Երկու փութ արիշտա

Լուսանկարը՝ Լաուրա Սեկոյանի

Լուսանկարը՝ Լաուրա Սեկոյանի

Հիշում եմ, թե ինչ ոգևորվածությամբ էի անցյալ տարի աշնանը գրում տնական արիշտայի մասին և կարծում էի, որ այս տարի այդ թեմայի շուրջ որևէ ասելիք չեմ ունենա։ Բայց ես էլ հայ եմ և սովոր եմ ժամանակից շուտ որոշում կայացնել։ Իսկ այս տարվա աշունն իր արիշտայով ինձ այլ բան ապացուցեց։

Լուսանկարը՝ Լաուրա Սեկոյանի

Լուսանկարը՝ Լաուրա Սեկոյանի

Երբ ցորենը քաղեցինք, տատիս առաջին ցանկությունն էր, որ այս տարվա արիշտան պատրաստենք տնական ալյուրով։ Անցյալ տարի թեև տատս գոհ էր արիշտայից, բայց իր տեղը չէր գտնում, որ արիշտան պատրաստել էինք պետական ալյուրով, քանի որ ավանդական արիշտան պետք է մուգ գույն ունենա։ Այս տարի նրա խիղճը հանգիստ էր, քանի որ ունեինք երկու տեսակի աղացած ալյուր` առաջին տեսակի և երկրորդ։ Իսկ գյուղի ավանդության համաձայն, տնական արիշտան պետք է մուգ գույն ունենա, որովհետև այդ գույնը նրան տալիս է հետաքրքիր երանգ և համ։ Տատիկս էլ որոշեց արիշտան պատրաստել երկրորդ տեսակի ալյուրով։ Մնացել էր, որ նա օրը որոշեր։

Լուսանկարը՝ Լաուրա Սեկոյանի

Լուսանկարը՝ Լաուրա Սեկոյանի

Այս անգամ օրը ընտրելու հետ կապված տանը տարաձայնություններ առաջացան, քանի որ ես և եղբայրս դասի էինք, իսկ այլ հարմար օր տատս չէր գտնում արիշտա պատրաստելու համար։ Ինչևէ, տատս չփոխեց իր որոշումը և պատրաստեց հարմարանքներն ու պարագաները խմորը հունցելու համար։ Քանի որ պատրաստմանը մասնակցող «անձնակազմը» փոքրաթիվ էր, նա մեզ ասաց, որ այս տարի մեկ փութ խմոր կհունցի, իսկ յուրաքանչյուր փութ խմորը հունցվում է տասնվեց կիլոգրամ ալյուրից։ Մինչ նա պատրաստում էր տեղը և կշռում ալյուրը, ես, եղբայրս և մեր քեռակինը դույլերով ջուր էինք բերում խմորի համար։ Տատս հունցեց խմորը, և ես ու եղբայրս հերթով տրորում էինք այն։ Հունցելուց և տրորելուց հետո թողեցինք, որ այն հանգստանա մինչ առավոտ։

Լուսանկարը՝ Լաուրա Սեկոյանի

Լուսանկարը՝ Լաուրա Սեկոյանի

Առավոտյան, ինչպես միշտ, տատիկը շուտ էր արթնացել ու հերթով արթնացնում էր բոլորիս։ Տղամարդկանց ճանապարհում էր աշխատանքի, իսկ թոռներին` դասի։ Ես ու եղբայրս իհարկե մտահոգված էինք արիշտայով, բայց տատս թույլ չտվեց, որպեսզի արիշտայի պատճառով բացակայենք դասից։ Երբ դասերն ավարտեցինք ու եկանք տուն, պարզապես ապշած էինք, որովհետև արիշտան արդեն փռված էր պարաններին, և տանը ալյուրի ոչ մի  հետք չկար։ Հարցուփորձ անելուց հետո պարզ դարձավ, որ իմ ու եղբորս փոխարեն տանեցիներին օգնելու են եկել հարևանները, և ամբողջ պատրաստման պրոցեսը տևել է ընդամենը մեկուկես ժամ։ Բայց պարաններին փռված արիշտան այնքան շատ էր, որ կարծես մեկ փութ խմորից պատրաստված չլիներ։

Լուսանկարը՝ Լաուրա Սեկոյանի

Լուսանկարը՝ Լաուրա Սեկոյանի

Եվ իրոք պարզվեց, որ տատս բոլորի հետ «չար» կատակ էր արել և մեկի փոխարեն երկու փութ խմոր էր հունցել։ Վերջացնելուց հետո տանեցիները հարևանների հետ միասին ամփոփել էին իրենց աշխատանքը մեկ բաժակ սուրճի ու քաղցրավենիքի շուրջ։ Տատս այդ ողջ օրը մտահոգված էր արիշտայով, որովհետև օրը այնքան էլ արևոտ չէր, և նա կարծում էր, որ արիշտան չի չորանա։ Բայց հաջորդ օրը կեսօրից հետո արդեն արիշտան չոր էր և հավաքելուց հետո պատրաստ էր բովման։