susanna harutyunyan girq erkrord kiraki

«Երկրորդ կիրակին ներառյալ»

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:

«Խեր, շառ, աստված»

Երբեմն գիշերային լռությունը ընդհատվում է միայն լուսնահաչով:

Մեր հերոսի՝ Վարդանի  համար, գիշերը բավականին դժվար էր անցնում, ու երբ հազիվ աչքը կպել էր, զարկեց զարթուցիչը, ոչ թե աքաղաղի ծուղրուղուն:

Կյանքը առաջ է գնում. աքաղաղին փոխարինելու է գալիս զարթուցիչը, զարթուցիչին՝ հեռախոսը, ու այդպես` շարունակ:

Տեսնես` ո՞ւր ենք գնում…

Ի սկզբանե ցավերն ու դառնությունները ևս հարստություն համարող Վարդանը փոխեց միտքը` ասելով, որ ցավն ու ուրախությունը չի կարելի միայնակ տանել:

Առհասարակ, երբ այդ զգացողությունները խեղդում ես քո մեջ, երբեմն՝ էգոիստական, երբեմն՝ բեռդ ուրիշի հետ կիսող մարդու տպավորություն ես թողնում: Մարդիկ տարբեր են, երբեմն կարողանում են կիսվել, երբեմն՝ ոչ:

Գալիս է մի ժամանակ, երբ ծնողը ստանձնում է երեխայի, երեխան՝ ծնողի դերը:

Երբեմն կասկածի տակ է դրվում` արդյո՞ք երեխան կստանձնի ծնողի դերը:

Փորձը ցույց է տվել, որ դա այդքան էլ այդպես չէ: Երբ գալիս է ծնողին խնամելու ժամանակը, երեխան ետ է քաշվում: Իհարկե լինում է նաև հակառակը, երբ ծնողը չի կատարում իր պարտականությունը երեխայի նկատմամբ:

Վարդանի ճանապարհին  հանդիպած ամեն մի դրվագը՝ մարդկային իրականության մի օրինակ է:

Երբեմն՝ ինչպես Վարդանը,  անտարբեր ենք լինում շրջապատող մարդկանց, միջավայրին` դրանով խորացնելով մեր իսկ վիճակը:

Սիրում ենք այսօրվա գործը վաղվան թողնել կամ ժամանակ չենք գտնում, այնինչ մեր ժամանակը մենք ենք տնօրինում. «Հիմա ո՞վ ժամանակ ունի մոմ վառելու»:

Հաճախ հաշվում ենք ուրիշի ունեցվածքը, զղջում` լավ գործի համար:

Վարդանը բավականին երկար խորհեց, երբ տեսավ պաշտոնյայի դիակը եկեղեցում: Ինչի՞ համար են այս ավելորդ ճոխությունները, երբ դրա փոխարեն կարող են ուշադրություն դարձնել ավելի կենսական նշանակություն ունեցող հարցերի:

Սրա հետևանքով անտեսվում են երկրի «ծայրամասերում» ապրող մարդիկ կամ օրինակ, ապագա զինվորի ընտանիքը. պետությունը հիշում է նրանց, միայն երբ լրանում է նրանց 18 տարին:

Փոխարենը քծնում ու շողոքորթում են մեծահարուստին, պաշտոն ունեցողին, կապ չունի` ինչ ճանապարհով է հասել այդ պաշտոնին:

Վարդանը ուզում էր կիսվել, դատարկել իր ներսում կուտակվածը, բայց ում հետ, չգիտեր:

Գուցե հորեղբայր Արշա՞մը, չէ ախր, Արշամի տասը տարեկան թոռն ընկավ ավտոյի տակ:

Հետո փորձեց հոր ընկերոջը պատմել` հարսանիք էին անում,  հո չէ՞ր հարամելու:

Լավ, կպատմի մորաքույր Վարդուշին՝ տառապանքներից կարծրացած սրտով մի անձնավորության, դարձյալ չստացվեց:

Փորձում էր կիսվել, ստացվում էր այնպես, որ ինքն էր լսում մյուսներին՝ կիսելով նրանց բեռը:

Վարդանը իր ճանապարհին հանդիպում էր միայն դժբախտ մարդկանց, որոնց տեսնելիս մոռանում էր իր ցավը:

Մենք բոլորս ենք այդպիսին, մտածում ենք մեր ցավը անտանելի է,  բայց տեսնելով էլ ավելի բարդ դեպք, հասկանում ենք, որ մեր ցավը  այդքան էլ անտանելի չէ:

Անտանելին միգուցե մեզ շրջապատող աշխարհն է, կամ գուցե խնդիրը մեր գիտակցության ու մեր աշխարհայացքի մեջ  է:

Վարդանը ուզում էր իր ցավը կիսել. վերջում այն թաղեց գինու մեջ՝ ուրիշների խնդիրների հետ միասին: Արդյո՞ք սա էր լավագույն տարբերակը Վարդանի համար, որը կարծես ազդարարում է մի նոր պատմության սկիզբ: