milena sedrakyan

Երկրորդ մայր

Հենց այս պահին դու շատ սխալ ես մտածում, հոդվածս ուսուցիչների մասին չէ, այլ հենց իմ: Չէ, ես ամենևին չեմ որոշել ուսուցչուհի դառնալ, արի՝ ես պատմեմ, դու որոշիր մասնագիտությունս:

Եվան՝ փոքր քույրիկս, միայն կենսաբանորեն է մայրիկիս աղջիկը, Եվային մեծացրել ու շարունակում եմ մեծացնել ես: Չէ, ես մայրիկիցս չեմ բողոքում, նա հիանալի մայր է, միայն թե իր աշխատողների համար: Դե, նա մեզ համար է աշխատում, ու ես նրան շատ եմ սիրում:

Հիշում եմ, երբ իմացա, որ երկրորդ քույրիկն եմ ունենալու, լաց եղա, իսկ հիմա ուրախությունից եմ լաց լինում, որ տան դատարկությունը լցնում է իր ժպիտով և իր հումորներով, որոնք ամենևին էլ ծիծաղելի չեն:

Առավոտյան արթնանալուն պես բղավում է.

-Մա՛մ,- բայց ձայն չկա:

-Մինենա՛,- ու ես վազում եմ իր մոտ:

Տուն-տունիկից սկսած մինչև շունիկ-շունիկ խաղում եմ հետը: Ու հետո էլ հարցնում են՝ ո՞նց է Եվան քեզ այսքան շատ սիրում: Մեկ-մեկ շփոթվում ու ինձ է ասում «մամ»:

Մի քանի օր առաջ ջերմությունը կտրուկ բարձրացավ, կարծես թե աշխարհը շուռ էր եկել: Ոչ մի դեղ չէր օգնում, հիշեցի՝ ինչ էր ասել հայրիկս. պիտի արագ սառը ջրով լոգանք ընդուներ: Իսկ ես ստիված էի նրա հետ հավասար սառը «վարդավառ» խաղալ: Ճաշեցինք, և Եվան արդեն լավ էր զգում:

Պապիկս մեր տանն էր, նայում էր մեզ ու ասաց.

-Միլ, տեսնես Եվան քո պարտքի տակից ո՞նց ա դուրս գալու:

Արդեն դուրս է եկել. իմ ուրախությունն է…