Զարմանալի անվտանգություն

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Անցած տարի՝ ծննդյանս օրը, ծնողներս գնեցին իմ կողմից սպասված նվերը: Մենք գնացինք հեծանիվների խանութ, ընտրեցինք հեծանիվը: Հանկարծ նկատեցի, որ մայրիկս ինչ-որ բանի մասին է մտածում: Նա ասաց.
-Անի՛, լավ կլինի, որ քեզ համար սաղավարտ գնենք, էդպես ավելի անվտանգ է:
Ես բնականաբար համաձայնվեցի: Հետո վաճառողը մեզ առաջարկեց նաև գնել ձեռնոցներ, որոնք հեծանիվից ընկնելուց կպաշտպանեն իմ ձեռքերը: Մայրիկս հարցական հայացքով նայեց ինձ: Ես կրկին համաձայնվեցի: Այդ օրը իմ երազանքները լիովին կատարվեցին, և մենք վերադարձանք տուն:
Առավոտյան արթնացա շատ վաղ: Երևի հասկացաք, որ գնացի փորձարկելու իմ «երկաթե ձին»: Վերցրեցի սաղավարտս, ձեռնոցներս և իջա բակ: Մայրիկս դրսում ինձ էր սպասում, մենք պետք է պտտվեինք քաղաքով: Սկսեցինք շարժվել, և ես նկատեցի ինձ համար մի տարօրինակ երևույթ: Բոլորը ապշած ինձ էին նայում: Ես մի անցորդից նույնիսկ լսեցի, թե նա իր ընկերուհուն ինչպես ասաց.
-Էս ի՞նչ ձևականություն ա: Սաղավարտը ինչի՞ ա դրել գլխին: Էս ջահելները լրիվ ընկել են մոդայի գիրկը:
Ես ուղղակի զարմացած էի: Ինչո՞ւ են բոլորը անվտանգությունը համարում ձևականություն:

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Մի քանի օր ևս ականատես եղա մարդկանց զարմացած հայացքներին: Երբ չորս օր հետո դուրս եկա իմ՝ արդեն ավանդույթ դարձած զբոսանքին, արդեն գիտեի, թե ինչ է լինելու. մարդկանց ուշադրությանը պետք է արժանանամ, բայց՝ ի զարմանս ինձ , եղավ իմ կողմից անսպասելին: Մի անծանոթ կին անցնելով իմ կողքով ասաց.
-Ապրե՛ս, բալի՛կ ջան, լավ է, որ հետևում ես քո անվտանգությանը:
Ես ուրախացա: Չէի սպասում, որ կհանդիպեմ մեկին, ով կհասկանա սաղավարտ կրելու իմաստը: Տանը պատմեցի ինձ հետ պատահածը: Մայրիկս ասաց.
-Դա վատ է, որ շատերը չեն գնահատում անվտանգությունը և ծիծաղում են քեզ վրա, բայց կարևորը, որ դու հասկանում ու գիտակցում ես այն:
Մի՛ համարեք անվտանգությունը անտեղի: Այն կարող է փրկել ձեր կյանքը: Չէ որ կյանքը մի բարակ թելից է կախված: Եկեք մեր կյանքը դարձնենք էլ ավելի անվտանգ և պաշտպանված: