Զալցբուրգ. MEDIA MOVING FORWARD. օր 3

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Օրվա վերջում, հոգնած ու ահագին քայլած, դժվար է հիշել, թե երբ և ինչպես էր սկսվել այս երկար օրը։ Այստեղ օրվա ընթացքում ահագին բան ենք հասցնում անել և հետ չենք մնում մեր ծրագրից։ Օրը, ինչպես միշտ, սկսվում է ժամը 10-ին՝ որքշոփով կամ զեկույցով։ Այսօր ծրագրավորողների խումբը, որը աշխատելու է մեզ հետ, ներկայացնում էր իրենց գաղափարները, արդեն ստեղծած հավելվածները։ Քանի որ մեր ծրագիրը հենց մեդիային, նոր տեխնոլոգիաներին է վերաբերում, ծրագրավորողների՝ App Camper-ների 5-րոպեանոց զեկույցները բավականին հետաքրքիր էին բոլորի համար։ Երևի հենց դրանցից էլ մի քիչ պատմեմ։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Մանուել Կրաուսը մտածել է հետաքրքիր հավելված՝ մեսենջերի տեսքով։ Մեր ժամանակներում մարդիկ շատ զբաղված են, ինչը հանգեցնում է անդադար սթրեսի, նյարդային լարվածության, դեպրեսիայի, իսկ հոգեբանների ծառայությունները բավականին թանկ արժեն։ Հենց այս փաստն էլ դրդել է Մանուելին ստեղծելու Pocket Coach-ը՝ հավելված, որտեղ դու չաթ ես անում քո, այսպես ասած, գրպանի հոգեբանի հետ։ Ռոբոտը խորհուրդներ է տալիս սթրեսի, լարվածության դեմ պայքարելու համար, կան կոնկրետ վարժություններ, որոնք առաջարկվում են։

Ատամների հետ կապված պրոբլեմներ ունենում են գրեթե բոլորը, սակայն հաճախ ստոմատոլոգի ծառայությունները նույնպես թանկ արժեն։ Դրան զուգահեռ, ատամնաբույժ ուսանողները ստիպված են ունենալ փորձ․ համալսարանը պահանջում է աշխատել իրական հիվանդների հետ, բայց չի հոգում ուսանողի՝ հիվանդ գտնելու կամ որևէ կլինիկայում աշխատելու հարցը։ Հենց այս դեպքի համար էլ Մարիոն ստեղծել է հավելված ստոմատոլոգ ուսանողների և հիվանդների համար։ Այստեղ նրանք ընտրում են քաղաքը, պրոբլեմը և կապ են հաստատում իրար հետ։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Յակոբի Ready to go հավելվածը ստեղծված է վազորդների համար։ Գուգլի քարտեզները, իհարկե, շատ լավ են մտածված, սակայն դրանք ցույց չեն տալիս վազելու համար ամենալավ ուղիները, օրինակ՝ անտառի արահետները։ Այս հավելվածի միջոցով կարելի է իմանալ բոլոր ամենահարմար վազուղիների մասին, ինչպես նաև կապ հաստատել այդ վազորդների հետ, խորհրդակցել միմյանց հետ, ինչպես նաև քաջալերել այն մարդկանց, ովքեր նոր են ուզում սկսել վազել և մոտիվացիայի կարիք ունեն։

Մարկուսի Kubo հավելվածը ձեզ շատ դուր կգա։ Այս հավելվածում կան մի քանի ռեստորաններ, փաբեր (այն շարունակելու է զարգանալ և համալրվել նոր ցանկով), որտեղ յուրաքանչյուր պատվիրած ուտելիքի համար ստանում ես միավորներ։ Մենյուի մեջ այստեղ կարող եք գտնել նաև ամեն ինչի արժեքը միավորների տեսքով։ Բավարար միավորներ ունենալու դեպքում դուք կարող եք միավորներով, այսինքն՝ ձրի գնել ձեր ցանկացած ուտելիքը։ Սա նաև լավ մարքեթինգային քայլ է ռեստորանների, սրճարանների համար, որոնք հենց իրենք են շահագրգռված հայտնվելու այս հավելվածում։

Մաթեմատիկան հաճախ դպրոցականների կողմից ամենաչսիրված առարկան է, և հիմնականում այն պատճառով, որ երեխաները չեն հասկանում սովորական բանաձևերը՝ թե ինչը որտեղից և ինչպես ստացվեց։ Հենց սա էլ Անդրեայի գաղափարի հիմքն էր ստեղծելու այնպիսի հավելված, որը կօգնի աշակերտներին և ուսանողներին հասկանալ մաթեմատիկայի հիմունքները, կբացատրի ամեն ինչ մանրամասնորեն։ You shall pass հավելվածը կլինի բոլոր աշակերտների կողքին՝ մաթեմատիկայից գլուխ հանելու գործում։

Իսկ եթե քո ընկերները չեն լսում նույն երաժշտությունը, ինչ դու, Պատրիկի My favs հավելվածը կօգնի քեզ հանդիպել քո սիրած խմբերի, երաժիշտների մյուս ունկնդիրների ու երկրպագուների հետ։ Հավելվածը ստեղծված է նաև համերգների կազմակերպիչների համար, քանի որ նրանց համար նույնպես կարող է շատ օգտակար ինֆորմացիա լինել այն, թե որ քաղաքում որ խմբերի երկրպագուներն են ավելի շատ։

Ներկայացվեցին նաև հավելվածներ, որոնք օգնում են պահպանել բնությունը, օրինակ՝ տալիս են ամենօրյա առաջադրանքներ՝ դարձնելու մեր շրջապատը ավելի մաքուր և կյանքը՝ ավելի առողջ։

Այս հետաքրքիր գաղափարների և ծրագրավորողների հետ մենք աշխատելու ենք շուտով։ Այսօր բաժանվեցինք խմբերի, և ամեն խումբը հարցազրույց է ունենալու մի ծրագրավորողի հետ։ Հարցազրույցները կանենք վաղը։

Իսկ օրվա երկրորդ որքշոփն անցավ քննարկման տեսքով։ Ամիր Զոնիչի հետ քննարկեցինք մեդիան առաջ և այսօր, վերլուծեցինք նոր տեխնոլոգիաների, և հատկապես՝ բջջային հեռախոսների մեծ դերը այսօրվա մեդիա ոլորտում։

Այսպիսով շարունակվում են մեր հետաքրքիր օրերը հեծանվորդների քաղաք Զալցբուրգում՝ լի նոր տպավորություններով։