: Իրեն ուրախ և անհոգ ցույց տվող, բայց իրականում դաժան կյանքը` ուսանողի կյանքը սկսվեց, իր հետ բերելով նոր երջանիկ, հուզումնալի և միևնույն ժամանակ, հոգսերով լի մի ժամանակ: Ժամանակ, որ ձգվում է երկար ու երկար և վերջում ակնթարթ է թվում: Ժամանակ, որ թերևս ինձ համար անիրական հոգսերով, արկածներով լի և ամենահետաքրքիրն է կյանքում: Ժամանակ, որ հիմք է դնում կյանքին և իրական հոգսերին, և բնականաբար ժամանակ, որտեղ կուզենայի ապրել մի ամբողջ հավերժություն: Այն ես դիմավորում եմ ժպիտով, մեծ ոգևորությամբ և լեցուն նպատակներով: Նպատակներ, որոնք ժամանակին երազանք են եղել, և հպարտությամբ եմ անցնում մանկական երազանքներից դեպի խոհեմ նպատակներին, սա հաղթանակի դասական օրինակ է: Հասկանում եմ, որ ամենը չի, որ կիրականանա այնպես, ինչպես որ ես եմ պատկերացնում, հասկանում եմ, որ այդ բոլորին հասնելու համար պետք է հաղթահարել մեծ դժվարություններ, և շատ առիթներ կունենամ դեմ առ դեմ կանգնել ամենատարբեր խնդիրների առաջ: Այդ պատճառով համբերատար նայում եմ առաջ և սպասում ցանկացած պայթյունի նոր կյանքում, հետևում թողնելով մի մեծ հեքիաթային անցյալ գյուղում: Ափսոսանքով եմ նշում, որ բոլորը չեն հասկանա, թե ինչ է նշանակում ապրել մանկության մի փոքրիկ և դրախտային վայրում, որի անունն է` Լոռու մարզ, գյուղ Վահագնի: Այս գյուղը չորս կողմից անտառի ու սարերի մեջ գտնվող մի վայր է, որտեղ մարդը և բնությունը ներդաշնակության մեջ են, որտեղ յուրաքանչյուր քար ու թուփ իր խորհուրդն ունի: Գյուղի մարդիկ տարբերվում են միմյանցից իրենց ապրումներով, խոսքով և մտքով, ինչն էլ ավելի է հարստացնում գյուղը: Սա կարծես մի մեծ ընտանիք լինի, որտեղ մարդիկ ապրում եմ մեկը մյուսի համար: Յուրաքանչյուր անհատ յուրովի է լցնում գյուղն ու կերտում նրա ապագան: Ես իմ կյանքի առաջին տասներեք տարին անց եմ կացրել բնության այս հրաշքում: Անհոգ մանկություն, լիքը ընկերներ, մետաղյա տարբեր ջարդոններից ձուլված խաղալիքներ և իհարկե անսպառ ժամանակ` այ, թե ինչ է նշանակում լինել մանուկ Վահագնիում: Ես իմ պատմությունն ունեմ կապված ամեն մի մարդու, ծառի ու թփի հետ այս գյուղում: Իհարկե, դժվար է այս  ամենը թողնել ուղղակի անցյալի մի մաս և շալակելով նպատակները քայլել առաջ:

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի