Երևակայության, էմպիրիզմի ու հաց ուտելու մասին

Հա, ասեմ, որ վերջում հաղթեց «սև կողմը»․ սոված մնացի:

Գիշերվա երեք, հեռախոս, Ցոյ ու չքնելու տրամադրություն: Եթե միջին վիճակագրական դեռահաս/պատանի/երիտասարդ ես, այսինքն՝ մարդկության կեսը, ուրեմն հաստատ քնում ես 3-ից հետո, զարթնում «ինչքան ուշ լինի, էնքան թույն» տրամադրությամբ: Ու հեչ հարց չեք տվել` օրինակ` ինչի՞, երբ ուզում եմ քնել, ուղեղս ինչքան ուժ ունի միացնում է երևակայությունը, մի քիչ էմոցիա ու կրեատիվություն խառնում, ու գնաց` ժամերով մտածել, մտածել ամեն ինչի մասին, շատ հաճախ աբսուրդի հասնող բաների մասին:

Միշտ գիշերով ցանկացած բան, երևույթ ու վերջապես` մարդ արարած (շատ վատ ա հնչում, բայց չմոռանանք` գիշերվա 3-ն ա, ուղեղս երևակայելով ա զբաղված) մի այլ կարգի ուրիշ են, խորհրդավոր: Սրա պատճառը ես այսպես եմ բացատրում. գիշերով քեզ տեսանելին/հասանելին շատ քիչ է: Միշտ փորձում ես մտնել մութ սենյակ ու միանգամից լուսավորել, եթե հնարավոր չէ, լարում ես տեսողությունդ… Մեր դեպքում լուսավորողը երևակայությունն է, որը ընկնում է անհասանելիի հետևից, ստեղծում սեփականը, խտացնում գույները: Նույնիսկ իրար վրա շպրտած շորերս են մթության մեջ արվեստի գործ հիշեցնում` մեկ արջ է, մեկ՝ նստած մարդ, բայց չէ, ոնց որ…

Երևակայությունը ստեղծում է մեր ցանկալին, հետո հակառակը՝ պայքարում ենք տհաճի դեմ…

Գիտե՞ք՝ դրա վատ կողմը որն է, եթե այո, բաց ենք թողնում այս պարբերությունը: Եթե շարունակում ես կարդալ, էլ չեմ երկարացնում, ասեմ. ես որոշ չափով դասական էմպիրիզմի (գիտելիքը գալիս է փորձից) «հետևորդ» եմ: Երբ մենք նոր բանի ենք հանդիպում, մեր ուղեղը, երևակայությունը միանգամից դրան արձագանքում են նախկինում ձեռք բերած փորձից ելնելով: Այսինքն ալգորիթմի նման, էլի: Բայց կյանքը ծրագրված չէ, անընդհատ նոր փոփոխականներ են առաջանում, իսկ մեր ուղեղը շարունակում է ենթադրություններ անել նախկինի վրա հիմնվելով: Շատ դեպքերում հենց դա էլ մեզ ստիպում է նորը չսկսել, չփորձել ու սխալ կարծիք կազմել…

Ուղեղս արդեն հոգնեց լուրջ բաների մասին մտածելուց, արդեն անսահմանության ժամանակն է, բայց մինչ դա հաց ուտել, թե չուտելու մասին էպիկ պայքար կա…