Astghik Hunanyan vayots dzor

Երևի թե խենթ եմ ես

Սովորական, դպրոցական օր էր՝ ինչքան հիշում եմ մարտի 19-ը, արթնացա զարթուցիչի անբարեհաճ ձայնից, աչքերս մի լավ տրորելուց հետո նայեցի ժամացույցին, հետո պահարանիս, ժամերով մտորելուց հետո հագա առաջինը աչքիս ընկած հագուստն ու շտապեցի խոհանոց՝ նախաճաշելու: Դե, նախաճաշ ասվածը սովորաբար թեյն է՝ հաց ու պանրով, կամ ձվածեղը, որը սովորաբար սիրում եմ ուտել 10 գդալ շաքարով շաղախված: Այս անգամ հերթը թեյինն էր, արագ-արագ թեյեցի այն հույսով, որ եթե արագ խմեմ, քունս շուտ կփախնի ու կկարողանամ սթափ գնալ դպրոց, չնայած առանց թեյի ազդեցության էլ, դպրոց տանող միակ ճանապարհին բնակություն հաստատած հնդիկ ուսանողների ձայները չեն թողնի, որ անսթափ լքեմ այդ փողոցը (տնաշեններն այնքան արագ ու այնքան բարձր են խոսում): Մի կերպ ինձ զսպեցի, որ աչքերս չփակեմ, կապեցի կոշիկներիս շուղակապերը, պայուսակս գցեցի ուսերս ու դուրս եկա տնից: Սակայն հույսերս չարդարացան. թեյը չօգնեց, իսկ ուսանողները, չգիտես ինչու, մոռացել էին ինձ ուշքի բերելու իրենց պարտականության մասին ու քնել: Փողոցը լի էր երեխաների իրար խառնված ամբոխով: «Ահա, հեսա ոնց էլ չլինի կհանդիպեմ ընկերներիցս մեկին, կցրվեմ ու կմոռանամ քնի մասին», մտածեցի ես՝ չորս կողմս զննող հայացք նետելով: Բայց չէ, է՜, ախր տաքուկ-փափուկ մահճակալս ինձ է սպասում, ինչպե՞ս թողնեմ նրան մենակ՝ սենյակիս խառնաշփոթի մեջ, ու գնամ դպրոց՝ անցկացնելու հերթական ձանձրալի օրը: Վե՛րջ, հետ եմ դառնում:

Վերադարձա տուն, հանեցի կոշիկներս, մի կողմ նետեցի պայուսակս ու սլացա դեպի սենյակս, որ մայրս չնկատի, բայց դե ո՞նց չէր նկատի… Զարմացած եկավ հետևիցս, հետո զարմանքին փոխարինեց բարկությունը, բայց տեսնելով, որ մուշ-մուշ քնած եմ, որոշեց չարթնացնել: Դուռը փակեց, որ տատիկի «Իչան» ու «Վիրը» չխանգարեն ինձ ու զգույշ հեռացավ: Երևի 7-րդ երազն էի տեսնում, երբ հեռախոսս ծնգաց: Անակնկալի եկած, կամ ավելի շուտ վեր թռնելով բացեցի աչքերս, քթիս տակ փնթփնթացի, մի կերպ ինձ ստիպելով հավաքեցի հեռախոսիս մի քանի մետրանոց գաղտնաբառը, բնականաբար մի քանի անգամ սխալվելով, դա միշտ ինձ նյարդայնացնում է: Ընկերներիցս մեկն էր գրել: Նրա, ինչպես նաև մյուս ֆեյսբուքյան ընկերներիս հետ ծանոթացել եմ Հարրի Փոթթերի աշխարհի շնորհիվ: Մի խումբ փոթթերհեդներ են, ովքեր արդեն մի տարի է, ընտանիք են կազմում, և ի դեպ, ես նույնպես նրանցից մեկն եմ.

-Էս ի՞նչ ա:

-Ըըը՜, շարադրություն:

-Ինչի՞ համար ես գրել:

-Դասատուս էր հանձնարարել:

-17.am-ի մասին գիտե՞ս:

-Դե լսել եմ:

-Որեմն «Ով եմ ես» թեմայով շարադրություն կգրես ու նկարի հետ կուղարկես:

Տեսել էր ֆեյսբուքյան էջումս տեղադրված շարադրությունը, հավանել ու մտածել, որ ես նույնպես պետք է շարադրություններս ուղարկեմ 17.am-ին:

Սկզբից կարևորություն չտվեցի, դա միայն խոսակցություն էր, որը ուղղակի «հարամ էր արել» քունս, հետո սկսեցի մտածել այդ հարցի վերաբերյալ: Ինչո՞ւ չլցնեմ ձանձրալի օրս կյանքով, արկածներով, չէ՞ որ դա կարող էր հենց այն լինել, ինչին այդքան ժամանակ սպասում էի՝ փոփոխության, ու որոշեցի գրել այդ շարադրությունը:

Ոգևորված, սենյակիս քաոսի միջից գտա թուղթ ու գրիչ ու սկսեցի գրել: Բայց մի րոպե, ո՞վ եմ ես, ի՞նչ գրեմ, գրողը տանի: Երևի այդ հարցն ինձ երբեք չէի տվել, դե անհրաժեշտություն էլ չէր եղել դրա մասին մտածելու ու ընդհանրապես, մինչ վերջերս ես շատ քիչ էի մտածում ու չէի էլ նկատում շուրջս տիրող քաոսին միախառնված բնության բազմաթիվ հրաշքերի գոյությունը, հետևաբար իմ մասին գրելը շատ ավելի խրթին էր, քան ես պատկերացնում էի:

Ես աղջիկ եմ, ով երազում է, հավատում հրաշքների, ամենուր փնտրում է արկածեր, 15 տարեկան մագլ (այդպես են դիմում մարդկանց Հարրի Փոթթերի աշխարհում), ով հույսը չի կտրում ու սպասում է Հոգվարթսի իր նամակին: Ունեմ աչքի չընկնող արտաքին, մեծ, շագանակագույն աչքեր, որոնք ամեն ինչի մեջ մի մեծ դույլ յուրահատկություն են տեսնում: Սիրում եմ նվագել դաշնամուր ու երգել, չնայած երգելուցս «ագռավները հավաքվում են շուրջս»: Ունեմ բազմաթիվ վախեր, բայց և այնպես էքստրիմի սիրահար եմ: Ատում եմ ձմեռը, քանի որ շատ շուտ եմ սառում և չեմ կարողանում նորմալ ձնագնդի խաղալ: Գարունն ատում եմ նրա համար, որ անձրևների պատճառով միշտ կոշիկներս ցեխոտվում են, թեև խենթանում եմ անձրևի համար:

Ամռանը մեր քաղաքում անտանելի շոգ է լինում, կամ նրա համար, որ ծիտիկները ափալ-թափալ կեղտոտում են մարդկանց, իսկ աշնանն արդեն պաղպաղակ չեմ կարող ուտել, և երկարատև հանգստից հետո էլի պետք է դպրոց հաճախեմ: Սպասում եմ իմ 5-րդ եղանակին:

Սիրում եմ ֆանտաստիկ ժանրի ֆիլմերն ու գրքերը: Ըստ ընկերներիս, ես բացի լավ շարադրություններ գրելուց, ոչինչ չեմ կարողանում անել: Չնայած մյուս կողմից էլ ասում են, որ եթե հաղթահարեմ ծուլությունս, ամեն ինչի էլ կհասնեմ: Հա՜, մոռացա մի բան ասել. խենթանում եմ բենզինի, նոր գրքերի ու ներկի բուրմունքի համար: Դե լավ, արդեն ինչ-որ երկար խոսեցի: Ես ուղղակի խենթ եմ, ով փնտրում է արկածներ այնտեղ, որտեղ ըստ մարդկության՝ դրանք լինել չեն կարող: