Զալցբուրգ. MEDIA MOVING FORWARD. օր 5

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Այսօր հինգշաբթի է, թերթիս օրը: Եթե լինեի Երևանում, առավոտյան կշտապեի կրպակ` այն գնելու, ու պատմվածքիս հետ աչքի պոչով կկարդայի նաև, թե ինչ են հուշում աստղերն իմ մասին զալցբուրգյան այս շաբաթվա համար, կկարդայի ու չէի հավատա:

Մեկ-մեկ թվում է, թե Երևան գալով` չեմ հավատալու նաև, որ եղել եմ այստեղ, որ քայլել եմ անվերջ Զալցախ գետի կողքով, անցել ամենագեղեցիկ կամուրջներով, տեսել Մոցարտի տունը, տեսել մարդկանց, ովքեր երջանիկ են և չգիտեն` ինչու:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Բայց քանի դեռ այստեղ եմ, հավատալը հեշտ է:

Այսօր դասընթացի հերթական օրն է, օր, որ սկսվեց առավոտյան որքշոփով` քարտեզագրության և վիզուալիզացիայի միջոցով ինֆորմացիա տալու և ստանալու թեմայով: Դասընթացավարը դարձյալ Մարտինն էր, ով, ի դեպ, երբեմն մեզնից հայերեն բառեր է հարցնում, փորձում դրանք ճիշտ արտասանել: Առհասարակ, մեզ ու մեր երկիրը այստեղ բոլորն էլ գիտեն, անգամ զարմանում են, երբ հարցնում ենք` ծանո՞թ եք արդյոք Հայաստանին:

Մարտինը մեզ ցույց տվեց քարտեզներ` տարբեր ժամանակների ու տարբեր երկրների, ապա ծանոթացրեց մի ծրագրի, որ կոչվում է Geocitizen: Սրա միջոցով հնարավոր է գտնել վիճակագրական բազմաթիվ տվյալներ:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Հետո մենք սկսեցինք աշխատել մեր հարցազրույցների վրա, որ վերցրել էինք նախորդ օրը ծրագրավորողներից մեկից, գրի առանք դրանք և միացրինք իրար: Մեր թիմում երեքս էինք` ես, Մարիամը և Սառան` Պորտուգալիայից: Այս աշխատանքները պետք է ստուգվեն մոտակա օրերս և հրապարակվեն Youth Press-ի կայքում:

Արդեն երեկոյան մենք գնացինք Hellbrunn կոչվող վայրը` Water game-ի: Սա մի չքնաղ այգի է` հին կառույցներով, որտեղ ամենաանսպասելի անկյուններից շատրվաններ են միանում ու ջրում քեզ, դե, եթե իհարկե, չես հասցնում փախչել, ինչպես մենք էինք անում:

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Իսկ փախչել երբեմն պետք է անգամ ամենահարազատ Երևանից, որովհետև այստեղ` Զալցբուրգում, մեզ են սպասում ամենագունավոր շենքերը, գունավոր մարդիկ և գունավոր մի քանի օր ևս: