Երևանյան պատմություն

«-Համմե՞,- կանգնած գոռում էիր դու ձեր տան դռան բռնակը ձեռքումդ, դուռը՝ կիսափակ։

-Ոչ մի բան, ռադդ քաշի,- ներսից ուրիշ ծիծաղող ձայն բացականչեց, ու դու դուռը փակեցիր ու սկսեցիր իջնել աստիճաններով։

Ես արդեն մի քանի քայլ արել էի, տեսնես՝ դու ինձ մեջքից հիմա նայո՞ւմ ես։ Մտածում ես՝ տեսնես էս ով են նոր հարևանները։ Էն ձայնն էլ քույրդ էր երևի, ջահել աղջկա ձայն էր։ Դեմք ես բայց հա, պատկեր, դուռը կիսաբաց՝ բոլորի համար գոռում ա, թե բա՝ համմե»։

«Էս տունը էլի առնող եղա՞վ։ Վայ քո։ Ինչ էլ խուճուճն ես, վազի, վազի, դեմքդ հետո կտեսնեմ։ Էս էլի դո՞ւ ես, նույն կանգառն ենք գալիս, նույն շենքից։ Ուղիղ դիմացի հարևան։ Տեսնես՝ ո՞նց եղավ, որ էդ տունն առաք։ Ոչխարիկ ես էդ մազերովդ»։

***

-Իմացա՞ք, մեր դիմացի տունն առել են։

-Հա, մամ, ես էլ էսօր տղա եմ տեսել մի հատ խուճուճ դուրս եկող։ Գառան նման էր, արագ էր քայլում։

-Տեսնես՝ ոնց են «հարիֆացրել», էդ տունը ծախել, չնայած՝ էդ կինը մեղք չուներ։

-Բլո՞նդը։

-Հա, էն որ մինչև իրանց էին։ Այ իրանց նախորդներն էին մեղավոր։ Հանցագործություն, էլի։ Տունը բռնեցին կիսեցին, էդ ահավոր բնակարանը սարքեցին, որ ծախեն։ Ո՞վ էր թույլ տվել։ Դա հո էսպես նախատեսված չի։

-Տեսնես զուգարան կարողացե՞լ են քաշեն։

-Դե բա հո առանց զուգարան չի լինի։ Ուղղակի՝ Աստված գիտի, թե ինչ պրոբլեմներով։ Իրենք էդ անելու իրավունք չունեին, արեցին, ու հիմա ամեն առնող մտածում ա մենակ ոնց անի, ում գտնի՝ ծախի։ Կարա՞ս մեղադրես․ չես կարա։ Էդ կինն էլ վատ կին չէր։ Ասում էին՝ մարդը խաղամոլ էր։

-Այ կնիկ, քեզ էդ բամբասանքները որտեղի՞ց, ամբողջ օրը գործի ես։

-Շենքի խանութից։ Բոլոր նորությունները միայն շենքի խանութից։ Հիմա էլ մի կին ա՝ երկու տղաների հետ։ Ձեր տարիքի են ոնց որ, ջահել երեխեք են։ Ծառայած էլ են կարծեմ։

-Հա, մեկն էլ գառի էր նման, երեկ տեսել եմ․․․

***

«Քիչ ա նույն կանգառն ես գալիս, մի հատ էլ հետս նույն տրանսպորտն ես նստում։ Տեսնես ախպերդ է՞լ ա քո նման գառ։ Կոշիկներդ շատ վատն են, է»։

«Համմե-ն ա։ Դու ուր ես գնում էս «մարշրուտնով»։ Կարո՞ղ ա Սլավյանսկի ես սովորում։ Չէ հա։ Ափսոս էս անտերը սաղ ազատ էր։ Տեղ չլիներ նստելու, ես էլ քեզ տեղս զիջեի, աչքդ մտնեի։ Հարևան ենք վերջիվերջո։ Չնայած՝ մաման ուզում ա տունը ծախի։ Չե՞ս կարա կինոների նման մի հատ աղաման վերցնես, գաս, թե բա՝ ես ձեր հարևանն եմ։ Կամ աղ տուր, կամ ուզի, մեկ ա՝ ես մեր աղի տեղը չգիտեմ»։

«Խեղճեր։ Տեսնես արդեն հասկացե՞լ եք, որ ձեզ խաբել ու էս անաստված տունը «նաղդել» են վրներդ։ Դեռ ձեզ ինչե՜ր են սպասվում էդտեղ։ Այսինքն՝ ես ընդհանրապես խաբար չեմ, ինչեր են սպասվում։ Սաղ էդ շենքի տակի խանութն ա»։

***

-Էս խեղճերի տունը նույնիսկ համար չունի, տեսե՞լ եք։

-Համար որտեղից ունենա, եթե գոյություն չունեցող բնակարան ա։ Էստեղ նախատեսված ա երկու բնակարան, բռնել սարքել են երեքը։

-Էսօր իրանց համար ջրի տեսուչ էր եկել, ես էի բացել դուռը։ Ասեց` բա էս բնակարանի համարը որն ա, չգտեի՝ ինչ ասեմ։ Թարս նայեց, ասեց, որ եթե տեսնեմ, ասեմ՝ զանգեն տեսուչին։ Մամ, որ էդ կնկան տեսնես՝ կասես։

-Որտե՞ղ պիտի տեսնեմ։

-Որտեղ տեսնես, ես ի՞նչ իմանամ։ Բա հո ես էն գառանը չե՞մ ասելու։

***

«Ո՞ւր ես է գնում ամեն օր էս ժամին։ Տեսնես՝ դասի, թե գործի։ Ինչ ախմախ ռուսական երգ ես լսում, ոնց որ ժողովրդական լինի։ Համմե՞։ Պատկեր ես էդ «համմե»-ով։ Կարամ ասեմ՝ ինչ հետաքրքիր երգ եք լսում, ես էլ եմ սիրում ռուսական ժողովրդական երգեր։ Կասես՝ ինչ իմացաք, ինչ եմ լսում։ Կասեմ՝ հեռախոսիս մեջ ծրագիր ունեմ, որ ցույց ա տալիս, թե մոտակայքի հեռախոսներով հիմա ինչ երգ ա միացրած, մեկ-մեկ սիրում եմ նայել։ Հիմա նայեցի, հետաքրքրեց, որ դուք նույն բաներն եք լսում, ինչ ես։ Կասես՝ ի՞նչ ծրագիր ա։ Կասեմ՝ ես եմ գրել ճիշտն ասած, ու գցել եմ հեռախոսս։ Կմտածես՝ ծրագրավորող եմ, աղջկերքը ծրագրավորողներին սիրում են։ Էլ չես էլ իմանա, որ էդ անտեր ականջակալներիցդ երգը նենց ա գոռում, որ սաղ «մարշրուտնին» գիտի, թե դու ինչ ես լսում, ուր մնաց՝ ես, որ դեմդ եմ նստած։ Արժեր մի երկու բան հնարել քեզ համար, նույնիսկ, որ ծրագրավորող եմ։ Ինձնից ի՞նչ ծրագրավորող։ Շատ գեշն ես, է։ Չաղո»։

«Դու ո՞ւր ես գնում ամեն օր տեսնես իմ երթուղայինով։ Էստեղ մոտիկ ինչ կարաս աշխատես։ Օպտիկայո՞ւմ։ Չէ հա։ Երևի Սլավյանսկի ես սովորում։ Բայց դեմքիցդ հեչ չէի ասի, որ ռուսերեն ընդհանրապես գիտես։ Եսիմ, շատ սև ես։ Ու գառ»։

***

«Էս աղամանը վայթե վերցնեմ հետս, որ երբ քեզ տեսնեմ էլի «մարշրուտնում», ասեմ՝ ես ձեր հարևանն եմ, աղ կտա՞ք։ Դու ձեր աղի տեղը հաստատ կիմանաս։ Խոսքի` հանես պայուսակիցդ, տաս։ Տրանսպորտի մեջ։ Ես կխնդամ, դու էլ կխնդաս։ Իրար հետ կխնդանք, հարևանություն կանենք։ Կարամ անունս ասեմ՝ ծանոթանանք։ Բայց չեմ ասի։ Մեկ ա՝ դու էլ ես մտքումդ ինձ ինչ-որ մականուն դրել, ոնց որ ես քեզ՝ Համմե։ Չաղո էլ ես, բայց քո մասին մտածելիս քեզ մեկ ա Համմե եմ ասում։ Պատկեր ես քո «համմե»-ով»։

«Առաջին անգամ, որ ինձ տեսար, մեր դռան մոտ գոռում էի քրոջս վրա։ Տեսնես՝ ինչ ես մտածել։ Տեսե՞լ ես ինձ ընդհանրապես։ Երևի, էլի։ Դժվար թե տեսած չլինես։ Երևի մի յոթ տարի իրար հետ կգնանք-կգանք, բայց չենք ճանաչի իրար։ Չեմ զարմանա, որ վաղը դուռը ծեծես, ասես՝ կանգառ եմ գնում, գալի՞ս ես»։

***

«Հեսա գալու եմ դուռը ծեծեմ, ասեմ՝ կանգառ գալի՞ս ես։ Մեկ ա՝ իրար հետ ենք գնում, նույն բանն էլ նստում ենք։ Տեսնես՝ քո ախմախ ռուսական երգերը կանջատե՞ս հետս խոսալու համար։ Լավ է, ինչ խոսալ։ Գեշ ես։ Բայց էսօր հաստատ խոսելու եմ հետդ»։

«Տեսնես, որ մի ութ տարվա հարևան լինենք, կխոսա՞նք իրար հետ։ Չնայած՝ ի՞նչ ութ տարի, էդ տանը ոչ ոք էդքան չի դիմանում։ Դուք էլ մի բան կմտածեք, էնքան թե չմնաք։ Գնացեք, փրկվեք։ Տեսնես՝ ախպերդ է՞լ ա քո պես գառ»։

***

-Տեսա՞ք շենքի մոտի բեռնատարը։

-Ի՞նչ ա որ։

-Էս դիմացիններն են տեղափոխվում։ Երևի իրանք էլ հաջոդ զոհին են գտել։

-Կարող ա վարձով են տալիս։

-Վարձով էլ ոչ ոք չի մնա։ Երևի ցածր գին են դրել, ինչ-որ մեկը խաբվել ա, որոշել ա առնի։ Չես կարա մեղադրես, էդ տանից բոլորն էլ փորձելու են փախչել։ Տեսնենք՝ հաջորդը ով կլինի։ Լավ կին էր, հուսով եմ՝ լավ տուն են գտել։

-Մամ, կյանքում հետը խոսացած չկաս։

-Հա, ի՞նչ անենք, վրայից երևում էր՝ ինքն էլ էր լավը, տղաներն էլ․․․