ruzanna stepanyan

Երկու տարի առաջ այս օրը

Երկու տարի առաջ այս օրը շաբաթ օր էր, և մենք դպրոցում էինք: Երբ աշակերտներից մեկն ասաց, թե պատերազմ է, բանի տեղ չդրեցինք՝ մտածելով, որ կատակ է անում, բայց երբ ֆեյսբուքում կարդացինք, ուղղակի քարացել էինք: Արցունքոտվեցին աչքերս, ձեռքս տարա հեռախոսիս ու զանգեցի Ղարաբաղում գտնվող հարազատիս՝ Զինվոր էր: Օրերն անցնում էին, մենք հույսով լի սպասում էինք լավ լուրի: Բայց վատ լուրերը մութ ամպի պես ծածկում էին քաղաքը: Լավ լուրը կամավորականների Արցախ գնալն էր: Ահել, ջահել. բոլորը համախմբվել էին: Լուր եղավ, որ հերոսաբար զոհվել է Աբաջյանը, և մեկը մյուսի հետևից… Մենք հույս ունեինք, որ կգտնվի Ադամը, որ Նորոն չի տանկում մահացողը։ Բայց հույսներս զոհվածների տան ճրագի պես մարեցին…

Եղբորս հետ հենց առաջին օրվանից չէի խոսել ու շատ անհանգիստ էի: Երբ նրա համարին զանգ գնաց, շատ էի զարմացել, բայց խոսեց նրա ընկերը, ասելով՝ քնած է, արթնանա կզանգի: Բայց էլ չզանգեց… Ինչ ահավոր է, չէ՞, զանգ ստանալ ընկերուհուցդ և իմանալ, որ հարազատդ էլ չկա… Մահացել է…
Ապրիլը ինձնից տարավ քեզ ու էլ հետ չի բերի: Ապրիլը տարավ այն տղաներին, որոնք դեռ շատ անելիք ունեին, որոնք պետք է ապրեին։

Ասում են, թե ուժեղ լինել է պետք, դիմանալ է պետք, բայց ոչ ոք չի ասում, թե մարդու սիրտը ցավում է, արցունքներն ակամայից թափվում են, հոգին քարանում է։
Քառօրյայի հերոսների ծնողները նույնպես հերոս են: Նրանք իրենց որդու կարոտով են զարթնում ու քնում, որդու զանգին սպասելով այդպես էլ հանգիստ չեն առնում։
Չէ, ես եսասեր չեմ, բայց էլի ու էլի քեզ տեսնել ու ձայնդ լսել եմ ուզում, իմ հերոս եղբայր, էլի կատակներդ լսել եմ ուզում։ Կարոտում եմ և այդ կարոտի դեմ ավելին, քան անզոր եմ։ Բոլորս ենք անզոր… Հաճախ եմ գալիս Եռաբլուր, նստում, զրուցում հետդ, զգում ներկայությունդ, Մոշս, բայց միայն բարի ժպիտդ է ինձ պատասխան տալիս, ասելով՝ ես միշտ քեզ հետ եմ, դու մի տխրի…
Ուղղակի ուզում եմ, որ կյանքում ոչ մի ապրիլ էլ չապրենք ազգովի: Հա, ի՞նչ կլինի: Յուրաքանչյուրս մեր ապրիլն ունենանք ու քաղցր ապրիլ…