anna sargsyan malishka

Երևի նման ենք իրար, դրանից է

Երեկ նստած էի, երևի այս ամիս առաջին անգամ փորձում էի հանրահաշվի տնային կատարել, ու ի՞նչ… Գագիկ Սուրենյանը հայտարարեց, որ Հայաստանի ողջ տարածքում ձյուն է սպասվում: Ըմ, լավ: Այդ նորությունն ինձ համար բոթ էր, որովհետև ես չեմ սիրում ձյունը: Այո, այո, ես գոյություն ունեմ:

Անխոս, ձյունը շատ գեղեցիկ է: Ես ուղղակի էսթետիկական հաճույք եմ ստանում, երբ նայում եմ արծաթե թիթեռնիկներին՝ պոկված կապույտ հեքիաթներից: Սիրում եմ նկարել այն, բայց հավատացեք, իմ կյանքի առաջին ձնագնդին եղել է անցած տարի ձմռանը, երբ դասընկերներս որոշեցին գնալ խաղալու, իսկ ես գնացի, որպեսզի «վախս» հաղթահարեմ: Դա իմ առաջին և մինչ օրս վերջին ձմեռային ամենազվարճալի խաղն էր:

Շատ եմ մտածել, թե ինչու չեմ սիրում, ուրիշների նման, երբ ձյան փաթիլները, հպվելով դեմքիս, միանգամից անէանում են: Թե ինչու չեմ սիրում քայլել ձյան միջով, ինչպես մյուսները, կամ խաղալ ձյան փաթիլների հետ և այլն: Ինձ հուշել են պատասխանը: Ինձ թվում է, որ ես ու ձյունը նման ենք իրար: Կամ ես ու ձմեռը, ես ձմեռն էլ չեմ սիրում նույնքան, ինչքան ձյան հետ խաղալը: Լսել եք, չէ՞, որ ասում են՝ եթե մարդիկ բնավորությամբ իրար նման են լինում, ապա միասին չեն կարող գոյատևել անգամ:

Ես էլ եմ ձմռան պես սառն ու գունատ: Բայց ընկերներիցս քչերը, ովքեր ինձ լավ են ճանաչում, ասում են, որ իմ մեջ ավելի շատ գույն կա, ավելի շատ եմ երջանկացնում մարդկանց, քան մյուսները: Ձմեռն էլ է, չէ՞ էդպիսին: Նա էլ առաջին հայացքից շատ հանգիստ ու գունատ է, սառն է: Բայց երբ սկսում ես շփման մեջ մտնել նրա հետ, շատ ես երջանկանում: Կթվա, թե ինձ եմ գովում: Լավ, թող թվա: Միևնույնն է՝ ես, ձյունն ու ձմեռն իրար նման ենք, դրա համար իրար տանել չենք կարողանում: Իրար հետ չենք կարողանում ապրել:

Նա ինձ համար անկոչ հյուր է, ես նրան ուրիշների պես չեմ ընդունում իմ դեմքի կամ մատների վրա: Բայց, դե ձմռանը ձյունն անխուսափելի է: Դրա համար ձմեռն էլ է ինձ համար նույն հարթակի վրա, ինչ ձյունը:

Չնայած ասում են՝ շատ մի ատիր, սիրել կա: Հնարավոր է, ես էլ ձմռան հետ ընկերանամ, ու այն դառնա իմ եղանակը: