Երկրորդ օր: Ավելի շատ տպավորություններ…

Առավոտը հետաքրքրասիրությամբ լցված իջանք նախաճաշի, քանի որ գիտեինք՝ գիշերը մեր սերբ ընկերները շատ ուշ ժամանել էին ու արդեն հյուրանոցում են: Երկար ճանապարհից հոգնած՝ նրանք առավոտյան մեր աշխատանքներին չմիացան, բայց մինչ մեր ծանոթությունը, պատանի թղթակիցներս հասցրինք մեր՝ մոնտաժային աշխատանքի տեխնիկական գիտելիքները հարստացնել գործնական աշխատանքով:

Հետո բոլորս հանդիպեցինք ճաշարանում ճաշի ժամին, ծանոթացանք, ապա անցանք մեր աշխատանքային առօրյային. մեր «Մանանա» կենտրոնի և Մեդիա Կրթության սերբական կենտրոնի մասին տեղեկատվություն տրվեց մասնակիցներիս, ներկայացվեցին աշխատանքներ, որոնք արվել են կենտրոնների կողմից: Հետաքրքիր էր, որ մեր սոցիալական խնդիրները ներկայացնող ֆիլմերից մեկը դիտելուց հետո մեր սերբ ընկերները նշեցին, որ Սերբիայում էլ նման խնդիրներ կան. աղքատություն, գործազրկություն, երիտասարդության պասիվություն: Հենց այստեղ էլ հասկացանք, որ մենք շատ ընդհանուր խնդիրներ, գծեր ու նմանություններ ունենք սերբ ժողովրդի հետ, և որ մեր աշխատանքը, անկասկած, շատ ավելի արդյունավետ և հետաքրքիր է լինելու:
Տղաները շատ էին հավանել մեր ուտելիքը, նրանք ասացին, որ նման է սերբականին, անգամ՝ ավելի համով է: Ափսոսացին, որ Արարատյան դաշտի վրա փռված ամպերն ու մառախուղը թույլ չեն տալիս տեսնել Արարատ լեռը: Հուսանք՝ այս օրերին առիթ կունենանք, որովհետև մենք ինքներս հավերժ կարոտ ենք Արարատին:

Երեկոյան ուրախ երեկույթ կազմակերպեցինք բացօթյա լողավազանի շուրջ. երաժշտություն, պար, մրգեր, քաղցրավենիք և, կարծես, հատուկ պատվիրված քամի: Երեկոն ավարտվեց կիթառի նվագակցությամբ: Ծովինարը երգում էր մեր սիրած երգերը, որին ձայնակցում էինք բոլորս: Մեր թիմն այսօր շատ ավելի համախմբված և աշխույժ է: Արդեն անհամբեր սպասում ենք ֆիլմերի գաղափարների քննարկմանը:

Վարսեր Զաքարյան

Ճամբարի առաջին նկարահանումները

-Արշակ, շրջապատում ինչ հետաքրքիր բան տեսնում ես, նկարիր,- ասաց պարոն Արան՝ ինձ մեկնելով տեսախցիկը:

Ես անցա գործի: Որոշեցի սկզբում նկարել Երաժշտական ակադեմիայի, որի մասին ֆիլմ էինք նկարում, դահլիճը: Հանրապետության որակով երրորդ, ինչպես շատ էր սիրում նշել ակադեմիայում մեզ ուղեկցող կինը, ռոյալից բացի որևէ այլ հետաքրքիր բան դահլիճում չգտնելով՝ որոշեցի դուրս գալ պատշգամբ: Ուշադրությունս անմիջապես գրավեց բնության մեջ առանձնացող եկեղեցին, որն էլ որոշեցի նկարել: Այնուհետև սկսեցի շրջել շենքի ներսում: Աստիճաններով իջնելիս նկատեցի գեղեցիկ ձևավորված ձեռագործ խողովակաձև ջահ: Ակադեմիայի շենքի ներսում նկատեցի նաև գրքեր, ձայնասկավառակներ, հետաքրքիր կավե իրեր, որոնք, ինչպես պատմում էր ակադեմիայի տնօրենը, հայտնաբերվել են շենքի մոտ գտնվող այգուց՝ պեղումների արդյունքում: Նկարելու ընթացքում լսում էինք տնօրենի պատմությունները շենքի կառուցման վերաբերյալ և հետագա ծրագրերի մասին: Սա նախնական ծանոթություն էր Բյուրականում գործող Երաժշտական ակադեմիայի հետ, իսկ հիմնական նկարահանումները դեռ առջևում են. Մի քանի օրից այստեղ անցկացվելու է դասական կիթառի վարպետության դասեր, ահա թե երբ երաժշտական կյանքը կխլացնի ու իրենով կծածկի ամեն բան:

Արշակ Խուդավերդյան

DSC_0881Առավոտս բացվեց այն ժամանակ, երբ սենյակակիցներս` Մանեն և Նելլին պատրաստվում էին գնալ վազելու: Նրանք որոշել են այստեղ էլ հավատարիմ մնալ իրենց ռեժիմին. Վեր կաց ու վազք առավոտյան 6-ին և քնել գիշերը 10-ին: Վեր կացն առայժմ ստացվում է:

Չեմ  ցանկանա մանրամասնել ամբողջ օրվա ընթացքը, բայց կան մի քանի հետաքրքիր իրադարձություններ, որոնք կցանկանայի նշել: Նախքան մեր սերբ ընկերները ճանապարհից կթոթափեին իրենց հոգնածությունը, մենք սովորում էինք ու թարմացնում մեր գիտելիքները նկարահանումների ու մոնտաժի մասին: Հատկապես բացատրում էին այն սխալները, որոնք սովորաբար անում են նկարահանելիս: Մեր ժամանակը արագ ու հագեցած է անցնում, ու չկա այլևս առաջին օրվա կաշկանդվածությունը:

Հռիփսիմե Եղիազարյան

Բացի դասընթացներից, ինձ շատ են դուր գալիս նաև նոր շփումները և ծանոթությունները: Մասնակիցները Հայաստանի տարբեր մարզերից են ու Երևանից, և զրուցելիս շատ նոր բաներ ենք իմանում նաև մարզերի մեր հասակակիցների մասին: Իսկ այսօր արդեն սկսում ենք ծանոթանալ մեր սերբ հասակակիցների հետ: Առաջինը` սերբերեն «բարև» բառն է, իսկ երեկոյան հասցրեցինք սովորել նաև սերբական պար: Մի խոսքով, այս օրերի ընթացքում կհասցնենք «փոխանակվել»  նաև մեր մշակույթներով, ինչը ինձ շատ է ուրախացնում: Առաջին օրն էր, և մեր սերբ հասակակիցները մշակութային շոկ էին ապրում. Առաջին անգամ էին լսում հայերեն խոսք, ուտում հայկական կերակուրներ, անգամ երբ դիտում էին մեր նկարած ֆիլմերը, դիտում լուսանկարները:

Այսօր նաև ծանոթացանք մեր երկու կենտրոնների կատարած աշխատանքներին, ցուցադրեցինք մեր ֆիլմերը: Մեր սերբ ընկերները շատ էին հավանել «Մանանայի»-ի նկարահանած ֆիլմերը:

Նելլի Խաչատրյան