seda harutynyan-2

Երկրի աղը

Իմ զրուցակիցն է մայրս՝ Սաթենիկ Թադևոսյանը։ Այսօր մայրիկիս հետ զրուցել եմ իր պապիկի՝ Բաբկեն Թադևոսյանի մասին։

-Մամ, որտեղի՞ց է  քո պապիկը։

-Պապիս հայրը եղել է Ալաշկերտից։ Հետո նա գաղթել է Ախտա՝ այժմյան Հրազդան։ Պապիս հայրը եղել է հոգևորական, ծառայել է  եկեղեցուն։ Հետո ամուսնացել է, ունեցել է երեք զավակ՝ երկու տղա, մի աղջիկ։ Պապս՝ Բաբկենը, կրտսերն էր։ Երևի հորից էլ ժառանգել է սերն առ Աստված։

-Ես գիտեմ, որ պապիկիդ հետ շա՜տ հետաքրքիր պատմություններ կան կապված, որ խնդրեմ` կպատմե՞ս։

-Պապս մարգարեական երազներ էր տեսնում։ Մի օր երազում տեսնում է, որ իրեն կանչում են ինչ-որ տեղ և օգնություն խնդրում։ Առավոտյան արթնանալով գնում է երազում տեսած վայրը և սկսում փորել։ Փորում, փորում է  և տեսնում մի կապոց, որի մեջ խնամքով փաթաթված են լինում հին Աստվածաշնչեր  և սրբապատկերներ։ Երևի խորհրդային տարիներին, վախենալով աթեիստական հալածանքներից, ինչ-որ մեկն իր ունեցած հոգևոր գրականությունից ու սրբապատկերներից որոշել էր այդպես ազատվել: Պապն այնքան է ոգևորվում, որ Աստծուց նման պարգև է ստացել, որ իր տան բակում մի փոքրիկ մատուռ է կառուցում, որում առ այսօր պահվում են իր գտած սրբությունները։unfg-Մամ, իսկ ըստ քեզ, դա պատահականությո՞ւն է, թե՞ հրաշք։

-Ըստ ինձ, հրաշք է, քանի որ պապս շատ հրաշքների է ականատես եղել։ Մի անգամ տրակտորով արտում գործ անելիս է լինում։ Հոգնում է։ Որոշում է նստել հանգստանալու։ Գետնից վերցնում է մի փոքրիկ փայտի կտոր և սկսում խաղալ հողի հետ։ Հանկարծ փայտը դեմ է առնում մի քարի։ Քանի որ շատ հետաքրքրասեր էր, սկսում է փորել հողը։ Երբ քարը կիսով չափ  բացված է լինում, նկատում է, որ դա սովորական քար չէ, այլ մի հրաշակերտ խաչքար։ Այդ պահին այնքան ոգևորված է լինում իր նոր գտածոյով, որ ձեռքերը վեր է պարզում ու խնդրում․«Աստված ջան, բա մի մարդ չլինի՞, որ օգնի` էս խաչքարը բարձրացնեմ»: Հենց այդ պահին իրեն մոտենում է մի անցորդ, որը սկսում է օգնել: Երբ ոգևորված քարը կանգնեցնում են, պապս՝ ժպիտը դեմքին, թեքվում է, որ շնորհակալություն հայտնի, բայց տեսնում է որ անցորդը չկա։ Պապս հասկանում է, որ նա Աստծո կողմից ուղարկված հրեշտակ էր։ Հետո տեսնում է, որ խաչքարը շա՜տ հողոտ է։ Նորից ձեռքերը վեր պարզելով խնդրում Է․ «Աստված ջան, բա ես հիմա էս խաչքարը ո՞նց մաքրեմ»: Ու հենց էդ պահին ամպը սկսում է որոտալ, և անձրև է տեղում։ Քարը ամբողջությամբ մաքրվում է հողից ու փոշուց: Զարմանալին էլ այն է լինում, որ պապս խաչքարի կողքին կանգնած, չի էլ թրջվում։ Այ, սա՛ է հրաշքը:

-Վա՜յ, մամ, փշաքաղվեցի։ Բա հետո պապին ինչո՞վ էր զբաղվում։

-Պապին քարոզչական զրույցներ էր անկացնում մեր թաղի բոլոր մանուկների ու մեծահասակների հետ, այն էլ այն ժամանակ, երբ քրիստոնեական քարոզչությամբ զբաղվելը խիստ արգելված էր: Պապս շատ համառ էր։ Չնայած այդ արգելքներին, բակում միշտ մատաղ էր անում, ճիշտ խաչակնքվել ու աղոթել էր սովորեցնում։ Շատ եմ կարոտում պապիս տված խրատները, զրույցները:

-Մամ, անկեղծ, շատ կուզեի, որ պապիկդ հիմա ողջ լիներ ու տեսներ, թե ոնց են իր թոռներն ու ծոռները հպարտանում իրենով։

Բաբկեն պապն ապրում էր քրիստոնյաներին տված հորդորով.« Դո՛ւք եք երկրի աղը։ Սակայն եթե երկրի աղը իր համը կորցնի, ինչո՞վ պիտի աղեն այն։ Այլևս ոչ մի բանի չի ծառայի, այլ դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի»: