Juliabrahamyn12

Երևան 2801

Երևան 2801։ Բարձրաձայն կարդացեք՝ երկու հազար ութ հարյուր մեկ։ Ինձ թվում է, որ այսօր ոչ միայն Երևանի, այլ նաև իմ տարեդարձն է ու ես էլ բավականին երիտասարդ տատիկ եմ դառնում։ Թոռներս ու ծոռներս էլ կգան, կհամբուրեն, մի քանի երգ կերգեն ու «Տատ ջան, մեկ տարով էլ ջահելացար» անհամ կատակներ կանեն։

Հիշում եմ, երբ փոքր էի, Երևանի փողոցներով քայլելիս շատ էի սիրում գլուխս վերև բարձրացնել ու անդադար նայել, մինչև մայրս կասեր․

-Ուղիղ կանգնիր, կընկնես։

Հիմա էլ եմ սիրում այդպես անել, որովհետև հիմա էլ եմ փոքր։ Դե, քանի չափահաս չեմ, փոքր եմ։ Ուղղակի հիմա դա անում եմ մենակ, շենքի բակում, ինչ-որ մեկին սպասելիս ու անպայման կողքերս նայելով, որ ուրիշը չասի․

-Աննորմալ է։

Միգուցե աննորմալ եմ, բայց ես սիրում եմ երկինքը։ Երևանի երկինքը։ Որովհետև իմ քաղաքից երկինքն ուրիշ է երևում։ Ավելի տխուր, ավելի կապույտ ու ավելի ըմբոստ։

Ամեն տարի հուզմունքով եմ սպասում Էրեբունի-Երևանին ու ծնողներս միշտ ծաղրում են, ընկերներս «անկապ տոն ա, էլի» ասելով ման են գալիս, բայց ինձ դուր է գալիս անկախ ու հանգիստ կենտրոնական փողոցներով քայլելը, սրճարաններ մտնելու ու մեկ բաժակ տաք սուրճ խմելու համար հերթ կանգնելը, ամբոխի մեջ ընկերներիս կորցնելն ու գտնելուն պես ժպտալը։ Սովորաբար ես ատում եմ հերթերը, ավելի շատ ատում եմ, երբ ինձ հրում են, բայց Երևանի տարեդարձին թույլ եմ տալիս։ Ներշնչում եմ, որ բոլորս ընկերների մի մեծ խումբ ենք ու եկել ենք մեր մյուս ընկերոջ ծննդյան խնջույքին և մեկ բաժակ ավել ենք խմել։

Գիտեք, մեկ-մեկ նախանձում եմ այն ծանոթներիս, ովքեր Երևանից չեն, որովհետև Երևանը նրանց հարազատ քաղաքը չէ։ Միգուցե նրանք ամեն մի կոտրված նստարանն ու թափված աղբը այնքան ծանր չեն տանում, ինչքան ես։ Ինքներդ պատկերացրեք, տասնյոթ տարի մի քաղաքում եմ ապրել, առաջին քայլերս այստեղ են եղել, առաջին ասված բառս լսել են մայրս, հայրս և Երևանի պատերը, նույնիսկ առաջին անգամ հենց Երևանի փողոցներում եմ կիթառը ձեռքիս նվագել ու երգել։

Ասֆալտը իմ կոշիկի համարների հետ է մեծացել, իմ արագ քայլերին համահունչ անհանգստացել է՝ հանկարծ չուշանամ դասաժամից։ Երևանի օդը հետս հավասար լարվել ու մտածել է․

-Ընդունվե՞ց, թե՞ չէ։

Երկու հազար ութ հարյուր մեկ։ Ախր, մեծ հպարտություն կա այս թվականի մեջ։

Երևան ջան, մեկ տարով էլ ջահելացար․․․