Երկրորդ մահը

Լուսանկարը՝ Մեգի Հակոբջանյանի

Լուսանկարը՝ Մեգի Հակոբջանյանի

-Անունս Նովիկով Ալեքսեյ Նիկոլաևիչ է․․․ Իմ քույրը մահացավ 34 տարեկանում, իսկ նրա ամուսինը՝ 38 տարեկանում,- ասաց ծեր, երկար, ալեհեր մորուքով, երկնագույն հանգած աչքերով մի պապիկ,- ահա նրանց գերեզմանները։

Այս ասելով՝ նա մեզ ցույց տվեց կապույտ փոստարկղի նմանվող ցուցանակը, որի մեջ գրված էին նրանց անունները։
-Իսկ 30 տարի առաջ մահացան ծնողներս․ սրանք էլ նրանց գերեզմաններն են։ Բայց ինձ համար ամենացավալին այն է, որ այստեղ է գտնվում իմ որդու՝ Անդրեյի գերեզմանը։

Նա մի պահ լռեց՝ նայելով որդու գերեզմանին։ Հետո խորը հառաչեց՝ աչքը չկտրելով որդու գերեզմանից, և շարունակեց․

-Մոլոկանները մի սովորույթ ունեն, երբ մեկը մահանում է, նրա շիրիմին քար դնելու փոխարեն տնկում են մի քանի ծառ, քանի որ քարն անշունչ է, նրա մեջ կյանք չկա, իսկ ծառը կենդանի հիշատակ է։ Երբ մայրս և հայրս մահացան, ես և կինս նրանց շիրիմին տնկեցինք կեչիներ։ Անցան տարիներ, և դրանք դարձան հսկայական ծառեր, երբ կռվի դաշտում մահացավ որդիս․․․- նա կրկին մի րոպե կանգ առավ՝ կարծես զսպելու համար արցունքները,- մենք խոտը հնձեցինք, մաքրեցինք և համարյա ամեն օր կնոջս հետ գալիս էինք այստեղ։ Գալիս էինք ու խոսում մեր Անդրեյկայի հետ, կարծես թե նա․․․ Նա մեր կողքին է,- Ալեքսեյ պապիկը, հասկանալով, որ էլ չի կարողանում իր խոսքը շարունակել, կրկին մի քանի րոպե տիրած լռությունից հետո ասաց,- այս տեղը շատ էին գեղեցկացնում մեր տնկած կեչիները , որոնցից շատերը երեսուն տարեկան էին, նրանք կենդանություն էին պարգևում ամայությանը։
Անցյալ հինգշաբթի եկան էլեկտրացանցից մարդիկ և սկսեցին էլեկտրական լարեր քաշել դեպի մյուս գյուղը՝ գերեզմանոցի վրայով։
Բարձր ծառերը խանգարում էին էլեկտրաէներգիայի համար նախատեսված լարերին և․․․
Չորեքշաբթի օրը ես եկա գերեզմանոց և տեսա, որ իմ տնկած ու երեսուն տարի պահպանած ծառերն անխնա կտրած էին ու դեն գցած։
Ծերուկը կրկին լռեց, այս անգամ թվաց, որ նա էլ չի խոսի, բայց մի քանի րոպե հետո դողալով կամաց, բայց լսելի ձայնով ասաց․
-Կանգնել են որդուս շիրիմի վրա և երկրորդ անգամ սպանել նրան։
Ալեքսեյ պապը գերեզման էր փորում, այս անգամ, կեչիները թաղելու համար․․․

Մեգի Հակոբջանյան, 12 տարեկան, 2006 թ.