susanna harutyunyan girq erkrord kiraki

«Երկրորդ կիրակին ներառյալ»

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:

Արգո, ես երրորդ հարկի տղան եմ, որ հավատում է քեզ, հավատում  գյուղական քո եռահարկ  տան գոյությանը, թեև  չգիտեմ տեղը քարտեզի վրա։

Արգո, քեզ համար հաց պահող ու անվերջ քեզ սպասող  կինն եմ ես, որի հացը թեև մամռակալած է ու չոր, բայց պահված է միմիայն քեզ համար։

Արգո, ես  այն խոզատերն եմ, որն ամեն կերպ ջանում է քո բաժին հացը խոզերին բաժին հանել։

Արգո, ոստիկանն եմ ես՝ ուղն ու ծուծով, կարգին ոստիկանը ու  ամեն կերպ ջանում եմ գտնել քեզ, թեկուզև անշնչացած։

Ի՞նչ , Արգո, հիմա ո՞վ եմ ես․ հա, մի զարմացիր, ես քեզ նման չեմ։

Արգո, Արգո, դու ամենքի մեջ ապրող վերադարձի  հույս։ Դու կարող ես անսպասելիորեն լքել մեզ՝ վերադարձի ոչ մի շող անգամ չթողնելով։ Բայց մեր մեջ ապրող երրորդ հարկի տղան միշտ քեզ հետ է  ու հավատում է, հավատում քո հեքիաթներին, քո եռահարկ հույսի գոյությանը, քո վերադարձին։

Արգո, մեր Եռահարկ հույսի տանտեր, մեր անմար հավատ,  դու կարող ես քարշ տալ քո գոյությունը մի կտոր չոր հացով ու թերմացքով և շարունակել  վստահորեն  նայել երկինք, քեզ հետ տանել քեզ հավատացողներին։

Արգո, մեր մեջ ապրող կինը միշտ հաց պիտի ունենա պահած  քեզ համար, որ  հուսը  չմեռնի, որ հույսի եռահարկ տան օճորքը չփլվի  հանկարծ․․․

Արգո, ոչինչ  չունենք պահանջելու քեզնից, ի՞նչ երեսով․ կարևորը գիտենք, որ դու կաս, ապրում ես  մեր կողքին, մեր տված չոր հացով ու հին ճաշով․ ինչ փույթ, թե դու  երբեմն լքում ես մեզ, բայց կարևորը,  որ մենք շարունակում ենք հավատալ քո վերադարձին ու գոյությանը և մեր հավատ չորահացը  դեռ պահում ենք մեզ մոտ, պահում փայփայանքով՝ սալի տեղակ չոր,  մամռած  հացն ենք նախընտրում, թեկուզ և մամռած, թեկուզ և չորացած հացը հաց է մնում՝ հույս ծնող,  հույս ամբարող, իսկ սալը, չէ,  խոզատեր, սալդ չի ուտվի առանց հացի․․․․․

Արգո, մեր հույս, մեր հոգու նկուղում դու միշտ կաս,  ու մենք միշտ քեզ համար սնունդ ունենք պահած։ Հետո ի՞նչ, որ երբեմն դուռդ փակում ես մեր առջև, երբեմն լքում  մեզ, կամ գուցե մենք ուժգին չենք բախում դուռդ, կամ երկարորեն քեզ մոռացության, սովի մատնելուց հետո  դու անզոր, ուժասպառ ես դառնում ձայնելու մեզ։

Արգո, Արգո, չլինի՞ հանկարծ դու մեզ լքես․․․ Բա մեր հույսի ձի՞ն, մեր հրեղեն ձին ինչպե՞ս մեզ տանի բերկրության արահետ, որ թևածենք կապանքներից ազատ․․․

Արգո, երբեմն կորցնում ենք քո հասցեն ու մնում շվարած, բայց երրորդ հարկի տղան շարունակում է, շարունակում հավատալ  քեզ, հավատալ, որ կաս, որ դու ճոխացնում, ոսկեզօծում  ես քո եռահարկ տունը,  իսկ ահա «ամենանգետ» մոլորյալ  ոստիկանը խաղատներում է փնտրում քեզ, ուր դու երբևէ ոտք չես դրել, փնտրում է քո դիակը․ ծիծաղելի է՝ քո դիակը․․․ Արգո, մեր հույսի տուն, ոչ մի խուզարկու աչք չի կարող  գտնել քեզ, երբևէ  չի կարող քեզ մեռած տեսնել։

Արգո, ինչքան քիչ բան է պետք քեզ լինելու համար և ապրեցնելու համար, մեր մշտանորոգ հույս։

Իմ մանուկ Արգամ, դու իմ վերադարձի հույսն ես՝ կապույտի մեջ սավառնող։ Ինչպե՞ս կարող եմ ապրել առանց քեզ այս փոքրիկ երկրում։