arxiv

Երջանիկ մարդու դիմանկարը

Ես տարբեր տարիքներում տարբեր բաներ էի պատկերացնում խաղաղություն ասելիս: Նորածին երեխայի համար երևի խաղաղությունը մայրիկի կաթն է: Նրանք հանգիստ տեղավորվում են մայրիկի գրկում ու այնքան երջանիկ դեմքով են ուտում: Նրանց համար աշխարհն իրենց մայրն է, որի հետ անց են կացնում իրենց ողջ օրը:

Երեխան՝ մի քիչ մեծանալով, մոռանում է, թե ինչն էր իր համար խաղաղությունը մի քանի տարի առաջ: Ես, օրինակ՝ չորս-հինգ տարեկանում խաղաղություն ասելով պատկերացնում էի խաղալիքներով լիքը մի պարկ, որի միջից խաղալիքներ էին թափվում:

Երբ դարձա յոթ տարեկան և գնացի դպրոց՝ խաղաղություն ասելիս պատկերացնում էի, որ նստած դաս եմ սովորում և ամեն խնդիր հեշտությամբ լուծում եմ ու «հինգեր» ստանում:

Դառնալով յոթերորդ դասարան, ես խաղաղություն ասելիս պատկերացնում էի մի քանի ինձ դուր եկած գիրք, որոնք կարող էի հա կարդալ և չհոգնել:

Երբ դառնամ իններորդ դասարան, խաղաղություն ասելիս երևի կպատկերացնեմ իմ հավանած աղջկան, որի հետ հեռախոսով զրուցում եմ:

Երբ մեծանամ, ամուսնանամ, երեխաներ ունենամ, խաղաղություն ասելիս երևի կպատկերացնեմ, որ նստած թերթ եմ կարդում, կինս էլ կողքիս նստած է, իսկ երեխաներս խաղում են մեր դիմաց:

Երբ դառնամ պապ, ես երևի խաղաղություն ասելիս կպատկերացնեմ, որ ծխամորճը ձեռքիս նստած եմ բազկաթոռին, կողքիս կինս է նստած, իսկ սեղանի շուրջ նստած են տղաներս՝ իրենց ընտանիքներով:

Երբ էլի մեծանամ և դառնամ մի ծե՜ր մարդ, և իմ ամեն երազանք իրականացած լինի, ես կասեմ. «Փա՜ռք Աստծո», և ժպիտը դեմքիս կվայելեմ վերջին շունչս:

 

Մուշեղ Բաղդասարյան, 13տ., 2003թ.