hayarpi baghdasaryan

Երևան

Ճիշտն ասած` Երևան ասելիս ո՛չ ծնկներս են ծալվում, ո՛չ էլ շրթունքս է ճաքում: Չգիտեմ` ինչու է այդպես, բայց ես սիրում եմ Երևանը: Իսկ ամենից շատ` Պուշկինի փողոցը: Այնտեղ շենքերը մթոտ են ու համեստ կռացած` երևի քաղաքի մյուս հատվածների աժդահա կառույցների ճնշմանը չդիմանալով: Մի օր, երբ իմ տունն ունենամ, ուզում եմ հենց այդ փողոցում լինի. շատ է հարմար:

Ես սիրում եմ Ազատության հրապարակը, իսկ ավելի կոնկրետ` Օպերայի «հետևը». ոնց որ երկրորդ տուն լինի, սիրում եմ Սպենդարյանի արձանը` Թումանյանինից ավելի, որովհետև առաջինի մոտ քիչ մարդ է լինում, և կեսօրվա արևին տաքոտ ստվեր կա միշտ` իսկը կարդալու համար:
Երևանը սիրում եմ Չարենցի փողոցի` ԵՊՀ-ին մոտ թերթի կրպակի համար, որի վաճառողուհին ամեն առավոտ ժպիտը դեմքին ողջունում ու հարցնում է` էլի «Հրապարա՞կ»: Երևանը սիրում եմ Մարի և Սարգիս Իզմիրլյանների անվան գրադարանի նիհարիկ կատվի, այդ կատվին սիրող ու կերակրող մարդկանց համար:
Երևանը մարդիկ են. ասենք` Գոհարիկը, ում հետ պատրաստ եմ առավոտից իրիկուն ոտատակ անել «Երրորդ մաս»-ն ու նամակ բաժանել, Հայաստանի դրոշով գլխարկով Սասուն պապիկը, մի ոտքով, հենակներով ցուցարարը, բայց ո՛չ նրան հարվածող ոստիկանը: Երևանը Շահենն է, ամեն օր նույն տեղում նստած մրգավաճառ տատիկը, Երևանը Միքայելն է, «Թիթեռը», գետնանցումում հինգ հարյուր դրամով գիրք վաճառողը, Երևանը Սուսաննան է` եկեղեցու վերջին նստարանին նստած:
Այս` համարյա 2800-ամյա քաղաքը սերերի քաղաք է` ամեն քայլափոխիդ, և այդ սերերին հաճախ խեթ-խեթ նայող տատիկների, այս քաղաքը մայթերին թողած համբույրների, դառը սուրճի ու թունդ ծխախոտի քաղաք է: Երևանը Բաղրամյան, Խորենացի փողոցների սերունդների, տասը տարի առաջ գարնանը կտրված կյանքերի քաղաք է, և ես, մեկ է, սիրում եմ այն:
Երևանը` ծանր ճոխություն, անիմաստ շենքեր, բայց Ռադիոտան մոտ ` քաղցր երաժշտություն, բայց Աբովյան փողոցում` ծաղկած ինչ-որ ծառ ու նստարանին` ճերմակած մի զույգ: Հուսահատության գազելներն էլ են Երևան, ինքնասիրությունը գրպաններում պահած, էդ գազելները մի կերպ խցկվող, խցկված` երկիրը երկիր չի ասող մարդիկ էլ են Երևան: Բայց ես է’դ քաղաքը չեմ ուզում, ես է’դ հայրենիքը չեմ ուզում, և գիտեմ, որ մի օր, երբ պետությունը պետություն կլինի, երբ հուսահատության գազելներ, մահվան վերելակներ, մշակութային քանդվող արժեքներ չեն լինի, պետության ու քաղաքացու հանդեպ գործած սեփական մեղքերը քավելու համար վրա-վրա եկեղեցիներ չեն կառուցվի «փորավորների» կողմից, երբ կլինի արժեքների’ հեղափոխություն, այ ա’յդ ժամանակ չեն լինի «երկիրը երկիր չի» ասողներ, ու Երևանը սիրելը կդառնա անհրաժեշտություն: Եվ, ինչքան էլ որ Անին չսիրի այդ բառը, բայց Երևանը պոեզիա է և զիլ արձակ, բայց, ճիշտ եմ ասում, ո՛չ պաթոս: