susanna harutyunyan girq erkrord kiraki

Երկրորդ կիրակին ներառյալ

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:inesa zohrabyan

Կարծեմ մարտն էր, երբ մենք դասարանում նստած էինք, ու հայտարարեցին.

-Այսօր գրող Սուսաննա Հարությունյանն է գալու դպրոց:

Մենք միշտ ինչ-որ փոփոխություններ ենք ուզում, ահա, մշակութային գործիչները այցելում են դպրոցներ, և մենք սոված ու հոգնած գնացինք ստեղծագործարան նրան ու նրա գործունեությանը ծանոթանալու համար: Ես հարց տվեցի, թե ի՞նչն է ոգեշնչում իրեն, իսկ նա պատասխանեց, որ ոգեշնչման աղբյուրները հաճախ փոխվում են, ու կոնկրետ մի բան չի կարող նշել:

Ու սրանից որոշ ժամանակ անց 17.am-ի հայտարարությունը տեսա, շտապեցի ձեռք բերել  գիրքը ու սկսեցի կարդալ:

Իրականում պատմվածքների մասին իր այցելության ընթացքում խոսել էր, ու ամեն կարդալուց ես նորից հիշում էի իր մեկնաբանությունները դրանց առթիվ:

Իմ սիրելի ֆիլմերից մեկում հայրը աղջկան հարցնում է, թե ինչ հասկացավ այն գրքից, որը կարդում էր այդ պահին: Աղջիկը ի պատասխան սկսում է պատմել սյուժեն, և հայրը նորից է հարցը կրկնում, որպեսզի աղջիկը իր տպավորությունների մասին պատմի, ոչ թե սյուժեի:

Այս նույն ձևով ես եմ ուզում առաջնորդվել:

Նախ, պատմվածքներ կային, որոնք հատկապես շատ եմ հավանել: Ես ամեն գիրք կարդալուց յուրաքանչյուր նախադասություն պատկերացնում եմ` իր տեղանքով, ժամանակով` ըստ գրքի նկարագրության, և հաճախ գուշակում էի պատմվածքի ավարտը… Բայց արի ու տես, որ այդպես չէր ավարտվում, հաճախ զավեշտալի ավարտ էր ունենում, ու ավերվում էին իմ դրամատիկ կամ ողբերգական պատկերացումները դրա ավարտի մասին:

Իսկ ես հավանեցի ամենաշատը «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքը: Մի քիչ ուշ էր, հասկացա, որ պատմվածքն ու գիրքը նույն անվանումն ունեն, զուգադիպություն է, որ հենց դա եմ շատ հավանել:

Ես հավանեցի հատկապես սա, որովհետև իր մեջ կար այն, որը հաճախ ես էլ եմ զգում` վերադարձի սպասում: Ու ես, սիրելի ընթերցող, չեմ պատրաստվում պատմել քեզ սյուժեն. ինչը, ոնց, ինքդ սկսիր կարդալ ու ասա, թե որը հավանեցիր ամենաշատը և ինչու՞:

Իրականում առաջին անգամն է, որ որևէ գրքի մասին փորձում եմ հոդված գրել: Ուզում եմ ասել, որ սկզբից դժվար էի կարդում, որովհետև փոքր չափերի գրքեր չեմ կարողանում կարդալ. աչքերս ու ձեռքերս կամակորություն են անում, բայց հետո, փաստորեն, ստացվեց, եթե հիմա կարդում ես սա: Եվ իրականում գիրքը իրականության գեղեցիկ, եզակի կողմերն էր ներկայացնում, իրադարձություններ, որոնք շատերի համար մանրուք են երևի, իսկ հեղինակը դրանց մի այլ համ ու հոտ է տվել: Շարքից անսպասելիները հատկապես շատ սիրեցի, որովհետև իմ վառ պատկերացումները քարուքանդ էին լինում այնպիսի վերջաբանով, որ նույնիսկ չէի պատկերացնի: Ես հասկացա, որ պետք է կարդանք  21-րդ դարի հայ արձակը, ու գնահատենք միշտ: Եվ ինձ համար հոյակապ մի հատված.

«Արևն ընդամենը երկնաքար է, եթե, իհարկե, արև չլիներ և բոց չլիներ: Սիրտն ի՞նչ է` մսակտոր, եթե սիրտ չլիներ և իմը չլիներ: Այսպես դաղում էին արևն` աշխարհը, սիրտս` ինձ, ու ես ամեն  ինչ քաղաքում թողած գնում էի: Գնում էի այն հույսով, որով բեդվինները  կտրում են անապատը, նավերը դուրս են գալիս նավահանգստից, աստվածները գալիս են հող, կամ մարդիկ սլանում են երկինք, հույսով, որ այնտեղ իրենց բաժին ինչ -որ բան կա»: