garikkhachatryan

Երկրի միջուկից ավելի տաք

-Բարև ձեզ, երեխանե՛ր։ Ես հայոց լեզվի և հայ գրականության ձեր ուսուցչուհին եմ։ Ինձ կարող եք դիմել տիկին Սարգսյան։

Մենք, անկեղծ ասած, զարմացել էինք։ «Տիկի՞ն», ախր, մենք տարիներ շարունակ սովոր էինք «ընկեր»-ին։ Լավ, ինչևէ, առաջին տպավորությունը զարմանքն էր։

Դասերը շարունակվում էին, ես սովորում էի, բայց մի ժամանակահատվածում սկսեցի դաս չանել, և դա հատկապես վերաբերում էր «գրականություն» առարկային։ Դե ինչ, շուտով ամեն ինչ ջրի երես դուրս եկավ․ ես ծուլացել էի։ Ու գիտե՞ք՝ ինչ եղավ։ Ես, որ այսքան տարի լավ էի սովորել, որ իմ գնահատականները բարձր էին, ստացա իմ առաջին 1-ը։

-Գարի՛կ, տղաս, դու կարող ես հանգիստ ինձ ատել, բայց ես քեզ «մարդ» եմ սարքելու։

«Հա-հա-հա, մա՞րդ, ինչի ես մա՞րդ չեմ»,- ասացի մտքումս։

Ես շարունակում էի սովորել։ Արդեն նոր թափով։ Ու ահա գրականության ավարտական քննությանը 20 ստացա։ Ամենաբարձրը։ Ես ամեն ինչ հասկանում էի, ես ամեն ինչ հիշում էի․ ո՞նց կարող էի մոռանալ, ախր նրա խոսքերը իրենց կնիքն էին դրել խղճիս վրա։ Այնուամենայիվ, շարունակեմ։

Ապրիլի 23-ին՝ երկար ընդմիջումից հետո, ես տեսա նրան։ Ոգևորությունս ու ուրախությունս մեկ էին եղել։ Ես պատրաստեցի բառերը, որոնք պետք է արտաբերեի նրա առաջ։ Ես ուզում էի շատ, ահռելի շատ քանակությամբ բառեր արտաբերել, բայց ես դրանք համախմբեցի մի բառակապակցության մեջ ու ասացի․

-Բարև ձեզ, տիկի՛ն Սարգսյան։

-Վայ, բարև, Գարիկ ջան։ Ինչպե՞ս ես․․․

Մեր զրույցը երկրագնդի միջուկի տաքությունից ավելի ջերմ էր, սակայն ուրանի ատոմի տրոհումից ավելի կարճ։ Ես շատ բան էի ուզում ասել, ես կարող էի րոպեներով գրկել նրան, ես անգամ նորմալ չխոսեցի․ շտապում էի։

-Գարիկ ջան, ես հետևում եմ քո ֆեյսբուքյան գրառումներին։ Ես այնքան ուրախ եմ, որ դու լավ մարդ ես դարձել։

«Մարդ», հիշո՞ւմ եք։ Ամբողջ պատմությունը աչքիս առջևով գնաց։

Տիկի՛ն Սարգսյան, ես ձեզ շա՜տ եմ սիրում։ Խնդրում եմ, երբ սա կարդաք, չհուզվեք, որովհետև իմ թիրախը ձեզ հուզելը չէ, այլ այն հանգամանքի ընդունումը, որ այսքան տարիներ աշխատելով ինձ հետ՝ դուք տարիներ չե՛ք կորցրել։ Հենց դո՛ւք եք քաղաքացի կերտել, հենց միջին դպրոցից։ Շնորհակալ եմ։

Հ․ Գ․ Հիշո՞ւմ եք՝ աշխարհագրությանը վերաբերող գիրք ինձ նվիրեցիք։ Ես այն մինչև հիմա պահում ու կարդում եմ։