susanna harutyunyan girq erkrord kiraki

«Երկրորդ կիրակին ներառյալ»

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին: marine israyelyan

Գրողը մի յուրօրինակ նկարիչ է, որի վրձինը բառերն են, իսկ ներկապնակը կյանքն է՝ շաղախված նկարչի մարդկային արժեքներով:

«Երկրորդ կիրակին ներառյալ». առաջին հայացքից ոչինչ չասող այս վերնագրի ներքո մի իսկական պատկերասրահ է, որտեղ նկարներից անուղղակի հայացքով մեզ ենք նայում հենց մենք:

Սուսաննա Հարությունյանի պատմվածքների այս ժողովածուն ինձ համար հետաքրքիր բացահայտում էր: Գրականագիտական տեսանկյունից երբեմն շատ դժվար է լինում տարրորոշել պատմվածքի ու նովելի սահմանը. երկուսն էլ արձակ շարադրանքով գեղարվեստական ստեղծագործություններ են, սակայն նովելն առանձնանում է իր սեղմությամբ և սյուժեի անսպասելի հանգուցալուծմամբ: Ս. Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» ժողովածուի գործերն ավելի շատ նովել կոչվելու հավակնություն ունեն, որովհետև մի քանի էջի սահմաններում հեղինակը կարողացել է ստեղծել գաղափարապես ամբողջական, հետաքրքիր ընթացքով ու անսպասելի վերջաբանով գործեր, ներկայացնել մեծ աշխարհի փոքրիկ մարդկանց: Ավելի հեշտ է գրել հերոսների մասին, որոնց վերագրում ենք իդեալական հատկանիշներ, իսկ ինչպե՞ս ներկայացնել մեր կողքին ապրող մարդկանց, որոնց հաճախ ուշադրություն իսկ չենք դարձնում, լուսավորել նրանց հոգին, ձգտումներն ու երազանքները, և այդ անել ոսկերչական այնպիսի մանրամասնությամբ, որ այդ մարդիկ վերածվեն կերպարի ու սիրելի դառնան ընթերցողին, որ նրանց մեջ, նրանց ապրումներում գտնենք ինքներս մեզ:

Հետաքրքիր է «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքի գաղափարական հիմքը, որն է՝ վերադարձ: Մենք բոլորս էլ ապրում ենք վերադարձի հույսով՝ վերադարձ մանկություն, վերադարձ այնտեղ, որտեղ երջանիկ ենք եղել, նաև տառապել ենք, հավերժ վերադարձ այնտեղ, որտեղ մեր կյանքից ու մեզնից պատառիկներ ենք թողել: Այդպես և պատմվածքի հերոսը՝ Արգոն, քաղաքի ինչ-որ մոռացված շենքի ավելի՛ քան մոռացված գետնահարկում օրերը սպառելով՝ կյանքը գունավորում է իր հարազատ օջախի բարգավաճման համար անդուլ պայքարով: Արգոն միշտ վերադառնում է` ժամանակ առ ժամանակ ուղղակի փախչելով քաղաքի աղմուկից ու մարդկային խեղված հարաբերություններից, վերադառնում է իր տուն, ուր արյուն-քրտինքով կառուցելով՝ վերագտնում է իր հոգեկան ներդաշնակությունը. «Հայերը չունեն քավարան, նրանց քավարանը համատեղվում է կյանքի հետ»:

Պատմվածքներում հաճախ է հանդիպում, երբ ողջ ընթացքում կարմիր թելի պես ձգվում է գաղտնիքը, առեղծվածը. «Արևելյան պատի տակ» վերնագրով պատմվածքի մեջ այդպես էլ հեղինակը չի պարզաբանում, թե ինչն է քահանայի մեղքը, որն այդքան զայրացրել է Շուշանին: Ինչպիսի հակադրություն` քահանա և մեղք, բարոյականության երեսին նետված ինչպիսի հեգնանք, բայց վարագույրի ետևում կյանքի իսկական դեմքն է՝ երբեմն նույնիսկ անճոռնի ու մերկապարանոց: Այդ դեմքին առերեսվելուց է գեղջկական մաքուր հոգով Շուշանը քահանայից խելագարի նման հետ պահանջում իր մեղքերը:

«Ժառանգություն» պատմվածքում այդպես էլ չի բացվում Շուշիկի խորհրդավոր արկղիկը, սնունդ տալով ընթերցողի երևակայությանը: Ոչ ոքի չի հաջողվում բացել հին կողպեքը, իսկ ներսում… ներսում գուցե Շուշիկի… երազանքներն են…

«Մեկ այլ արևի տակ» պատմվածքի մեջ հիանալի կերպով են ներկայացված մեր կպչուն մտքերի տհաճ հետևանքները, որոնք խանգարում են մեզ ապրել: Սենյակում մկներ իհարկե չկային, մկները հերոսուհու մտքերում էին ու անգթորեն կրծում էին ամեն ինչ՝ նրա թանկարժեք կոշիկները, պայուսակը, իրեն… Մկների նման մտքեր, որ վազվզում են մեր գլխում, որ խանգարում են մեզ ուղղակի ապրել:

«Փետրահան երազանքում» հայրն այդպես էլ չտեսավ իր փայփայած երազանքի իրականացումը՝ որդու պսակադրությունը, որի համար դեռ տարիներ առաջ կոստյում էր գնել, ու վերջում նրա երազանքը ցեցի բաժին դարձավ. «Քոռանամ, ահա թե ինչպես է վարվում կյանքը մեր երազանքի հետ»:

Պատմվածքներում անդրադարձեր կան կյանքի ու մահվան, տառապանքների ու մեր բաժին խաչը կրելու թեմաներին: «Երթևեկություն» պատմվածքում ասվում է՝ մահն էլ են վաստակում, հո հանաք չի: Սա ժողովրդական այն ասացվածքի արձագանքն է, թե սիրուն մեռնելն էլ մի հունար է: Իսկ «Խեր, շառ, աստված» պատմվածքը սովորեցնում է, որ «ցավն ու ուրախությունը չի կարելի միայնակ տանել, այն պետք է բաժանել մարդկանց, որ քեզ քիչ մնա, որ տանելը հեշտ լինի»: Այո՛, ո՛չ միայն ցավը, ուրախությունը ևս բաժանել, և այնքա՜ն մարդիկ երջանիկ կդառնան: Մարդը բնականից բարի է ու երջանիկ լինելու հակում ունի, ուղղակի պետք է արթնացնել հաճախակի քնող այդ բարությանը, միմյանց երջանկությամբ վարակել:

Փոքրիկ դիտարկում անելով կցանկանայի նշել, որ ժողովածուի մեջ որոշակի խնդրիր կա կապված վերնագրերի ընտրության հետ: Վերնագրերը առանձին վերցրած բավական տպավորիչ լինելով հանդերձ՝ այնքան էլ չեն կապվում պատմվածքների բովանդակությանը, և ընթերցումն ավարտելուց հետո հաճախ դժվար է լինում հիշել պատմվածքի վերնագիրը, մինչդեռ ստեղծագործության մեջ կարևոր և առանձնակի ուշադրություն պահանջող հատվածներից մեկը հենց վերնագիրն է:

«Երկրորդ կիրակին ներառյալ» ժողովածուն իր համարժեք գնահատականն է ստացել՝ 2015թ.-ին արժանանալով ՀՀ նախագահի մրցանակին: Պետք է փաստել, որ Ս. Հարությունյանը իր նպաստն է բերում մեր գրականության զարգացմանը՝ իր բազմերանգ գրչով նոր գույներ հաղորդելով նորագույն հայ արձակին:

Հեղինակին մաղթելով հաջողություններ, հուսանք, որ մեր գրադարակները դեռ կհամալրվեն նրա նորանոր բովանդակալից ժողովածուներով: