arxiv

Զարտուղի ճանապարհ

-Գիտե՞ք, երեկ 8-ի բ-ի Անահիտը մեզ ասաց, որ դպրոցի հետևում` նկուղի մոտ, մի անցք կա, որից կարող ենք մտնել դպրոց,- ոգևորված պատմում էր դասընկերներին ընկերուհիս,- եկեք այսօր դասերից հետո գնանք ու տեսնենք, թե դա ինչ անցք է:

Դասերից հետո ամբողջ դասարանով սկսեցինք փնտրել այդ անցքը:

-Գտա~,- բղավեց դասընկերներիցս մեկը,- հաստատ սա է, ուրիշը չկա:

Բոլորս մոտեցանք անցքին և սկսեցինք նայել: Ոչինչ չէր երևում: Անցքը շատ փոքր էր. պետք էր սկզբից փոքրիկ փոսի մեջ մտնել, հետո պառկած, սողալով ներս մտնել:

Ամբողջ դասարանից միայն հինգ հոգի որոշեցին մտնել` երկու աղջիկ և երեք տղա, այդ թվում նաև ես:

-Չեմ հասկանում, այդքան վախկո՞տ եք, ինչ է,- զայրացած ասացի ես,- ի՞նչ է, ուտելո՞ւ են ձեզ այնտեղ, թե՞ սպանելու: Իսկ մթությունը թող ձեզ չվախեցնի:

Ասածս ճառը ոչ ոքի չոգևորեց: Ինչպես կային, այդպես էլ մնացին:

Մենք մտանք ներս: Սարսափելի մութ էր, իսկ մենք միայն մեկ լապտեր ունեինք, գետինն էլ հարթ չէր, և մենք անընդհատ սայթաքում և քիչ էր մնում` վայր ընկնեինք:

Ճանապարհը դեպի նկուղի դուռը մեզ թվաց շատ երկար, որովհետև քայլում էինք շատ դանդաղ, իրար ձեռք բռնած: Ճանապարհին ոչ մի կենդանու չհանդիպեցինք, սակայն մեր գլուխները խփեցինք ջրի խողովակներին: Հազիվ գտանք նկուղի դուռը, կարմրած ճակատներս բռնած` դուրս եկանք այնտեղից և արդեն դպրոցի ներսից ձեռքով արեցինք մեր ընկերներին:

Հաջորդ օրը դպրոց գնալիս տեսանք, որ անցքը երկաթներով փակել են: Ուրախ էի, որովհետև, երբ հիշեցի մեր անցած ճանապարհը, զարմացա, թե ոնց ոչ մեկիս հետ փորձանք չպատահեց:

Լուսինե Հարությունյան 14 տ. 

Զուր տանջանքներ

-Սուս, եկավ Դավթյանը,- ասացի վերարկուների տակից:

Երեքս` ես, Սարգիսն ու Վահագնը, կուչ եկանք:

-Արա, բա որ բռնի՞,- փսփսաց Վահագնը:

-Որ սուս մնաս, չի բռնի,- ասաց Սարգիսը,- Մանչը լավ է սարքել, բոլորի վերարկուները լցրել է:

Սա մենք վաղուց էինք որոշել, սակայն իրականացրինք այսօր. ամբողջ դասն անցկացրինք վերջին աթոռների վրա պառկած` վերարկուների տակ:

-Մակեդոնացին, գտնելով Դարեհի… Վերջում շշուկ եմ լսում,- ընկեր Դավթյանն ընդհատեց պատմությունը:

Վերջում նստածների ուշադրությունը մեզ վրա էր, անընդհատ թեքվում, մեր կողմ էին նայում ու ծիծաղում:

Անցավ քսան րոպե:

-Կարո, շրջվեք,- վերարկուների տակից զայրացավ Սարգիսը վերջում նստածների վրա:

-Սաքո, սուս, լսվում է,- ասացի ես:

-Բա, հա մեր կողմն են նայում ու ծիծաղում: Դավթյանը գլխի է ընկնելու:

Անցավ ևս քսան րոպե: Մենք այլևս վերարկուների տակ չէինք դիմանում:

-Վախ, ոտքս թմրել է,- մրթմրթաց Վահագնը:

-Ես էլ չեմ դիմանում, ուզում եմ գնալ,- խոսեց Սարգիսը,- զուգարան եմ ուզում:

-Ես էլ,- կարոտով ասաց Վահագնը:

-Զուգարանը գրպանումս չէ: Հինգ րոպե մնաց, էլի, դիմացեք,- բարկացա ես:

Անցավ չորս րոպե: Մենք «խճճվել» էինք իրար:

-Վախ, կամաց, գլուխս,- գոռաց Վահագնը:

-Ներողություն, միամիտ ստացվեց… Ոտքս, Սաքո,- խոսքս նորից «կտրեց» Սարգիսը` ոտքիս վրա նստելով:

Զանգին վայրկյաններ էին մնացել:

-Հիմա զանգը կտա,- ասացի ես ուրախությամբ: Ես էլ ձեզ հետ գործ չեմ բռնի, քառասունհինգ րոպե մենակ փնթփնթացիք:

-Ո՞վ, մե՞նք: Էնքան խոսեցիր` զզվացրեցիր, հիմա մե՞զ ես ասում,- ասաց Սարգիսը և հարձակվեց վրաս:

-Ճիշտ է ասում,- միացավ Վահագնը:

Մի քանի վայրկյան հետո մենք երրորդ նստարանի մոտ էինք` Դավթյանի ոտքերի տակ:

-Վաղն առանց ծնողի իմ դասին չեմ թողնելու,- հանգիստ, իրեն յուրահատուկ տոնով ասաց Դավթյանը և դուրս եկավ դասարանից:

Իզուր էլ այդքան չարչարվեցինք:

Հրանտ Պետրոսյան 13 տ.
2006 թ.