hayk qalantaryan

Երկրի ափի մեջ. ճամփորդական օրագիր

Դպրոցական տարիներից  թումանյանական մի քառյակ  կա, որը ինձ անընդհատ տարօրինակ հուշումներ էր տալիս. «Տիեզերքում Աստվածային մի ճամփորդ է իմ հոգին»:

Փետրվար ամսի  ցուրտ օրերն էին,  վառարանից ինձ հասնող չորացած փայտերի՝ ականջիս մշտապես հաճոյախոսող ձայները այդ օրը  փնթփնթում էին, որ իրենց վրա շուտով  գյուղական համեղ ծիպուլի (ձեր լեզվով՝ պլեճ) վերածվող կարտոֆիլները անուշադրության են մատնվել այն երիտասարդի կողմից, որը սիրում էր էդ կարտոֆիլները հենց հում էլ ուտել:

Բայց էդ  երիտասարդը հում կարտոֆիլները ուզում էր փոխարինել էդ հում ու չփորձված երիտասարդին փորձարկելով ու հասկանալով,  թե ինչ դուրս կգա իրենից՝ որպես ճամփորդ: Երկար ամիսներ էին սպասվում էրազմուսյան կյանքի համար, ու ես նստած էի գյուղի մեր տան ամենասիրելի տեղում՝ էն աթոռին, որից աչքերիս առաջ տարիներ շարունակ բացվել է երկու տեսարան ՝ դասագրքերս, գրքերս, համակարգիչը ու տնական համով ուտելիքները, որոնք դրված էին դրանց մոտ, կամ էլ ուղղակի սենյակիս պատը: Երևի թե էդ երկու տեսարաններն էլ ինձ ամենից շատ մոտիվացիա տվողներից են եղել, քանի որ ամեն անգամ, երբ ուժասպառ նայում էի դժվարամարս գրքերից այսկողմյան աշխարհին, առաջինը տեսնում էի էդ պատը, որը ինձ դաս է տալիս. «Նայիր ներքև՝ էդ անտանելիներին, որ հետո կարողանաս պարզ ու հպարտ աչքերով նայել աշխարհին»: Իմ կարծիքով եկել էր ժամանակը մի քանի ամսով բարձրացնել գլուխս ու աչքերիս գերլարվածություն հաղորդել: Դե, վերջապես ունեի հնարավորությունս շուրթերիս վրա հաճախ պտտվող ու իմ երազած «ես»-ը բնութագրող տողերը ափերիս մեջ տեսնելու:

«Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին»:

Երկրի փառքից անտեղյակ, բայց երկրի փառքին քայլ առ քայլ հասած՝ ես վերցրի ճամփորդական ուսապարկս ու  Flix Bus-ով 10 ժամ տևած գիշերային երթուղով հասա Ֆրանսիայում գտնվող, բայց ինձ համար մինչ օրս գերմանական հատուկ ճարտարապետությամբ ու ոգով  Ստրասբուրգ քաղաքը:

Ստրասբուրգ

Ուժեղ անձրևն ու պայուսակի ծանրությունը ինձ դեռևս չէին թույլատրել աչքերս վեր բարձրացնել թաց փողոցներից, բայց աչքերս երևի թե ունակ էլ չէին այդ գեղեցկությունը մինչև վերջ ընկալելու: Փառահեղության մի ճիչով աչքերիս առաջ բացվեց Cathedrale Notre-Dame de Strasbourg-ը՝ վեհ, անասելի խրոխտ, գոթական ճարտարապետության ամենաազդեցիկ երանգներով… Երանելի էի: Ձեռքերս  դողում էին անասելի վախով, իսկ շնչառությունս ուղղակի վախենում էր, որ ես կմոռանամ իրեն ու անվերջ կհիանամ:

Բայց ժամանակն էր զբոսաշրջիկից դառնալու իմ երազածը՝ ճամփորդը:

Անձրևում էր ուժեղ, իսկ մնալու տեղ բացարձակ չկար ու չէր գտնվում, բոլոր հնարավոր տարբերակները՝  մնալու տեղ գտնելու, չէին աշխատում, իսկ անձրևի ամեն մի կաթիլ ինձ հիշեցնում էր, որ հիվանդանալուն պես օտարությունը կապտակի ինձ, քանզի նույնիսկ մի բաժակ թեյի համար պատասխանատվությունը ամբողջությամբ իմն էր, իսկ մյուս կողմից էլ ժամանակն էր հասկացնում, որ հիվանդանալու ժամանակ չկա, պետք է հնարավորինս շատ բան տեսնել քաղաքում: Չգիտեմ էլ՝ ինչքան տևած դեգերումներից հետո  ինչ հրաշքով  գտնվեց մի տուն՝ քաղաքի կենտրոնում, ընդամենը 22 եվրո՝ այն էլ երկու գիշերվա համար: Դե, 1-0,  հաշիվը բացեցի ես, մեկնարկը ոգևորիչ էր:

Աննկարագրելի սիրուն էին ստրասբուրգյան օրերը, թարմ կյանքով լեցուն, ֆրանսիացիների գրավիչ արիստոկրատությամբ ու հեծանիվների տեղատարափից մի քիչ վախեցած: Քաղաք էր այն՝ հասարակի մեջ ճոխություն ներարկող: Սիրտ էր տալիս ինձ, երբեմն չափից դուրս ծեր էր դարձնում ինձ, որ ավելի լավ տեսնեմ, թե ոնց է կառուցվել քաղաքը, բայց ուժեղ քամին ինձ վերադարձնում էր մանկություն՝ նկարչական ալբոմներիս մեջ խզբզած տնակների իրական գեղեցկությունը ամուր գրկելու: Այդ քաղաքում էդպես էլ չգտա իմ տարիքը, ես չափազանց տպավորված էի թվերի աշխարհ գեթ մի ակնթարթ ինձ տեղափոխելու համար:

Քաղաքի անվերջ դյութող ծաղիկների բույրը վայելելուց,  կամուրջների անհամարության մեջ ամեն անգամ մի նոր բան բացահայտելուց  ու մանկան պես ուրախանալուց հետո ճանապարհը  ուղղորդեց դեպի Ֆրանկֆուրտ՝ Գերմանիայի ֆինանսական կենտրոնը:

Առավոտյան ժամը 7-ն էր, ավտոբուսը ուշանում էր, իսկ Flix Bus-ի կայքում ոչ մի տեղեկատվություն  չկար, զանգերին էլ չէին պատասխանում, որ հասկանանք, թե ինչ է պատահել, ու որքան պետք է սպասենք, բայց ավելի շատ զգացողություն էր, որ ավտոբուսը ուղղակի արդեն գնացել է, ինչը, թերևս, կլիներ ուրախալի հանգամանք, քանզի օր ավել կվայելեի Ստրասբուրգը, բայց ելնելով այն հանգամանքից, որ կրթաթոշակը դեռևս բանկային հաշվին չէր փոխանցվել, իսկ ավտոստոպով Ֆրանսիայից Ցվիկաու հասնելը ֆանտաստիկայի ժանրից էր, պետք էր խուճապի մատնվել:

Հասանք Ֆրանկֆուրտ: Ցուրտ էր, անտանելի ցուրտ: Ամենադաժան օրերից մեկը  իմ ճամփորդության, բայց հիմա հիշվողներից՝ ամենաոգևորիչը:  Մեկ օր էր նախատեսված մնալ Ֆրանկֆուրտում, քանի որ դասերից չէր կարելի բացակայել:

«Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր»:

Ճամփորդության այդ փուլը հիմա պատմեմ, թե ինչով էր առանձնահատուկ: Հաջորդ առավոտյան ամենաշուտ ու կարևորը՝ ամենաէժան գնացքը մեկնում էր դեպի Ցվիկաու առավոտյան 7-ին, և որոշված էր  չամրագրել  գիշերելու տեղ, որովհետև ամեն իրեն հարգող ճամփորդող ի վիճակի է մինչ գիշերվա հազարը թափառել սիրուն ու հավես քաղաքներում՝ լսելով   Scorpions –ի «Wind of Change» երգը: Ամենասիրուն ու ընդարձակ գետն էր  Մայն գետը, իսկ այդ գետի ափին քայլելը ուղղակի սրտիդ մեջ ներարկում էր մի նոր աշխարհընկալման մակարդակ, որից զատ կամ որի հետ պետք էր հաշվի նստել բոլոր նպատակները կառուցելիս: Հիացնում էին գետն ու կամուրջները անվերջ, բայց մարդու համար, ով այդքան ուժեղ քամիներ Հայաստանում հազարից մեկ էր տեսնում, դժվար էր դիմակայել այդ ամենին, իսկ դողալու արագընթաց տեմպերը ուղղակի ստիպում էին հասկանալ, որ դու գիշերելու կարիք ունես, իսկ քո պատկերացրած  դիմացկունը դեռևս չի էլ ձևավորվել: Մի ելք կար՝ գիշերել գնացքի կայարանում: Բավականին երկար ու բարդ ճանապարհով Գերմանիա հասած մարդուն այդ մի քանի ժամերը թվում էին շուտասելուկի պես մի բան, մինչև որ փորձեց կայարանում փակել աչքերը:
Սառնամանիք… Զարմանալի բան էր, կայարանում ոչ մի փակ տարածք չկար, ամեն կողմից քամի էր փչում, կողքիդ նստած կամ կիսաքնած էին մարդիկ, ովքեր ուղղակի ուզում էին միմյանց գրկել ու տաքանալ մինչ առավոտ: Տարօրինակ մարդիկ անընդհատ գալիս ու հրում էին, փող էին խնդրում՝ չամաչելով նույնիսկ նշել, որ խմիչք գնելու համար, իսկ բացասական պատասխանից հետո երևի թե հայհոյում ու առաջ էին անցնում՝ վստահ լինելով, որ զբոսաշրջիկներից ոչ մեկն էլ չի հասկանալու… Դե, խելացի էին. էդպես էր, որ կար:
Մի ելք կար՝ գիշերել McDonald’s-ում, ու դա արդեն իսկ հույս էր ներշնչում… Բայց էդտեղ էլ գործերը հաջող չստացվեցին. անվտանգության աշխատակիցները ուղղակի դուրս էին գցում էն մարդկանց, ովքեր փորձում էին աչքերը փակել ու քնել, իսկ ես… քնել էի ուզում ուղղակի, սառած էի չափից դուրս, իսկ չգիտեմ ինչի առանց կրթաթոշակ ստանալու էդտեղ հասած ուսանողին իր գումարը  չէր էլ  հերիքի մի ամբողջ գիշեր անընդհատ ինչ-որ բան պատվիրելուն, որպեսզի դուրս չգցեին ինձ:  Փակվում էին աչ… Զգաստացիր, հիմա դուրս կգցեն, բայց փակ…

-Don’t sleep…

-Ատում եմ ձեզ,- դուրս էին  թռչում իմ բերանից օտարերկրացիներին ոչ հասու այս բառերը, բայց միաժամանակ աչքերով փորձում էի  ցույց տալ, որ դուք, սրիկաներ, դուք նողկալի եք… Մի կերպ դուրս շպրտվելով այդ հիմար վիճակից, որին կարող էի երբևէ հանդիպել, հաջորդ փորձությունը ի հայտ եկավ: Տեսնելով, որ դեռևս 5 ժամ կա, գուգլում գտնվեց մի նյութ, ըստ որի, եթե գնել եք մեկ  քաղաքից մյուս քաղաք տանող տոմսը, ապա նույն ուղղությամբ (ներառյալ change  կոչեցյալը) կարող եք գնալ այդ օրը ցանկացած գնացքով: Շատ խառն էր գերմանական գնացքների համակարգը, վստահ էլ չեմ, որ մինչ էսօր էդ ամենը ճիշտ գիտեմ… Հրճվեցի, միանգամից պարզվեց, որ կա էդ նույն երթուղով այլ գնացք, և ընդամենը մեկուկես ժամից: Երևի թե գերերջանկության ու ապահովության նոպան էր պատճառը, որ ինձ ստիպեց գումար տալ այդ պահին մի մարդու, ով փող էր հավաքում խմիչք գնելու համար: Շատ հիմարն էի, է…
Ուրախություն կար մի տեսակ, ցամաքն էր երևում, սովն արդեն մոռացության էր մատնվում, բայց  «duble check» կոչեցյալը իրենն արեց… Պարզվեց, որ տոմսերը նայելուց ամիսը 03 նշելու փոխարեն նշել եմ  04 ու սխալ տոմս եմ գտել: Շոկի մեջ էի, գումար հավաքողը նորից կողքովս անցավ, ու ես նորից գոռացի՝ ատում եմ քեզ: Է, բայց խեղճ մարդն ի՞նչ աներ, հո ինքը չէ՞ր մեղավորը:
Իսկ առավոտյան կողմ ցուրտն ավելի սաստկացավ, տարօրինակ ու ոչ սթափ վիճակում գտնվող մարդիկ ավելի շատացան, ու ես աչքերս սառած նայում էի իրականությանը, բայց սփոփանքս այն էր, որ ժամեր անց կփոխեմ իրականությունս… Ախ, էդ ժամերը բայց…
Նորից ճամփա դեպի McDonald’s, նորից նույն անվտանգության աշխատակիցները, նորից դուրս շպրտված կարգավիճակը… Նորից նույն կայարանի նույն նստարանները… Մեջքս քարանում էր…

Չգիտեմ էլ՝ ոնց, բայց աչքերս ունակ եղան տեսնելու ու անմիջապես փայլելու, գնացքը եկավ: Գոյությունս մի կերպ քարշ տալով ընկա գնացքի նստարաններին ու դրանից հետո միայն հիշում եմ, որ արդեն իմ քաղաքում էի՝ անվտանգ ու իմ սիրելի տրամվայի մեջ՝ կիսաբաց աչքերով նստած:

Իրականությունս գտած լինելով ու իրերս վայր դնելով՝ աչքերիս առաջ երևացին այն բոլոր փորձությունները, որոնք ինձ սպասվում էին ընդամենը 4 օր անց դեպի Սկանդինավներ ճամփորդության ժամանակ: Դե, էդ մասին էլ՝ մյուս օրագրում:

«Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին»:

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։